Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՊԵՍ ՄԵՐՁԵՑԱՆ

Մայիս 18,2010 00:00

Ինչն ավարտվեց երգուպարով եւ գինիների համտեսով

\"\" \"\"
\"\" \"\"
\"\" \"\"

«Հայերը մեզ պետք է ճանաչեն, մենք ճանաչվելու կարիք ունենք»,- ասում է Հայաստանում «Հայաթա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:
Ասորիներ, բելառուսներ, գերմանացիներ, եզդիներ, լեհեր, հրեաներ, հույներ, վրացիներ, ուկրաինացիներ, քրդեր եւ հայեր՝ օրերս մեկ հարկի տակ երգում էին, պարում, ցուցադրում իրենց ազգային շարականները՝ ազգային տարազներով եւ իրենց մշակույթը ներկայացնող հագուստներով: Առիթը «Թանգարանային գիշերվա» շրջանակներում «Էրեբունի» արգելոց-թանգարանի կազմակերպած միջոցառումն էր՝ «Ճանաչենք զմիմյանս» խորագրի ներքո:
Ինչպես հայտնի է, այս տարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է «Մշակույթների մերձեցման միջազգային տարի»: Այս համատեքստում թանգարանը, միանալով «Թանգարանների եվրոպական գիշեր» համաեվրոպական ձեռնարկին, հյուրընկալել էր Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին:
«Առավոտի» հետ զրույցում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց. «Սովորական թանգարանային գիշեր չանցկացնելու համար որոշեցինք այս տարի այսկերպ նշանավորել թանգարանային գիշերը՝ մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային շփումները ներկայացնելով: Միջոցառումը նշանակալի էր այնքանով, որ Հայաստանում ապրում են այնպիսի հին ազգեր, որոնք դեռ ուրարտական շրջանից մեզ հարեւաններ են եղել, այսինքն՝ դեռ հնուց մենք ունեցել ենք մշակութային շփումներ»:
Ասորական համայնքի ղեկավար Ի. Գասպարյանը, կարեւորելով միջոցառումը, նշեց. «Համայնքների միջեւ իրար ճանաչեու խնդիր չունենք: Բայց հայերի շրջանում այդ բացը դեռեւս կա: Համարում եմ, որ թանգարանը հոգեւոր տեղ է, որտեղ տարբեր մշակույթներ են միաձուլվում: Միանգամից արձագանքեցինք միջոցառմանը, քանի որ մեր համայնքը, գտնվելով մարզերում, շատ քիչ է լինում քաղաքում, իսկ սա հնարավորություն է ե՛ւ շփվելու մյուս համայնքների հետ, ե՛ւ ներկայանալու հայկական համայնքին»:
Վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչեւաձեն նշեց, որ նախաձեռնությունը գովելի է. «Մեր համայնքների միջեւ խնդիրներ չկան, որովհետեւ բազմիցս միասին անց ենք կացնում բոլոր միջոցառումները: Խնդիրը միայն այն է, որ մեզ ճանաչի հատկապես երիտասարդությունը: Նրանք չգիտեն, թե ինչ ազգեր են բնակվում Հայաստանում»:
Քրդական համայնքի «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ղադրի խոսքով, «Այս միջոցառումը ոչ միայն քրդական համայնքի, այլեւ բոլոր ազգային փոքրամասնությունների համար յուրօրինակ հրապարակ է ինքնարտահայտվելու, իրենց գույները ներկայացնելու»:
Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն էլ նկատեց. «Ճանաչենք զմիմյանս» խորագիրը տեղին է ընտրված: Միջոցառումը կօգնի ավելի ամրապնդվել հայկական հողի վրա՝ չկորցնելով մեր մշակույթը: Մենք բոլորս հին ազգեր ենք, եւ ամեն մեկս ունի մեր ազգային դիմագիծը: Կարեւորն այն է, որ այստեղ հիմնականում երիտասարդություն է հավաքված, եւ նրանք հնարավորություն ունեն այսկերպ հաղորդակցվելու հին մշակույթների հետ»:
Միջոցառումից առաջ հյուրերն այցելեցին «Էրեբունի» հնավայր եւ միջնաբերդ, այնուհետեւ էքսկուրսիա կատարեցին թանգարանում, որից հետո թանգարանի բացօթյա դահլիճում մեկնարկեց միջոցառումը, իսկ սրահում մասնակիցներին սպասվում էր հյուրասիրություն եւ գինիների համտես. ինչպես ասաց միջոցառման մասնակիցներից մեկը՝ իսկական գինարբուք:
Նախքան ազգային փոքրամասնությունների ելույթները, «գինարբուքն» արդեն սկսվել էր: Այնուհետեւ այբբենական հերթականությամբ մասնակից համայնքները սկսեցին ելույթ ունենալ, համերգը բացեց հայկական «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել