Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրամի տեսքով պարգեւ չի լինի»

Հունիս 25,2010 00:00

«Դելփյան խաղերին» միայն մեդալներ կլինեն

\"\"Հայաստանում առաջին անգամ հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական Դելփյան խաղերը, որոնք կազմակերպվում են մշակույթի զանազան ոլորտներում տարբեր ազգերի, երիտասարդների շփման ու համագործակցության նպատակով: Բացման արարողությունը կկայանա Ազգային օպերային թատրոնում:

Հիշեցնենք, որ տարբեր տարիներին հայերն այս խաղերին մասնակցել են 5 անգամ, շահելով 13 ոսկե, 12 բրոնզե եւ 8 արծաթե մեդալներ: «Առավոտին» ՀՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության եւ Սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Սահակյանը հայտնեց, որ հայաստանյան խաղերին մասնակցում են ԱՊՀ՝ 9, բալթյան՝ 2 (Լատվիա, Էստոնիա) երկիր, Վրաստանը եւ Ուկրաինան: Ժյուրիի աշխատանքներում ընդգրկված են ճանաչված արվեստագետներ արտերկրից: Հրավիրված են նաեւ պատվավոր հյուրեր Բուլղարիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից: Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 600 է: Փառատոնային ծրագրերում ընդգրկված են հանրապետության 10 մարզերը, իսկ փակման արարողությանը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում, կմասնակցի միայն շուրջ 1000 պատանի՝ մարզերից:

Հայաստանի ազգային Դելփյան կոմիտեի տնօրեն Ալեքսան Զաքյանն էլ հավաստիացրեց, որ խաղերի 19 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, սաքսաֆոն, դասական եւ ժողովրդական երգեցողություն, պար եւ այլն), որտեղ աշխատելու է պրոֆեսիոնալ ժյուրին, նախատեսված են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներ: Պարգեւների չարժանացած բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայագրեր: Հավելեց նաեւ, որ հայ մասնակիցները նախօրոք ընտրական փուլ են անցել:

Հարցին՝ բազմաթիվ անվանակարգեր ունեցող, 2004-ից անցկացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հայաստանյան եւ հոլիվուդյան Աշխարհի կատարողական արվեստների ամենամյա առաջնության օրինակով, որին Հայաստանը մասնակցում է 2000 թվականից, նպատակահարմար չէ՞ր անցկացնել զուտ փառատոն, այլ ոչ թե մրցույթ, մանավանդ՝ հայաստանյան խաղերի գեղարվեստական ղեկավար, անվանի երգիչ Բարսեղ Թումանյանը խուսափում է մրցույթ բառից՝ պնդելով, որ այն արվեստի համար չէ, Ա. Զաքյանը պատասխանեց. «19 անվանակարգից 2-ը փառատոնային է: Դելփյան խաղերը պրոֆեսիոնալ մրցույթ է, որի մասնակիցները իրենց երկրի լավագույն պատանի արվեստագետներ են: Օրինակ, Ռուսաստանը, կարեւորելով այս խաղերը, նախընտրական փուլում պահանջ է ներկայացնում, որ մասնակիցն ունենա միջազգային մրցույթի դափնեկրի կոչում: Այս պայմանը մենք էլ հաջորդ տարվանից կկիրառենք՝ ձեւավորելով Հայաստանի հավաքականը»: Դիտարկմանը՝ մինչ խաղերի սկսվելը հայտարարվել է, որ հաղթողներին դրամական մրցանակներ նախատեսված չեն, թեեւ չի բացառվում, որ նախագահի կամ կառավարության կողմից լինեն դրամական մրցանակներ, Ա. Զաքյանն ասաց, որ դրամի տեսքով պարգեւ չի լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել