Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՇԻՎՆԵՐ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

Հունիս 15,2010 00:00

Արդեն հինգերորդ օրն է, ինչ երկրագունդը պտտվում է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության գնդակի շուրջ

Բազմամիլիոն մարզասերները չորս տարվա սպասումներից հետո կրկին համաշխարհային ֆուտբոլի գերաստղերի կատարմամբ ֆուտբոլային բալետի ականատեսն են դառնում: Սակայն նրանց սպասելիքներն առաջին չորս օրից հետո արդյո՞ք արդարացել են: Կարծում ենք՝ մասամբ: Թերեւս, ֆուտբոլային իսկական ներկայացում հրամցրին միայն Արգենտինան եւ Գերմանիան, որոնց մեկնարկային խաղը մեծ բավականություն պատճառեց երկրպագուներին: Սակայն պակաս հետաքրքիր չեն նաեւ ենթախմբերում ֆավորիտ համարվող ազգային հավաքականների անակնկալ ձախողումները մեկնարկային խաղերում, որոնք նոր ինտրիգ են հաղորդում խմբային մրցաշարին: Բայց ոչինչ, սա դեռ մեկամսյա մարաթոնի սկիզբն է միայն: Ու կասկած չկա, որ մեկնարկային հուզումները կանցնեն ու ամեն մի ազգային հավաքական կգտնի իր արժանի տեղը:
Արդեն չորս խմբերում ազգային հավաքականները մեկական հանդիպում անցկացրել են: Ներկայացնում ենք ըստ խմբերի թիմերի դասավորությունը;
«A» խումբ:
Մեքսիկա 1 0 1 0 1-1 1
ՀԱՀ 1 0 1 0 1-1 1
Որուգվայ 1 0 1 0 0-0 1
Ֆրանսիա 1 0 1 0 0-0 1

«B» խումբ:
Հր.Կորեա 1 1 0 0 2-0 3
Արգենտինա 1 1 0 0 1-0 3
Նիգերիա 1 0 0 1 0-1 0
Հունաստան 1 0 0 1 0-2 0

«C» խումբ
Սլովենիա 1 1 0 0 1-0 3
Անգլիա 1 0 1 0 1-1 1
ԱՄՆ 1 0 1 0 1-1 1
Ալժիր 1 0 0 1 0-1 0

«D» խումբ
Գերմանիա 1 1 0 0 4-0 3
Գանա 1 1 0 0 1-0 3
Սերբիա 1 0 0 1 0-1 0
Ավստրալիա 1 0 0 1 0-4 0
Երեկ երեկոյան կայացան «E» խմբի Հոլանդիա-Դանիա, Ճապոնիա-Կամերուն, ինչպես նաեւ «F» խմբի Իտալիա-Պարագվայ հանդիպումները:
Աշխարհի առաջնության ընթացքին հետեւող ֆոտոխցիկները որսում են հանդիպումների ամենակարեւոր եւ ամենահետաքրքիր դրվագները: Ահա դրանցից մի քանիսը:

Օրվա սխալը
Անգլիացիների դարպասապահ Ռոբերտ Գրինը հերթական անգամ ապացուցեց, որ հավաքականի պաշտպանները պետք է ոչ միայն լավ պաշտպանվեն, այլեւ անեն ամեն բան, որպեսզի մրցակիցն իրենց դարպասին չհարվածի: ԱՄՆ-ի հետ խաղում նրանք հենց այդպես էլ վարվում էին: Բայց մի քանի րոպե այդ մասին «մոռացան» ու դաժանորեն պատժվեցին: Պարզ իրավիճակում Գրինը, փաստորեն, ինքն իրեն գոլ խփեց ու արդյունքում Անգլիան թանկարժեք երկու միավոր կորցրեց:
Օրվա հանդիսատեսը:
Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Դեվիդ Բեքհեմը, չնայած Անգլիայի հավաքական չի հրավիրվել, սակայն ԱՄՆ-ի հետ խաղում նստած էր պահեստայինների նստարանին: Ինչո՞ւ: Ոչ ոք այդ հարցին չի կարող պատասխանել: Գուցե նա արժեքավոր խորհուրդնե՞ր էր տալիս գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին: Բայց որ այս կադրում բաց թողած գոլի համար Բեքհեմը Գրինին արժանացրել է «սպանիչ հայացքի», միանշանակ է:

Օրվա գոլը
Արգենտինացիները երբեք բարձրակարգ հարձակվողների պակաս չեն ունեցել: Հիմա էլ չունեն: Միայն Լիոնել Մեսսիի ներկայությունը, նրա վիրտուոզ տեխնիկան, կայծակնային արագությունը եւ մրցակցի պաշտպանությունում իսկական խուճապ առաջացնելու շնորհը մի ամբողջ թիմ արժեն: Սակայն Նիգերիայի հետ հանդիպման առաջին եւ Արգենտինայի՝ առայժմ միակ ֆանտաստիկ գեղեցկության գոլը խփեց պաշտպան Գաբրիել Հայնցեն:

Օրվա մարզիչը
Մեծ արգենտինացի Դիեգո Մարադոնային անսովոր է փողկապով տեսնելը: Ընդունենք, որ քաղաքակիրթ տեսքը նույնպես նրան սազում է: Բայց Մարադոնան ինքը չէր լինի, եթե ամբողջ խաղի ընթացքում իրեն հատուկ հուզականությամբ, սնդիկի պես անընդհատ ետ ու առաջ անելով բոլորի ուշադրության կենտրոնում չգտնվեր: Գնդակին շփվելու գայթակղությունն այնքան մեծ էր, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի համբավն ունեցող մարզիչը «ստանձնել» էր նաեւ դաշտում գտնվող ֆուտբոլիստներին գնդակ մատակարարողի պարտականությունը:

Օրվա դարպասապահը
Խոսքը Նիգերիայի հավաքականի դարպասապահ Վենսան Էնյամայի մասին է: Ճիշտ է, նա Հայնցեի հարվածից հետո ստիպված գնդակը հանեց սեփական ցանցից, սակայն ամբողջ խաղի ընթացքում առնվազն հինգ-վեց անգամ իր թիմին փրկեց հարյուր տոկոսանոց գոլերից:

Վուվուզելաները ստադիոններում կարգելվե՞ն
ՀԱՀ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն քննարկման է առնելու խաղերի ընթացքում ֆուտբոլասերների կողմից վուվուզելաների օգտագործումն արգելելու հարցը: Կազմկոմիտեի ներկայացուցիչ Դեննի Ջորդանի խոսքերով՝ աշխարհի առաջնության մեկնարկային մի քանի հանդիպումներից հետո կազմակերպիչները բազմաթիվ բողոքներ են ստացել հեռուստաընկերություններից, մեկնաբաններից, ֆուտբոլիստներից եւ հենց ֆուտբոլասերների մի ստվար խմբից, որ այդ գործիքների հնչեցրած ձայները խանգարում են: Օրինակ, ֆրանսիացիների ավագ Պատրիս Էվրան դժգոհում է, որ իրենց հավաքականը չի կարողացել պատշաճ նախապատրաստվել Ուրուգվայի հետ մեկնարկային հանդիպմանը (այն ավարտվել է 0:0 հաշվով), քանի որ ֆուտբոլասերները վուվուզելա փչում էին արդեն առավոտվա ժամը 6-ից, ինչի պատճառով ֆուտբոլիստները չեն կարողացել քնել:

Թագուհին արդեն հայտնի է
Ֆուտբոլային թագի համար Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ստադիոններում պայքարն ընթանում է ոչ միայն աշխարհի 32 ուժեղագույն ազգային հավաքականների միջեւ: Բավականին յուրօրինակ ու ոչ պակաս անզիջում մրցույթ է կազմակերպվել Գերմանիայում: Մտահղացման հեղինակների նախաձեռնությամբ այստեղ 32 գեղեցկուհիներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից մեկ երկիր, պոդիումում հարաբերություններն են պարզել «Միսս աշխարհի գավաթի» կոչմանն արժանանալու համար:
Դժվար չէ ենթադրել, որ նրանց պայքարը պակաս թեժ չի եղել: Արդյունքների ամփոփումից հետո հեղինակավոր ժյուրին պատվավոր տիտղոսը շնորհել է արգենտինացի 17-ամյա այս դպրոցական աղջնակին:

ԱԳ-ի ամենաթանկ ֆուտբոլիստները
Ֆուտբոլային վիճակագիրները հրապարակել են աշխարհի առաջնությանը մասնակցող ամենաթանկ տասը ֆուտբոլիստների ցուցակը: Նրանք են՝ Լիոնել Մեսսի՝ 80 մլն եվրո, Կրիշտիանու Ռոնալդու՝ 75 մլն, Խավի՝ 65, Ինյեստա՝ 60, Ուեյն Ռունի՝ 53, Ֆրանկ Ռիբերի՝ 50, Սթիվեն Ջերարդ՝ 50, Ֆեռնանդո Տոռռես՝ 50, Կակա՝ 50, Ֆրենկ Լեմպարդ՝ 45:
Աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը 5,2 միլիարդ եվրոյից մի փոքր ավելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930