Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԸ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ ԿՈՒՆԵՆԱ

Հոկտեմբեր 07,2010 00:00

«Մենք ամենեւին չէինք ակնկալում, որ Արցախում ազգային պատկերասրահ ստեղծելու գաղափարը այսքան աջակիցներ կունենա»,- ըստ «Հայաստանյայց Եկեղեցի» ամսաթերթի, ասել է Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, որ Մոսկվայում էր գտնվում ապագա թանգարանին նվիրաբերած նկարները Արցախ հասցնելու գեղեցիկ առիթով: Սեպտեմբերի 30-ին Հայկական նրբանցքի Լազարյանների նշանավոր առանձնատանը, ուր գտնվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր մասնակիցն են այդ հայրենանվեր նախաձեռնության, այդ թվում՝ «Արցախի բարեկամներ» կազմակերպության անդամները՝ գլխավորությամբ նկարիչ Գրիգորի Գաբրիելյանի: Հենց վերջինիս էլ պատկանում է թանգարանի ստեղծման գաղափարը: Շուրջ հիսուն կտավ իրենց վերջին հանգրվանն ուղեւորվելուց առաջ, ցուցադրվում էին դեսպանատան սրահներից մեկում: Հայ հեղինակների աշխատանքներից զատ, ներկայացված էին եթովպացի, եգիպտացի, մեքսիկացի նկարիչների գործերը: Նրանց կողքին տեղ էին գտել գեղանկարչական աշխատանքներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից: «Մեր հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի հարեւանները պատերազմի կոչ են անում, բայց արցախցին իր մեջ ուժ է գտնում բացելու պետական պատկերասրահ: Այն ազգն է հավերժ, որ ընդունակ է արարելու, ստեղծելու, քայլելու դեպի քաղաքակրթություն»,- ասել է ՌԴ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել