Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՍ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Ասում է «Ժառանգություն» կուսակցությանն անդամագրված՝ քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

– Չունենալով քաղաքական դաշտում ինքնակայացման խնդիր՝ ինչո՞ւ որոշեցիք դարձյալ վերադառնալ կուսակցական գործունեությանը:

– Քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է: Եվ եթե ցանկանում ես լրջորեն զբաղվել քաղաքականությամբ՝ պիտի լինես որեւէ թիմի անդամ: Երկու տարբերակ կար. ստեղծել նոր կուսակցություն կամ՝ մաս կազմել ինձ համար նախընտրելի կուսակցությանը: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը:

– Քաղաքական դաշտում առկա ուժերից ինչո՞ւ նախընտրելի համարեցիք «Ժառանգությունը»:

– 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ հայտնի պատճառներով, խիստ բեւեռացվեց քաղաքական դաշտը: Արդյունքում երկու հակադիր բեւեռներում հայտնված ուժերի պայքարն առանձին դրվագներում ուղղակի դուրս եկավ քաղաքական պայքարի կանոններից: Նրանց կողմից, ցավոք, որդեգրվեց «կա՛մ մեզ հետ ես, կա՛մ գործում ես հակառակորդի թիմում» սկզբունքը, ինչն, ըստ էության, խանգարեց եւ այժմ էլ խանգարում է քաղաքական գործընթացների բնականոն զարգացմանը:

Այս՝ ընդհանուր «պարտադրանքի» մթնոլորտում որոշակի կորուստներ ունենալով հանդերձ, «Ժառանգությունն», իմ կարծիքով, կարողացավ պահպանել իր սեփական դիմագիծը, ստեղծել քաղաքական արժեքների ի՛ր համակարգը եւ վարել ինքնուրույն քաղաքականություն:

Իմ՝ «Ժառանգությանն» անդամագրվելու հիմնական պատճառն այն է, որ կուսակցության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական դիրքորոշումները հիմնականում համահունչ են իմ սկզբունքներին:

– Մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունների հարցում Ձեզ համար ավելի հոգեհարազա՞տ է «Ժառանգության» առավել արմատական դիրքորոշումը, ըստ որի՝ մերժելի է դրանք անգամ վերապահումներով ընդունելու տարբերակը:

– Այո: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հենց սկզբից եմ ասել, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է եւ ոչինչ չի տալու Հայաստանին: Իմ կարծիքը մնում է նույնը՝ այս գործընթացը միայն ուժեղացնում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Թուրքերն ի սկզբանե հայտարարում էին, որ սահմանը փակել են, իրենց բնորոշմամբ, Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «ագրեսիայի» պատճառով, եւ կբացեն միայն այնժամ, եթե ղարաբաղյան հարցում լինի իրենց համար դրական տեղաշարժ: Ցավն այն է, որ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարներն այս նախապայմանները կրկնում էին եւ կրկնում են Աստծո ամեն օր, իսկ մերոնք, երջանիկ միամիտների պես, ասում էին եւ ասում են՝ ո՜չ, արձանագրություններն առանց նախապայմանների են: Իրականում մենք առանց լրջորեն գնահատելու մեր հնարավորությունները եւ չունենալով հստակ ծրագիր՝ պայքարի նոր ճակատ բացեցինք Թուրքիայի հետ, ուր Հայաստանը, բնականաբար, ունենալու էր կորուստներ:

– Ձեր կարծիքով, արձանագրություններն այլեւս մեռա՞ծ են, ինչպես հայտարարում են որոշ գործիչներ, թե՞ Թուրքիայում որոշակի զարգացումների դեպքում դրանք կարող են «վերակենդանանալ»:

– Մի կողմ թողնելով ՀՀ նախագահի ուղերձում եղած զգացմունքային գնահատականները՝ պետք է ասել, որ, ըստ էության, արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցումը ոչինչ չի տալիս Հայաստանին: Կասեի հակառակը՝ սա գործընթացում Թուրքիային ընձեռում է խուսանավելու լրացուցիչ հնարավորություն: Այն, որ նրանց հետաքրքրում է ոչ այնքան արդյունքը, այլ գործընթացն ինքնին՝ ակնհայտ էր ի սկզբանե:

Եթե անպայման պետք էր ուղերձը հրապարակելուց առաջ այն քննարկել այս գործընթացի «տանիքը» հանդիսացող Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ, որոնք եւ ուղերձից անմիջապես հետո ողջունեցին նախագահի քայլը՝ կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահը նախ եւ առաջ նրանց հետ ճշտեր արդեն զավեշտի վերածված «ողջամիտ ժամկետի» ժամկետը: Դրանից հետո, Թուրքիայի կողմից պայմանավորվածությունները խախտելու պարագայում, արձանագրություններից իր ստորագրությունը հետ վերցնելու Հայաստանի քայլն անխոցելի կլիներ: Այդ դեպքում Հայաստանը միջազգային հարաբերություններում իսկապես կդիտվեր արժանապատիվ, սկզբունքային եւ վստահելի գործընկեր, ինչպես սիրում են տեղի-անտեղի կրկնել իշխանության ներկայացուցիչները:

Ըստ էության՝ իշխանությունը չի ժխտում, որ եթե այսօր կամ մեկ տարի հետո, կամ երբեւէ Թուրքիան վավերացնի արձանագրությունները (ինչը հավանական եմ համարում)՝ դրանից անմիջապես հետո Հայաստանը պատրաստ է նույնպես վավերացնել դրանք:

Մաթեմատիկական հայտնի կանոններից է. սխալ ձեւակերպված խնդիրը լուծում չունի: Մեր կողմից կատարված այս կիսաքայլը կրկին ապացուցում է այս սկզբունքի ճշմարտացիությունը:

Հ. Գ. Ի դեպ, «Ժառանգության» մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ կուսակցության մայիսի 8-ին կայանալիք իր համագումարը մի քանի շաբաթով հետաձգվում է, «որը պայմանավորված է բազմաթիվ պատվիրակների համար ի հայտ եկած կազմակերպչական բնույթի խնդիրներով: Հետաձգման խնդրանքը համաձայնեցվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ում առաջարկով հրավիրվել էր համագումարը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել