Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ԾՐԱԳՐԻՑ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

Մարտ 23,2010 00:00 Share

ՀՅԴ պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը երեկ «Արցախ» ակումբում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագրին՝ ասաց. «Շատ լավ բան է, երբ ծրագրային առաջարկ է ներկայացվում. դա պետք է խրախուսվի՝ անկախ նրանից, որ ես չեմ կիսում այն մոտեցումները, որոնք ներկայացվում են՝ սկսած նրանից, որ նման ծրագիրը պետք է առնվազն մեկ սերնդի կյանքի մոտեցումները ներկայացնի, այլ կերպ ասած՝ այն պետք է իր մեջ գոնե 20 տարվա կանխատեսումներ կամ ակնկալիքներ ունենա»: Նաեւ հավելեց. «Այդ ծրագրի առանձին մոտեցումներից սոցիալիզմի հոտ է գալիս, եւ մի քիչ ինձ համար զարմանալի է, որ ուլտրալիբերալ ուժն է նման մոտեցումներով հանդես գալիս»: Ըստ պրն Մինասյանի՝ լուրջ չէ այն բացատրությունը, թե դա հետեւանք է նրա, որ ՀԱԿ-ում կան նաեւ սոցիալիստական ուժեր, որոնց տեսակետներն էլ պետք է համադրվեին ծրագրում. «Չե՛մ կիսում այս տեսակետը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, թե ՀԱԿ-ում սոցիալիստական անվան տակ գործող ուժերը, ըստ էության, ոչ մի կշիռ չունեն: Եվ նրանց կողմից պահանջը ոչ մի էական դերակատարություն չունի»: «100 քայլին» ՀՅԴ պատգամավորի մեկ այլ գնահատականն էր. «Այս ծրագիրն իր մեջ նաեւ էական պոպուլիզմի տարրեր է պարունակում, որոնք ես չեմ քննադատում, բայց որոնք կարիք ունեն ճշգրտման ու հստակեցման»: «Առավոտի» կեսկատակ դիտարկմանը, թե որպես սոցիալիստական ուժի ներկայացուցիչ՝ իրեն պետք է որ հաճելի լիներ ՀԱԿ-ի ծրագրի այդ հոտը՝ Արծվիկ Մինասյանն արձագանքեց ճշտմամբ, թե ՀԱԿ-ի ծրագրից ավելի շատ համայնավարական հոտ է գալիս:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ-ի առաջարկի մասին էլ նա ասաց. «Քիչ հավանական եմ համարում, բայց դա չի նշանակում, որ բացառում եմ: Բայց բոլորը, այդ թվում՝ այսօրվա իշխանության ու նաեւ առանձին դեպքերում էլ՝ մեր ընդդիմախոսները պետք է գիտակցեն, որ ո՛չ արտահերթ ընտրությունները, ո՛չ իշխանափոխությունը չպիտի ինքնանպատակ լինեն»: Եվ հարցրեց. «Եթե 2008-ին, ինչպես ընդդիմախոսներն ասում են, կեղծվել են ընտրություններն այս ընտրական համակարգի պայմաններում, ի՞նչն է երաշխավորում, որ արտահերթ ընտրություններում նույն բանը չի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել