Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ «ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑ»՝ ՄԱՐԶԵՐԻՆ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Երեւանի ֆիզմաթ դպրոցի նախաձեռնությունը թափ է հավաքում

Անցած տարի «Առավոտը» անդրադարձել է Երեւանի պետհամալսարանին առընթեր ակադեմիկոս Ալեքսանդր Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի նախաձեռնությանը: Դպրոցի մասնագետները ստեղծել են «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիր», որը հատկապես մարզերի բնակիչ աշակերտների համար կարող է փոխարինել կրկնուսույցին, ընդ որում՝ անվճար:

Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի խոսքով, «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիրը» մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորող աշակերտների համար է, օգնություն է դիմորդին: Ֆիզմաթ դպրոցի կայքում՝ https://physmath.schools.am, տեղադրվում են մաթեմատիկայի խնդիրներ: Աշակերտը կարող է դրանք լուծել եւ պատասխանները ուղարկել դպրոցին: Իսկ եթե դժվարություններ ունենա, կարող է նույն կայքի միջոցով դիմել ֆիզմաթի մասնագետներին եւ նրանք աշակերտին կուղարկեն խնդրի լուծումն ու դրա բացատրությունը: Բացի սրանից, դիմորդը կարող է հարցում կատարել իրեն հետաքրքրող խնդրի, հարցի վերաբերյալ, ստանալ պարզաբանում եւ լուծում: Անցած մեկ տարում «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիրը» երեխաներին առաջարկել է 6 առաջադրանք, յուրաքանչյուրում՝ 5 խնդիր, առաջադրանքի լուծման համար՝ մոտ մեկ ամիս ժամանակ: Քիչ չեն դեպքերը, երբ ինտերնետ ամսագրում տեղադրվում է խնդրի լուծման ոչ թե ֆիզմաթի ուսուցչի առաջարկած տարբերակը, այլ առաջադրանքը կատարած աշակերտի: «Անպայման նշում ենք, որ լուծումը առաջարկել է այսինչ դպրոցի այսինչ աշակերտը: Սա ոգեւորում է աշակերտներին»,- նկատեց դպրոցի տնօրենը:

Հայկազ Նավասարդյանը հիշեցրեց, որ 1980-ականներին Հայաստանում կար մաթեմատիկայի հեռուստադաս, որի ժամանակ ուսուցիչը խնդիր էր լուծում եւ բացատրում դրա նրբությունները: «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիրը» հեռուստադասի կատարելագործված տարբերակն է, նաեւ հետադարձ կապ ունի:

Անցած մեկ տարում «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիր» ծրագրից օգտվել է ավելի քան հարյուր աշակերտ-դիմող՝ Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից: «Ֆիզմաթի սան-շրջանավարտ, ֆիզմաթում 27 տարի մաթեմատիկայի ուսուցիչ աշխատելուց հետո եկել եմ այն եզրահանգման, որ ֆիզմաթը իր որակները պետք է փոխի եւ պետք է օգտակար լինի հանրակրթությանը եւ այլ դպրոցներին, հատկապես մարզերի դպրոցներին, որովհետեւ մարզերում չկա մասնագետների լայն բազմություն, կարող են լինել մեկ-երկու ուսուցիչ: Մաթեմատիկան եւ ֆիզիկան գիտություններ են, ուր մեկ դասաժամով կամ մեկանգամյա ակցիայով հաջողություն չես ունենա, պետք է կանոնավոր եւ համակարգված մոտեցում: Հենց սա նկատի ունենալով էլ, ուզում եմ հենց այս պրակտիկան զարգացնել: Մինչ «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիր» ստեղծելը, վերջին 7-8 տարում ֆիզմաթը բազմաթիվ խնդրագրքեր, ժողովածուներ, թեստեր է հրատարակել, որոնք տարածված են Հայաստանով մեկ: Որոշեցինք օգտագործել նաեւ ինտերնետը: Այսօր Հայաստանում 600 դպրոց ունի ինտերնետ, մինչեւ տարեվերջ այս դպրոցների թիվը կհասնի 1000-ի, իսկ մոտակա տարիներին բոլոր դպրոցները կունենան ինտերնետ: «Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիրը» հասանելի կլինի բոլորին եւ օգնություն կլինի մարզի երեխաներին»,- հայտարարեց Հայկազ Նավասարդյանը:

«Մաթեմատիկայի ինտերնետ ամսագիրի» հեղինակը մտադիր է ծրագրին ակտիվ մասնակցած աշակերտներին ամռանը հրավիրել ֆիզմաթ դպրոց՝ մեկշաբաթյա գործնական պարապմունքների, միաժամանակ ապահովելով անվճար սննդով, իսկ ցանկացողներին նաեւ՝ դպրոցի հարմարավետ հանրակացարանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել