Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստում ազատ նկարչուհին

Մայիս 18,2010 00:00

Մարինա Մամյանի երեւանյան ցուցահանդեսը

«Նկարիչը, որ ազատ է իր արվեստում, ինքն է իր համար սահմանում արվեստի օրենքները եւ ենթարկվում դրանց»,- ասում է նկարչուհի, Հայաստանի, Ռուսաստանի նկարիչների միությունների եւ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Մարինա Մամյանը:
Օրերս Նկարիչների միությունում բացվեց նրա «Սեւի եւ սպիտակի միջեւ…» խորագրով գոբելեն աշխատանքների ցուցահանդեսը:
Մ. Մամյանի խոսքով՝ «Սեւի ու սպիտակի միջեւ»-ը նրա չորսուկես տարվա աշխատանքն է: Հավաքածուի ամեն աշխատանք իր անվան համապատասխան ուներ կից ճապոներեն կամ չինարեն մակագրություն, որոնք 8-18-րդ դարերի չինացի եւ ճապոնացի պոետների բանաստեղծական տողերն էին:
Մարինայի մեկնաբանմամբ՝ «Բուդդիզմով չեմ տառապում, ուղղակի համամարդկային է այդ ամեն ինչը: Ամեն հավատքում էլ առկա է հզոր էներգետիկ ուժ… Այդ տողերով ներկայացնում եմ նաեւ իմ հոգեկան աշխարհը: Ամեն մի տող համապատասխանում է իր պատկերի անվանմանը: Բացի չինական եւ ճապոնական գրականությունից, ինձ համար մեծ նշանակություն ունի նաեւ ներշնչման աղբյուրը, որը դասական երաժշտությունն է»:
Մ. Մամյանի աշխատանքները անհատական եւ խմբակային ցուցահանդեսներով շրջել են Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Ավստրիայում: Ունի մասնավոր հավաքածուներ ԱՄՆ-ում, կրկին Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր: «Սեւի ու սպիտակի միջեւ…» ցուցահանդեսում ներկայացված էր 30-ից ավելի աշխատանք: Իսկ Երեւանում սա Մարինայի առաջին անհատական ցուցահանդեսն է:
«Երեւանյան ցուցադրությանը շատ լուրջ էի պատրաստվում: Նախկինում ուղղակի ժամանակ չեմ ունեցել Երեւանում հանդես գալու, ավելի շատ դրսում եմ ներկայացվել»,- հավելեց նա:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, գնահատելով նկարչուհու աշխատանքները, ասաց. «Միշտ զարմանում եմ նրա այն լուծումներով, որ տալիս է եւ հասցնում իր բարձրագույն նպատակին: Դրանք ազդեցիկ են, տպավորիչ է եւ մնում են հիշողությանդ մեջ: Նրա գույները լույս են ճառագում»:
Ցուցահանդեսի կազմակերպման համար Մ. Մամյանը շատերի նման չի դիմել մշակույթի նախարարության օգնությանը եւ ամեն ինչ կազմակերպել է սեփական ուժերով եւ հնարավորություններով: Սակայն անձամբ գնացել է նախարարություն եւ խնդրել, որ գոնե մեկ ներկայացուցիչ բացմանը լինի:
Ցուցահանդեսին ներկա ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց՝ ցավում է, որ նախարարությունը ցուցահանդեսում որեւէ լումա չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել