Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԴԵՌ ԿՍՏԱՆԱՆ

Հունիս 25,2010 00:00

\"\"Արկադի Տեր-Թադեւոսյանը Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները քարոզչական բլեֆ է համարում

Ի հեճուկս քաղաքական գործիչների, ովքեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողբերգական միջադեպի եւ դրան հաջորդած հրադադարի ռեժիմի խախտումների պարբերական դարձող երեւույթների արդյունքում չեն բացառում պատերազմի վերսկսման հավանականությունը, արցախյան ազատամարտի մասնակից, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) շատ չնչին է համարում այդ հնարավորությունը: «Առավոտի» հետ զրույցում հրամանատարն անցնելով «անկեղծության թույլատրելի սահմանը»՝ նույնիսկ ասաց, թե որեւէ կերպ չի պատկերացնում Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը, քանզի դա կլինի արհեստական ստեղծված այդ կայսրության վերջի սկիզբը: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, տեղաբնակ թալիշների, լեզգիների, վրացիների եւ տասնյակ այլ էթնիկ խնդիրներ էլ ունի: Ռազմական գործչի համոզմամբ, քանի դեռ գերտերությունները Ադրբեջանից նավթային դոլարներ են քամում, ադրբեջանական նավթային կլանի մասնատում թույլ չեն տա: Հետաքրքրվեցինք՝ ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս փուլում օս-աբխազական կամ Կոսովոյի սցենարի կիրառման որեւէ տարբերակ մեր զրուցակիցը հավանական համարո՞ւմ է: «Մեզ համար ցանկալի կլինի ԼՂՀ անկախության հռչակումը, բայց «այո»-ն կամ «ոչ»-ը կախված են գերտերությունների շահերից: Առայժմ ամենակարեւորը մեզ համար այդ անկախությանը հասնելն է խաղաղ ճանապարհով, ինչն էլ անում ենք համոզված»: Համահո՞ւնչ է մեր հաստատակամությունը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Այստեղ մեր զրուցակիցը վերապահումներ ունի: Այդ հայտարարությունները նա համարում է «Ալիեւի բլեֆը», ինչի արդյունքում «ինքը միլիարդավոր դոլարներ է շահում»: Բայց խոստովանում է. «Այդ պրոպագանդան Ալիեւին փրկում է»: Ըստ Արկադի Տեր-Թադեւոսյանի, ունենալով ներքին անկայուն իրավիճակ՝ արտաքին քաղաքական ոլորտում Ադրբեջանի դիվանագիտական միտքը հաջողել է հօգուտ իր շահերի միջազգային պայմանագրեր ստորագրել ԼՂՀ հարցի վերաբերյալ, որոնք էլ շատ լավ օգտագործում է Հայաստանի դեմ: «Մեղավորը մենք ենք: Մեր դիվանագետները, քաղաքագետները, քաղաքական գործիչները մի բան ասում են, այլ բանի տակ ստորագրումՅ:

Անդրադառնալով հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի Չայլուի հատվածում արձանագրված սահմանային միջադեպին, որի արդյունքում զոհվեցին հայկական բանակի չորս զինվորներ, չորսն էլ վիրավորվեցին, մեր զրուցակիցն ասում է. «Դրա արժանի հակահարվածը հայկական բանակը պետք է տա եւ կտա, որպեսզի ծնողների այդ ողբերգությունը այլ ծնողների ողբերգության չվերաճի, եւ որ հակառակորդը մեզ վախկոտ չհամարի»: Ավելի մասնագիտական տեսանկյունից անդրադառնալով միջադեպին եւ հակադարձելով «Առավոտի» հարցին՝ արդյոք մեր սահմաններն այնքան անպաշտպա՞ն են, որ կարող ենք նման կորուստներ ունենալ, հրամանատարն ասաց. «Ռազմական մասնագետներն աշխատում են, բոլոր հարցերի՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ եւ այլն, պատասխանները կտրվեն: Սահմանային միջադեպեր այս ընթացքում միշտ էլ եղել են: Բայց որպեսզի նման ցավալի ավարտ չունենա եւ ոչ մի միջադեպ, ես շատ կարեւոր եմ համարում, որպեսզի հանրությանը մատուցվի ճշմարտությունը: Այլապես, տարածվող ամեն տեսակի ասեկոսեներն էլ ավելի են մեծացնում բանակի նկատմամբ մեր հանրության անվստահությունը»: Որ մեր բանակի մարտական պատրաստությունը բավականին բարձր է, մեր զրուցակիցը մեկ րոպե անգամ չի հապաղում բարձրաձայն հայտարարել: Ավելին, ասում է, որ անգամ մեր թշնամիներն են բարձր գնահատում մեր բանակի մարտական պատրաստությունը: Բայց իբրեւ բանակի ստեղծման ակունքներում կանգնած մարդ, ով սրտացավ է վերաբերվում եւ բանակին, եւ մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզին, մեր զրուցակիցը հարկ է համարում բարձրաձայն խոսել բանակում առկա թերությունների մասին, պատկան մարմիններին կոչ է անում դրանք շտկելու քայլեր ձեռնարկել, որպեսզի առաջիկայում նման ողբերգություններից խուսափենք, այլ ոչ թե թաքցնելով՝ թերություններն էլ ավելի խորացնենք: Մասնավորաբար, նրա կարծիքով՝ մեզ մոտ ապագայի խնդիրը պետք է լինի ռազմական հոգեբանների, սոցիոլոգների աշխատանքի արդյունավետության բարձրացումը զինվորի հետ տարվող անհատական աշխատանքում, որպեսզի զինվորը կարողանա իրեն ադեկվատ դրսեւորել եւ ռազմի դաշտում, եւ խաղաղ պայմաններում տեղի ունեցող նման միջադեպերի ժամանակ, եւ պարզապես զինակիցների հետ հարաբերություններում, որպեսզի հստակ լինեն զինվորների եւ հրամանատարական կազմի հարաբերությունները, կապը ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաեւ խաղաղ պայմաններում: Գաղտնիք չէ, որ խաղաղ պայմաններում այդ հարաբերություններն ավելի բարդ են: Ինչպես նաեւ, հանրության հետ առավել թափանցիկ աշխատաոճի որդեգրումը՝ ճիշտ, հասկանալի եւ ժամանակին տեղեկատվության տրամադրումը. «Ինչո՞ւ է, այնուհանդերձ, Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ անում: Հանրությունը սկսում է կարծել, որ նրանք շատ ուժեղ են, իսկ մենք այնքան թույլ, որ կարող են մեզ վրա հարձակվել, ու մի օր սկսում ենք դրան հավատալ: Դրա պատճառը մեր թույլ քարոզչությունն է կամ քարոզչության բացակայությունըաաաա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել