Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՒՄ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

Օգոստոս 13,2010 00:00

Բայց իրենց ընտանի կենդանիներին հաճախ տանում են անասնաբույժի մոտ

«Ես իմ շնկին հաճախ եմ բերում անասնաբույժի մոտ, եթե նույնիսկ ոչ մի խնդիր չի ունենում»,- ասում է Հասմիկ Արամյանը: Հասմիկը չի հիշում, թե ինքը վերջին անգամ երբ է այցելել բժշկի, բայց իր պարտքն է համարում երեք ամիսը մեկ շնիկին տանել անասնաբուժական կլինիկա՝ հերթական ստուգման: Արամը եւս հաճախ է շնիկին բերում ստուգման, բայց ինքը չի այցելում բժշկի: «Չէ, ես չեմ վստահում բժիշկներին եւ չեմ այցելում»,- ասում է նա:
Հայաստանի պետական ագրարային համալսարանի անասնաբուժական կլինիկայի վարիչ, բժիշկ-անասնաբույժ Վահան Խաչատրյանը ասում է, որ մեր հայրենակիցները սկսել են հետեւել իրենց ընտանի կենդանիների առողջությանը: «Վերջին տարիներին մարդկանց մեջ կենդանի պահելու կուլտուրա է ձեւավորվել: Մեծ մասամբ տեղեկացված են, թե ինչ կանխարգելիչ միջոցներ պետք է կիրառվեն, նրանք հասկացել են, որ ավելի լավ է տարին գոնե մեկ անգամ կենդանուն անասնաբույժի մոտ տանել, քան հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել: Ճիշտ է, այլ երկրների հետ չենք կարող համեմատել, բայց առաջընթաց նկատվում է, երեւի սոցիալական վիճակից էլ է կախված»,- ասում է պարոն Խաչատրյանը: Անասնաբույժը նշում է, որ ընտանի կենդանիներ ունեցողները պետք է երեք կամ վեց ամիսը մեկ նրանց տանեն անասնաբույժի մոտ, իսկ մինչեւ մեկ տարեկան կենդանիներին՝ երկու ամիսը մեկ: Հիմնականում կենդանիները աղեստամոքսային խանգարումներ են ունենում: «Հիմա շոգ է, կերը երկար ժամանակ դրսում մնալով փչանում է, թթվում՝ կենդանին էլ ուտելով՝ հիվանդանում է»,- ասում է Վ. Խաչատրյանը: Կլինիկայում կատարվում են նաեւ վիրահատություններ, որոնք շատանում են աշնանը եւ գարնանը: «Այդ ընթացքում կենդանիների մոտ դաշտանային շրջան է եւ հաճախ են լինում արգանդի բորբոքումներ, կենդանիները զուգավորվում են, ծննդաբերում եւ կեսարյան հատումների թիվն էլ է աճում»: Անասնաբույժը նշում է, որ կենդանիների վիրահատությունը այնքան էլ թանկ հաճույք չէ:
Հիմա կլինիկայում աշխատում են երկու բժիշկ եւ մեկ բուժքույր: Ճիշտ է, կլինիկայի տարածքը շատ փոքր է, բայց անասնաբույժը նշեց, որ դա բավարարում է իրենց, սակայն «կլինիկան շնչառական ապարատի կարք ունի, որը շատ թանկ է եւ անալիզատոր չունենք»,- ասում է անասնաբույժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել