Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերը թանկանում են, վաճառքը՝ մեծանում

Մայիս 05,2010 00:00 Share

 Բայց շահույթներ չեն ունենում

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անվավեր ճանաչեց այն որոշումը, որով դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության գալու համար 7 ընկերություններ պետք է տուգանվեին հասույթի 2%-ի չափով: Այս որոշումը «ցավոտ» էր հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են եղել իրենց համար խիստ անհրաժեշտ դեղերը գնել 10-30%-ով թանկ, քան նախկինում: Չնայած այդ տուգանքը որեւէ կերպ չէր փոխհատուցելու սպառողների կրած վնասը, սակայն փաստն այն է, որ այդ ընկերությունները կարողացան «ջրից չոր դուրս գալ»:
Դեղերի այդ հետաքրքիր վերջաբանով հայտնի պատմությունից հետո, որքան էլ Պետեկամուտների կոմիտեն տեղեկացրեց, որ տուգանված եւ այդպես էլ տուգանքը չվճարած այդ ընկերություններից հավելյալ պետբյուջե են գանձել 21 803 000 դրամ, օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը ստիպեց ուշադրություն դարձնել այդ ընկերությունների վճարած հարկերի վրա եւ հասկանալ, թե նրանք հիվանդ մարդկանց գրպանի հաշվին կուտակած փողերի քանի՞ տոկոսն են կիսվել պետական բյուջեի հետ:
Այսպես. հակամրցակցային համաձայնության գալու եւ դեղերի գները անհիմն բարձրացնելու մեջ մեղադրվող ընկերություններից մեկը՝ «Ալֆա ֆարմը», այս տարվա առաջին եռամսյակում մյուս 6 ընկերություններից ամենաշատն է հարկ վճարել՝ 381,7 մլն դրամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ընկերությունը վճարել էր մոտ 201 մլն դրամ, այսինքն՝ 180 մլն դրամով ավելացրել է իր վճարումները: 2008-ի համեմատությամբ 2009-ին 25 մլն դրամ ավելի են վճարել նաեւ «Վագա ֆարմն» ու «Արֆարմացիան», 10 մլն դրամ՝  «Էսկուլապը»,  4 մլն դրամ՝ «Առգո ֆարմը»: Մինչ այս ընկերություններին ծափահարելը, որ նրանք գոնե բարեխիղճ հարկատու են, նշենք, որ նրանց բոլորի վճարած գումարի գերակշիռ մասն անուղղակի հարկեր են, այսինքն՝ նրանք մուծել են ոչ այնքան շահութահարկ, եկամտահարկ, որքան՝ ԱԱՀ, ակցիզային հարկեր, որոնք վճարվում են մեր՝ սպառողներիս, գրպանից: «Ալֆա ֆարմի» վճարած 381,7 մլն դրամից 324,8 մլն դրամը անուղղակի հարկերն են կազմում, «Վագա ֆարմի» վճարած 130 մլն դրամից ավելի քան 117 մլն-ը նույնպես անուղղակի հարկեր են: «Արֆարմացիայի» վճարած 52 մլն դրամից ընդամենը 3 մլն դրամն է ուղղակի հարկ: Նույնը կարող ենք ասել «Էսկուլապի» եւ «Առգո ֆարմի» մասին:
Խոշոր հարկատուների ցանկում այդ 7 ընկերություններից ցնցող էին հատկապես «Նատալի ֆարմի» զբաղեցրած դիրքն ու վճարումները: «Նատալի ֆարմը» դեղերի շուկայում գործող խոշորագույն ընկերություններից է եւ ունի մեծ դեղատնային ցանց: Չնայած ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բացահայտ չի հայտարարում, որ «Նատալի ֆարմն» իրեն է պատկանում, քանի որ իրավաբանական փաստաթղթերում իր անունով չի գրանցված, սակայն միայն այն, որ պատգամավորին պատկանող բոլոր սուպերմարկետներում՝ «Երեւան սիթիների» մեջ, «Kaiser»-ում «Նատալի ֆարմ» դեղատուն է գործում, վկայում է, որ այդ ընկերության եկամուտը նույնպես նույն գրպանն է լցվում: Այնպես է ստացվել, որ չնայած դեղերի գները բարձրանում են, «Նատալի ֆարմի» դեղատները քաղաքում ավելանում են, բիզնեսն՝ ընդլայնվում, այդ ընկերության վճարած հարկերը, չգիտես ինչ տրամաբանությամբ, ավելանալու փոխարեն պակասում են: Ընդ որում՝ ոչ թե 1-2 մլն դրամով, այլ՝ 22 մլն դրամով: Նախորդ տարվա առաջին եռամսյակում 385 մլն դրամ վճարած «Նատալի ֆարմն» այս տարի վճարել է ընդամենը 363 մլն դրամ, որից 287,8 մլն-ը դարձյալ անուղղակի հարկեր են:
2009-ի համեմատ վճարումները նվազեցրել է նաեւ «Ամիկուսը», բայց այն շուկայում փոքր տեղ է գրավում եւ ընդամենը 2 մլն դրամով է կրճատել հարկային մուծումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել