Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգի, ազատություն, ինքնաիրացման սկզբունք

Օգոստոս 13,2010 00:00

Ահա թե ինչ է պետք երգին՝ ըստ Սերժ Թանկյանի

Օգոստոսի 11-ին Կոպենհագենից Երեւան ժամանեց աշխարհահռչակ հայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Երեկ երեկոյան կայացավ երաժշտի առաջին մենահամերգը Հայաստանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Իսկ դրանից առաջ նա հանդիպեց լրագրողների հետ:
Չնայած երաժիշտը մոտ 40 րոպե սպասեցնել տվեց լրագրողներին, բայց վերջիններս ծափողջույններով եւ հոտնկայս դիմավորեցին ռոք աստղին:
«Շատ հաճելի է այստեղ գտնվել: Ուրախ եմ ու մի փոքր զարմացած՝ չէի սպասում, որ այսքան մարդ կտեսնեմ ասուլիսին: Դա ինձ համար մեծ պատիվ է»,- լիարժեք հայերենով ասաց Ս. Թանկյանը:
Նա խոստովանեց, որ առաջին անգամ Հայաստանում հանդես գալու համար շատ հուզված է, բայց վերջապես կայացել է իր վաղեմի նպատակներից մեկը: «Շատ մոտ չնստեք, գլուխներդ կցավի,- կես կատակ, կես լուրջ ասաց Ս. Թանկյանն ու հավելեց:- Շատ անգամ եմ փորձել համերգ կազմակերպել այստեղ, բայց տարբեր պատճառներով չի ստացվել»: Հիշեցնենք, որ երեւանյան մենահամերգով երաժիշտը կշարունակի իր «Imperfect Harmonies» խորագրով շրջագայությունը:
Հայաստանի մասին հայերից լսած կարծիքներով Թանկյանն ասաց. «Հայաստանը մեկ մացառոտ է, մեկ քարքարոտ, բայց ամենատպավորիչը Լեռնային Ղարաբաղն է»:
Թե ինչո՞վ է տարբերվելու երեւանյան համերգը մյուսներից, նշեց. «Ես հայրենիքում մենահամերգին շատ երկար եմ պատրաստվել: Ինձ հետ է իմ 6 հոգանոց խումբը: Ողջ համերգի ընթացքում էլ նվագակցելու են 8 հայաստանյան դասական երաժիշտներ»:
Ռոք աստղը նկատում է, որ հայկական ռոքին այնքան էլ ծանոթ չէ, բայց համագործակցության առաջարկներից չի հրաժարվի. «Հայկական ռոք խմբերին առանձնապես ծանոթ չեմ: Ես չեմ նստում եւ ինտերնետով ռոք երաժշտություն փնտրում: Ես լավ music-ի սիրահար եմ՝ ռոք լինի, փոփ, թե ջազ: Չնայած սիրում եմ ոգեւորել, պրոպագանդել հայկական երաժշտությունը, բայց մասնավոր խմբերի կամ անձանց չեմ փնտրում: Իսկ հայերի հետ համագործակցելու մասին չէի մտածել, բայց լավ կլիներ»:
Անդրադառնալով քաղաքական թեմայով իր ստեղծագործություններին եւ մասնավորապես Ցեղասպանությանը վերաբերող երգերին՝ Սերժն ընդգծեց, որ իր երգերը պահանջ են՝ Հայոց ցեղասպանության ընդունման. «Շատ կցանկանայի հատուկ ծրագիր ներկայացնել, օրինակ, Ցեղասպանության 100-ամյակին, բայց չեմ ծրագրում, որովհետեւ չգիտեմ 5 տարի անց ուր եւ ինչպես կլինեմ»:
Լրագրողներին երաժիշտը ասաց, որ Երեւանում գտնվելու ժամանակ անպայման այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հումորով հավելեց. «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ինձ անպայման գնալ Ցեղասպանության հուշահամալիր, բայց ոչ թե որպես երաժիշտ, այլ՝ որպես մարդ արարած…»:
«Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է, որ նրա քաղաքական թեմայով ստեղագործությունների մեջ տեղ գտնեն նաեւ ղարաբաղյան թեմայով երգեր, ռոք աստղը պատասխանեց. «Չեմ կարող ասել… Ես չեմ նստում եւ առանձին topic գրում այս կամ այն երկրի կամ հարցի մասին: Ես ավելի գլոբալ հարցերի մասին եմ սիրում գրել: Օրինակ, եթե ես հիմա մի երգ գրեմ Ղարաբաղի մասին, դա լավ է Հայաստանի եւ Ղարաբաղի համար, բայց աշխարհի ամենալավ երգերը խաղաղ երգերն են: Որտեղ էլ որ լինես, լսես եւ հասկանաս՝ դա քո երգն է: Ինձ համար կարեւոր է, որ այդ երգերը բխեն ներսից, եւ կարեւոր չէ, թե դու աշխարհի որ երկրում ես ապրում եւ որտեղից ես գալիս, կարեւորը՝ երգերի մեջ դնես հոգիդ, ազատությունդ, ազգային ինքնաիրացման սկզբունքդ»:
«ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը ուրախությամբ դարձել է Սերժ Թանկյանի հայաստանյան առաջին մենահամերգի բացառիկ գործընկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031