Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ «ՍՏԻՑ» ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ

Մարտ 25,2010 00:00

Օրենսդիր եւ գործադիր մարմնի տղամարդիկ ապացուցում են, որ կանանց այնքան էլ չեն գնահատում, որքան հայտարարում են ամբիոններից:

Հայաստանի բնակչության 52%-ը, այսինքն՝ կեսից ավելին կանայք են: Չնայած դրան՝ պետական, սոցիալական, տնտեսական, հասարակական եւ քաղաքական տարբեր հիմնարկներում մատների վրա հաշված կանայք են ղեկավար եւ կարեւոր պաշտոններ զբաղեցնում: Սրանից կարելի է եզրակացնել, թե մեր երկրում կանայք միայն քանակ են ապահովում եւ որակ չունեն, մինչդեռ մենք հո գիտենք, որ խնդիրը Հայաստանում գենդերային անհավասարությունն է: Շատ տղամարդկանց թվում է, թե կանայք միայն աման լվացող կարող են աշխատել, հավաքարար կամ, լավագույն դեպքում՝ գործավարուհի, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի վարորդ աշխատելուց, կանայք շատ ու շատ ոլորտներում փայլում են իրենց կարողություններով եւ գերազանցում տղամարդկանց: Վարորդի աշխատանքի համար ապացուցվել է՝ քանի որ կանայք ուշ են «աջ ու ձախը» որոշում, սխալ կողմնորոշման արդյունքում վթարների պատճառ են դառնում: Ինչպես ասում են հայտնի անեկդոտում՝ «այդքան պլյուսների հետ մի մինուս էլ չունենա՞նք»:
Արդեն մեկ տարուց ավելի է՝ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Արծրունի Աղաջանյանը պայքարում են, որպեսզի Հայաստանում էլ կանանց վստահեն պատասխանատու պաշտոններ: Նրանք «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել, սակայն այն ԱԺ-ի քննարկման օրակարգ նույնիսկ չի էլ ընդգրկվում: Նախորդ տարի կանանց միամսյակին նույն ԱԺ պատգամավորները վերամբարձ շնորհավորանքներ էին ուղղում, թե՝ առանց կանանց կյանք չի լինի, նրանք մեր կյանքի հմայքն են, գեղեցկությունն են, եւ այլն: Սակայն կանանց իրավունքները պաշտպանող ցանկացած օրինագծի քննարկման ժամանակ պարզ երեւում է, թե որ պատգամավորն իրականում որքան տեղ է տալիս կանանց:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ օրերս կառավարության նիստում մտահոգություն էր հայտնել. «մեր պետական եւ հանրային կյանքում լիակատար չափով չի օգտագործվում կանանց ներուժը եւ այս բնագավառի մեր ցուցանիշները բարելավման կարիք են զգում»: Սակայն ՕԵԿ-ի ներկայացրած օրինագծին տված եզրակացության մեջ հստակ ակնարկում է, որ ափսոսում է բյուջեից գումար ծախսել ու կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման համար ինստիտուցիոնալ կառույց ստեղծել՝ պատճառաբանելով, թե պարզ չէ այդ կառույցի դերակատարումը, եւ որ դրա ստեղծումը կարող է հանգեցնել լրացուցիչ բյուջետային հատկացման անհրաժեշտության:
Օրինագծում առաջարկվում է, որ պետությունը պետք է այնպես անի, որ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններում կանայք եւ տղամարդիկ հավասարապես ներկայացված լինեն: Մինչդեռ վարչապետը այս առաջարկի հետ կապված դիտողություն է արել՝ ասելով, որ պետությունը նման երաշխիք տալ չի կարող, քանի որ օրենսդիր մարմինը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում: «Օրինաց երկիրը» գտնում է, որ կանայք եւ տղամարդիկ օրենքով սահմանված քվոտաներով հավասարապես պետք է ներկայացված լինեն քաղաքական կուսակցությունների ընտրական ցուցակներում, իսկ եթե որեւէ կուսակցություն այդ պահանջը չկատարի եւ էլի ցուցակներում մեծ թվով տղամարդկանց ներկայացնի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եռօրյա ժամկետում պետք է տեղեկացնի այդ կուսակցությանը եւ ստիպի խախտումը վերացնել: Բացի այդ, կուսակցությունները պետք է ղեկավար մարմիններում եւ պաշտոններ առաջադրելու ժամանակ կանանց էլ տղամարդկանց հետ հավասար չափով ներկայացնեն: Այս առաջարկին վարչապետը նույնպես դեմ է արտահայտվել՝ ասելով, որ այդ պահանջն ընդունելի չէ, քանի որ ցանկացած կուսակցություն ազատ է ընտրելու իր ղեկավար մարմնում աշխատող կամ ընտրացուցակներում ընդգրկված անձանց՝ հաշվի առնելով կուսակցության քաղաքական շահերը, նրանց կուսակցական ակտիվությունը, աշխատանքային, կենսագրական եւ այլ հատկանիշներ:
Հետաքրքիր է հատկապես ՕԵԿ-ի առաջարկած օրինագծի այն հոդվածը, ըստ որի՝ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու մրցույթների ժամանակ արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար թափուր աշխատատեղի հայտարարումը, բացառությամբ առանձնահատուկ դեպքերի, երբ տվյալ աշխատանքը կարող է կատարվել բացառապես որոշակի սեռի ներկայացուցիչների կողմից: Հայտնի է, որ հատկապես գործավարի թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթներում նշվում է, որ պահանջվում է «գործավարուհի»՝ պարտադրելով սեռը: Այսինքն՝ դա այն եզակի դեպքերից է, երբ սեռային խտրականությունը հօգուտ կանանց է: Հաշվի առնելով, որ մեր իշխանության ներկայացուցիչները, որոնց գերակշիռ մեծամասնությունը տղամարդ է, կողմնակից չեն, որ մեր երկրում իսկապես գենդերային հավասարություն լինի, չի բացառվում, որ օրինագծի ընդունման արդյունքում ոչ թե տղամարդիկ լքեն ղեկավար պաշտոնները՝ տեղը զիջելով կանանց, այլ՝ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից, տղամարդիկ ընդլայնեն իրենց դիրքերը եւ սկսեն կատարել նաեւ գործավարի պարտականություններ՝ կանանց թողնելով միայն խոհանոցի եւ երեխա ունենալու հույսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել