Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա էլ պլյուս նշանի տակ»

Մարտ 25,2010 00:00

Ըստ մտավորականների՝ թուրքերին այսօր այսպես են ներկայացնում

\"\"

Երեկ «Հայելի» ակումբում բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն ու գրող Հովհաննես Երանյանն իրենց մտահոգությունները հայտնեցին Թուրքիայի կողմից հայկական մշակույթի յուրացման թեմայով:
Ըստ Հ. Մովսեսի, թուրքական մշակույթ արտահայտությունը որպես մորֆոլոգիական, մշակութաբանական երեւույթ, եվրոպական պատմության մեջ հիշատակում չունի: «Թուրքական մշակույթ հորջորջմանը, որն այսօր առանձնապես հայկական մամուլում շատ է հիշատակվում, նույնիսկ գերմանական աղբյուրներում չես հանդիպի: 1915-1920-ական թվականների թուրքական պետության ոչ մի իրադարձություն իրենց մշակույթի մեջ չենք տեսնի»,- ասաց Հ. Մովսեսը: Հ. Երանյանի բնութագրմամբ, քանի որ թուրքերը գիտեն իրենց բնիկ չլինելու մասին, այդտեղից սկսվում է նրանց՝ չեղած տեղից պատմություն կերտելու մոլուցքը. «Նրանք զբաղեցնում են քաղաքակրթական մեծագույն արժեք ներկայացնող մի տարածք եւ այդտեղ իրենց գոյությունը արդարացնելու համար սկսել են տեղի մշակույթը սեփականել: Հայկական ամեն ինչը, որ իրենք համարում են թուրքական, մեր կորուստն է, դրանք այն մասունքներն են, որոնք մենք մեր ձեռքից բաց ենք թողել»: Ժամանակակից թուրք գրականության հետ կապված էլ հավելեց. «Ժամանակակից գրողներից կնշեմ Օրհան Փամուկին: Նա «Ձյունը» վեպի համար Նոբելյան մրցանակ չի ստացել, ինչ է թե՝ մի քանի նախադասություն ունի այնտեղ հայերիս եւ ցեղասպանության մասին: Նա Նոբելյան մրցանակ ստացել է իր «Ստամբուլ» վեպի համար: Նրան համարում եմ տաղանդավոր գրող, բայց կսկիծով եմ կարդում վեպը: «Ձյունը» վեպի Կարսը չէ իրականը, այլ Չարենցի Կարսը: Վեպում հեղինակը Կարսն ընթերցողի աչքին դարձնում է թուրքական տարածք: Սա տարածքի յուրացում է գրականությամբ եւ մշակույթով: Մեր մեղքն է, մենք ենք թույլ տալիս…»:
Հ. Մովսեսը հայտնեց, որ գրականության բնագավառում առկա ոգեւորությունը դյուրահավատության արդյունք է. «Հայ-թուրքական հարաբերությունները հասան նրան, որ 1950-60-ական թվականներին ստեղծեցինք զգացմունքային հակաթուրքական գրականություն՝ մոտավորապես՝ թուրքը քըխ ա, անասուն… Այսօր էլ հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ մտավորականության, լրագրողների կողմից թուրքի կերպարը պլյուս նշանի տակ չափազանցնելու միտում է նկատվում»: Հ. Երանյանը նկատեց. «Եթե թուրքերը մեզանից տանում են մեր ամենաարժեքավորը, մենք էլ վերցնում ենք իրենց «բռակը»: Օրինակ՝ երաժշտությունը…»:
Անդրադառնալով թուրքական գրականությանը՝ Հ. Մովսեսն ասաց. «Թուրքական գրականության մեջ հայի կերպար ման գաք՝ չեք գտնի: Եթե մեր գրականության մեջ փնտրենք, Րաֆֆուց սկսած՝ թուրքը վերլուծվում է զուտ ազգային գաղափարի տեսակի հիման վրա, իսկ մարդկային տեսակետից որեւէ հիշատակություն չկա: Թուրքի ընկալումը հայի մասին, ըստ Մնձուրու, այն է, որ մենք էլ իրենց պես մարդ ենք, կենդանի չենք…»: Հ. Մովսեսը ներկա իրավիճակի մասին էլ ասաց. «Այսօր ուզում ենք հարաբերություններ հաստատել՝ հիմքում չունենալով ոչ մի բան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել