Կառավարությունն արհամարհեց Անիի տարածաշրջանի 17 համայնքապետերի՝ հիվանդանոցը չփակելու մասին դիմում-հորդորները:
Օրերս Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության աշխատակիցները, կատարելով կառավարության 2009թ. N1052 որոշումը, կողպել են Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը՝ 16 մարալիկցու թողնելով գործազուրկ: Ըստ բժիշկների՝ այն պահին, երբ մարզպետարանցիները մտել են «սեւ թղթի» մեջ գրված պահանջը կատարելու, հիվանդանոցում 2 վիրահատված հիվանդ է եղել, ընդ որում՝ մեկը պատերազմի վետերան, սակայն սա պաշտոնյաներին ամենեւին չի հետաքրքրել, նրանք թե՛ հիվանդներին եւ թե՛ բուժաշխատողներին տուն են ճանապարհել:
«Առավոտի» հետ զրույցում վիրաբույժ Գրիգորի Խաչատուրյանցը հիասթափված ասաց, որ բժիշկների միակ հույսը մնացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ում էլ պատրաստվում են դիմել տարածաշրջանի բնակիչները՝ հույս ունենալով, որ նա իր նախարարին հետ կկանգնեցի Անիի տարածաշրջանի առողջապահական համակարգը «քայքայող» որոշումից: «Ինչ ուզում ես նախարարին բացատրի՝ նա իրենն է պնդում, խոսքը բերանդ, ասում է՝ դուք վնասով եք աշխատում: Էս երկրում պաշտոնյա չմնաց, որ խեղճ բնակիչները, դիմումները ձեռքներին, դռները չծեծեին, էդպես է ձեռնտու՝ էդպես են անում: Վերջին 5 ամիսներին ապացուցեցինք, որ հնարավոր է եկամուտով աշխատել, 111 հիվանդի ենք սպասարկել, փաստացի 3 միլիոն կատարողական ունենք, սակայն առողջապական գործակալությունը հրաժարվում է մեր գումարը տալ՝ պատճառաբանելով, որ պարտքեր ունենք: Հենց ձեր թերթով մենք մանրամասնությամբ բացատրել ենք, թե ինչն էր պարտքեր կուտակելու պատճառը, պետությունը վճարում է ընդամենը 5 մահճակալի համար, այս թիվը լրացավ, այլեւս լսել չեն ուզում, բայց վերջը բնակիչներն էլ են մեղք»,- ասաց վիրաբույժը:
Քանի որ Անիի տարածաշրջանի 17 համայնքապետ եւս դիմել է վարչապետին, ՀՀ նախագահին, ավագանիները կառավարության որոշումը վերանայելու ուղերձ են ներկայացրել, մենք Մարալիկի հանրապետական քաղաքապետ Արտակ Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատասխաններ են ստացել: Ըստ նրա՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին հասցեագրված դիմումների պատասխաններն իրենք ստացել են առողջապահության նախարար Հարություն Քուշկյանից, եւ բոլորը նույնաբովանդակ են, պարզաբանում են, որ կառավարության որոշումը ընդունվել է դեռեւս 2 տարի առաջ, եւ որ եղած ռեսուրսները բավարար են 22 000 բնակչությանը սպասարկելու համար:
Նկատենք, որ, ըստ կառավարության որոշման, փակվելու է հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը, իսկ պոլիկլինիկան շարունակելու է գործել: Քաղաքապետ Ա. Գեւորգյանը բնականաբար համաձայն չէ այս պատասխանների հետ, ըստ նրա՝ աբսուրդ է մտածել, որ 22 000 բնակչություն ունեցող Անին մնալու է առանց հիվանդանոցի: Քաղաքապետի ասելով, բնակիչները ամեն օր գալիս են քաղաքապետարան այս հարցով բողոքելու: «Նրանք պահանջում են կառավարության նոր որոշում կամ նոր ձեւափոխություն, այլապես հնարավոր չի լինի ապահով զգալ: Հավատացնում եմ, որ թե ես եւ թե մյուս համայնքների ղեկավարները մեր բանավոր խոսքում ասել ենք, որ հիվանդանոցի պահպանման ծախսերը ինքներս կհոգանք, իսկ այս տարի կփոխանցենք հիվանդանոցի պարտքը, այն 3-4 մլն դրամը, որի համար փակում են միակ հիվանդանոցը: Ես պատրաստ եմ համայնքի բյուջեից 1մլն եւ ավելի ներդրում կատարել, մյուս 16 համայնքապետերն էլ պատրաստ են 200 000 դրամ փոխանցել, եթե հաշվարկ կատարենք, դա արդեն 3,5 միլիոն կլինի, հիվանդանոցի պարտքը կփակվի»,- ասաց Մարալիկի քաղաքապետը՝ փաստելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում այդ նույն հիվանդանոցը ճանապարհային ավտովթարի ենթարկված 2-3 մարդու կյանք է փրկել:
Նկատենք, որ այս բուժհաստատության գոյությունը կարեւոր է նաեւ նրանով, որ այն Գյումրի-Երեւան մայրուղում գտնվող միակ հիվանդանոցն է, իսկ այդ նույն մայրուղում ճանապարհային պատահարների թիվը անհաշվելի է: Նշենք, որ, ըստ բժիշկների, այս փաստը նկատի ունենալով, Անիի տարածաշրջանի ոստիկանությունը եւս դեմ է հիվանդանոցի փակմանը: Մարալիկի քաղաքապետի տեղեկացմամբ, իրենք հարցը մեկ անգամ եւս բարձրացրել են նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ, որն էլ նամակ է հղել առողջապահության նախարարին՝ նոր լուծում գտնելու ակնկալիքով:
Մի քանի օր առաջ 70 տարվա պատմություն ունեցող հիվանդանոցի բժիշկներն ու Անիի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացնում փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի կաբինետի առջեւ:


















































