Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈ ԴՄԲՈ ՉԵ՞Ն»

Սեպտեմբեր 16,2010 00:00

Պարզվում է՝ լավ էլ դմբո են

\"\"
Ջրի մագիստրալի վրա շինարարություն են անում: Դմբո՞ են:

Եթե ընդամենը մի քանի տարի առաջ Ավանը մայրաքաղաքի մյուս համայնքների համեմատությամբ ինչ-որ առումներով օրինակելի էր համարվում, ասենք՝ կանաչ տարածքների հաշվին տեղի-անտեղի կառուցապատում չէր կատարվում, ապա այսօր Ավանն էլ դադարել է օրինակելի լինելուց: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ համայնքի Չարենցի թաղամասի բնակիչները՝ դժգոհելով, որ իրենց համայնքի արդեն սակավաթիվ ազատ տարածքներին փորձում են տիրանալ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի ծանոթ-բարեկամները. «Տեղից էլ էն յուղոտ մասերը փոխքաղաքապետն արդեն իրենով է արել, իհարկե՝ ոչ իր անունով: Մեր համայնքի բնակիչները հինգ մատի պես գիտեն, թե փոխքաղաքապետին որ խանութն ու օբյեկտներն են պատկանում: Շարքային բնակչի համար անգամ մի ավտոտնակի տարածք վերցնելն արդեն մեծ պատմություն է: Եթե թաղապետին կամ փոխքաղաքապետին գոնե հեռակա բարեկամ կամ ծանոթ չես, ուրեմն պիտի մոռանաս որեւէ տարածք ունենալու մասին»:
 Վերջերս էլ Չարենցի թաղամասի թիվ 11, 12 շենքերի հարակից տարածքում մի քանի ծառ է հատվել: Բնակիչների տեղեկություններով՝ տարածքին տիրացել է փոխքաղաքապետի մտերիմներից մեկը: Այս օրերին նշյալ հասցեում ավտոտնակների հարեւանությամբ բուռն շինարարություն է ընթանում: Բնակիչները, որքան փորձել են պարզել, թե ինչ է կառուցվում, չեն կարողացել. «Իսկ երբ մենք էինք դիմել ավտոտնակ կառուցելու համար, մերժում ստացանք, իբր թե տարածքի ճարտարապետական տեսքը կխաթարվի: Բայց տարածքում նախ էլի կան ավտոտնակներ, հետո էլ՝ մի գեղեցիկ ճարտարապետական տեսք չկա, որ մենք էլ խաթարեինք: Ամբողջ տարածքում խառնաշփոթ վիճակ է՝ մի տեղ սանսեկտորն է, մի տեղ անհասկանալի շինանյութեր են լցված, ոնց որ «սվալկա» լինի»: Մեզ հետ զրույցում բնակիչները վստահեցրին, որ հանուն այդ շինարարության մեկ օրում գաղտագողի հատվեց 30 տարվա 4-5 ծառ, մայթին տեղադրված նստարանն էլ անհայտացավ: Բնակիչները նաեւ անհանգստացած են, որ այն հատվածում, որտեղ այժմ շինարարություն է ընթանում, քաղաքի մի քանի համայնքների խմելու ջրի գլխավոր ռեզերվային մագիստրալն է անցնում, իսկ կառուցվող օբյեկտն այնքան մոտ է ավտոտնակներին, որ հրդեհի դեպքում մեքենաները չեն կարող մոտենալ. «Վերջապես դա բակային հատված է, եւ մինչ շինարարություն սկսելը՝ գոնե բնակիչների հետ համաձայնեցնեին, կամ էլ գոնե մի ցուցատախտակ լիներ, թե ինչ է կառուցվելու: Մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում»:
Նշենք, որ բնակիչները չցանկացան իրենց անունները հրապարակել, կարծելով, որ թաղապետը կամ այլ պաշտոնյա  հաշվեհարդար կտեսնի իրենց հետ. «Քթներիցս կբերեն, ո՞վ կարող է անօրինականության մասին ազատ խոսել: Ամբողջ Ավանում հանրապետականներն են իշխում»: Իսկ որ դժգոհության առիթ դարձած օբյեկտը փոխքաղաքապետին է պատկանում, իհարկե՝ ոչ նրա անունով, բնակիչները կասկած չունեն. «Նախօրեին Տարոն Մարգարյանը, թաղապետի եւ փոխթաղապետի հետ այցելել էր տարածք ու անձամբ էր ստուգում՝ ինչպես է ընթանում շինարարությունը»:
Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն «Առավոտին» այս առնչությամբ հայտնեց, որ նշյալ տարածքում շինարարություն անելու համար կա համապատասխան թույլտվություն: Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա պարոն Ասատրյանը բնակիչներին հորդորեց դիմել ոստիկանություն. «Գուցե արարքը կատարողներին բերման ենթարկեն, պատժեն: Բայց կարող է եւ պարզվի, որ այդ ծառերը բանի պետք չեն եղել կամ, ասենք, տեղափոխել են»: Մեր դիտարկմանը, որ բնակիչները վախեցել են դիմել ոստիկանություն, քանի որ գիտեին՝ այդ շինարարությունը կապված է փոխքաղաքապետի անվան հետ, պարոն Ասատրյանն ասաց. «Ի՞նչ է, փոխքաղաքապետի մտերիմները իրավունք չունե՞ն շինարարություն կատարել: Մենք հո աբորիգեններ չե՞նք, որ քաղաքաշինական փաստաթղթերի առկայության դեպքում նման բան արվի: Իմ պրակտիկայում նման բան չի եղել: Ձեզ թվում է, թե պաշտոնատար անձինք ավելի քի՞չ են մտածում այս քաղաքի մասին, քան բնակիչը»:
Իսկ բնակիչների այն մտավախությանը, որ շինարարությունն իրականացվում է քաղաքի մի քանի համայնքների խմելու ջրի մագիստրալի վրա, պարոն Ասատրյանը վստահեցրեց, որ նախքան շինարարություն սկսելը, կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, ըստ որի էլ նա պետք է գործի եւ պահպանի նորմերը. «Որքան որ նայում եմ հատակագիծը, ոնց որ թե ջրագիծ չկա: Բացի այդ, հո դմբո չե՞ն, որ մագիստրալի վրա շինարարություն անեն կամ էլ թույլ տան, որ մագիստրալն անմիջապես կպած լինի իրենց կառուցվող շենքին: Հնարավոր է՝ ջրագիծ լինի, որն ունի սպասարկման իր տեխնիկական նորմերը: Այդ ամենը հաշվի է առնվում: Եթե կա անհրաժեշտություն ջրագիծը տեղափոխել՝ այդ ամենը հաշվի է առնվում»:
Իսկ «Երեւանջուր» ընկերության՝ «Առավոտին» տված պարզաբանումը հաստատեց, որ բնակիչներն այնքան էլ չեն սխալվում: Ընկերությունից մեզ վստահեցրին, որ նշյալ տարածքում շինարարություն կատարելու համար երբ դիմել են ընկերությանը, որպեսզի տեխնիկական փաստաթղթեր եւ թույլտվություն ստանան՝ մերժվել են, քանի որ այդ հատվածով իսկապես ջրագիծ է անցնում: Ստացվում է, որ շինարարությունն անում են առանց ջրմուղի համաձայնության:
Փաստորեն, շարքային բնակիչն ավելի շատ է մտածում քաղաքի մասին, քան, ինչպես պարոն Ասատրյանն էր պնդում, պաշտոնատար անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել