Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ

Հուլիս 09,2010 00:00

\"\"Նոյեմբերյան քաղաքի նորակառույց, այդպես էլ չգործարկված, 90-ական թվականներին թալանված հյուրանոցում 1998-ին բնակություն հաստատեց ավելի քան երեք տասնյակ ընտանիք: Նրանք իրենց ուժերով կացարանները նորոգեցին, դարձրին բնակությանը պիտանի: Անցած տարիներին այնտեղ բնակվող 17 ընտանիք, քառակուսի մետրը 1350 դրամով, սեփականաշնորհել է իր բնակարանը: Նոյեմբերյան համայնքի ավագանու հուլիսի 7-ի նիստում քննարկվեց հյուրանոցի՝ դեռեւս չսեփականաշնորհված 17 բնակարանները օտարելու եւ օտարման մեկնարկային գին սահմանելու մասին հարցը: Օտարմանը կողմ էին բոլորը, տարաձայնություններ ծագեցին վաճառքի մեկնարկային գին սահմանելու հարցում: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը բնակարանների վաճառքի համար առաջարկեց շուկայական գին՝ քառակուսի մետրը 61 900 դրամ: Ավագանու անդամներից մեկն էլ, նկատի ունենալով, որ հյուրանոցում ապրում են խիստ կարիքավոր, օրվա հացը դժվարությամբ վաստակող ընտանիքներ, առաջարկեց խորհրդանշական գին՝ քառակուսի մետրը՝ 1700 դրամ: Նիստին ներկա բնակիչներն էլ առաջարկում էին հաշվի առնել իրենց սոցիալական վիճակը, տարածքը բնակելի դարձնելու համար կատարած ծախսերը եւ բնակարանները կամ անհատույց նվիրել, կամ էլ վաճառել էժան գնով: Շենքի բնակչուհիներից մեկի կողմից ավագանուն ուղղված ռեպլիկը, թե ավագանին բարեկեցիկ է, իրենց վիճակը չի հասկանում, սրեց իրավիճակը: Ավագանին ընդմիջում վերցրեց, որից հետո անցկացրեց փակ նիստ ու որոշեց՝ մինչեւ այս տարեվերջ առանձին լոտերով օտարել բոլոր 17 բնակարանները՝ քառակուսի մետրը 2000 դրամով: Սա ավագանու բարի ժեստն էր չկայացած հյուրանոցի բնակիչներին: Նրանցից ոմանք, խիստ կարիքավոր լինելով, նախորդ օրվա հին, էժանացած հաց են գնում: Ու այս մասին գիտեն բոլորը՝ մոտ 5500 բնակիչ ունեցող սահմանամերձ Նոյեմբերյանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել