Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոցը՝ բեմահարթակ

Մարտ 27,2010 00:00

Երեւանյան փողոցները շատ թափառաշրջիկ երաժիշտների «ինքնարտահայտման» վայրն են

«Ես չեմ ուզում ռեստորաններում սրա-նրա համար նվագել՝ ինձ համար հաճելի է իմ ժողովրդի համար նվագել»,- ասում է 54-ամյա Արմենը (անունը փոխված է): Նրան հաճախ կարող եք տեսնել Հանրապետության հրապարակի անցումում՝ կիթառը ձեռքին: Արմենը տարբեր մասնագիտություններով է աշխատել, բայց հիմա ընտրել է գումար վաստակելու այս եղանակը: «Զագատովկա եմ կարել, փորագրությամբ եմ զբաղվել, հետո, որ արդեն մեծացա, աչքս սկսեց վատ տեսնել՝ մտածեցի նվագեմ, ոնց էլ լինի՝ ամեն մեկը մի երկու կոպեկ կտա՝ կապրեմ»,- ասում է Արմենը: Նա երաժշտական կրթություն չունի, բայց գիտի նոտաները եւ կարողանում է նվագել մի քանի երաժշտական գործիքներով՝ կիթառ, ջութակ, դաշնամուր, բայց նրա սիրած գործիքը կիթառն է: «Եթե ես նորից ծնվեի, էլի կիթառ կնվագեի: Հիմա էլ կիթառի միջոցով փող եմ աշխատում՝ օրական 1000-1500, լավագույն դեպքում՝ 3000 դրամ»,- ասում է նա: Արմենին կիթառը նվիրել է երաժշտական գործիքներ վաճառող մի մարդ: «Էդ մարդը լսել էր իմ երաժշտությունը, նրան դուր էր եկել ու որոշել էր ինձ կիթառ նվիրել»,- ասում է Արմենը:
Շատ հաճախ երաժիշտների եւ մուրացկանների միջեւ վեճեր են առաջանում՝ կապված տեղի խնդրի հետ: Նման միջադեպեր են պատահել նաեւ Արմենի հետ. «Մուրացկանները չեն խանգարում, իսկ այ, երաժիշտները՝ խանգարում են: Վեճերից խուսափելու համար օրեր ենք դրել, բայց էդ էլ չի օգնում: Մի օր էլ խմած եկա ու վեճի բռնվեցինք: Խմելու հետ ահավոր մեծ սեր ունեմ: Վաստակածս փողի մի մասը խմիչքի վրա եմ ծախսում: Եթե խմող տղա եմ, ո՞նց պիտի չվատնեմ»: Արմենը ամուսնացած էր: Կինը մեկ տարի առաջ է մահացել: Ունի երկու զավակ՝ աղջիկ եւ տղա: Որդին դեմ է, որ հայրը զբաղվի այս գործով: «Տղաս ասում է, որ կիթառս ջարդելու է: Դրա համար էլ տուն չեմ տանում, ըստեղ՝ տղերքի մոտ եմ թողում: Աղջկաս համար մեկ է, ասում է՝ ինչ ուզում ես արա»,- պատմում է Արմենը:
Արմենը այս գործը զուտ գումար վաստակելու համար չի անում. «Ես էս գործը անում եմ ե՛ւ փող աշխատելու, ե՛ւ մարդկանց հաճույք պատճառելու համար: Ես ուզում եմ, որ ժողովուրդը ինձ ճանաչի, եթե ինձ ոչ ոք չճանաչի, էլ ո՞ւմ է պետք իմ արվեստը»: Արմենն ասում է, որ անցորդները հասկանում եւ գնահատում են իր աշխատանքը. «Մարդիկ կան, որ իրենք էլ ոչ այնքան լավ ապրելով՝ ինձ փող են տալիս եւ շնորհակալություն հայտնում»:
Այսօր շատ երաժիշտների կարելի է տեսնել նաեւ Աբովյան փողոցում: Այստեղ է նվագում նաեւ 55-ամյա ջութակահար Դավիթը (անունը փոխված է): Նա տասը տարի արդեն այս գործով է զբաղվում: Այս զբաղմունքն է ընտրել՝ աշխատանք չլինելու պատճառով, մասնագիտությամբ ինժեներ է. «Մինչ անկախացումը լավ աշխատանք ունեի, լավ վաստակում էի: Լաբորատորիայի վարիչ էի, իսկ հետո կորցրի աշխատանքս»: Նա կին եւ երեխաներ ունի: «Կինս չի աշխատում, առողջական խնդիրներ ունի, երեխաներս աշխատանքիս լավ են վերաբերվում, հասկանում են, որ ուրիշ հնար չկա»,- ասում է նա: Դավիթը վաստակած գումարից գոհ է. «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց ընտանիքս կարողանում եմ պահել»:
Անցորդները փողոցի երաժիշտներին ավելի լավ են վերաբերվում, քան մուրացկաններին: «Նրանք գոնե իրենց աշխատանքի դիմաց են փող ուզում, իսկ մուրացկանները անգործությամբ են զբաղված»,- ասում է 45-ամյա Արմինե Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել