Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցությունից մինչեւ էլիտար կրթություն

Հոկտեմբեր 21,2010 00:00

Օրերս «Եվրասիա» միջազգային համալսարանում կայացավ պետական եւ ոչ պետական համալսարանների միջեւ մրցակցությանը վերաբերող «կլոր-սեղան»- քննարկում՝ «Մրցակցություն եւ համագործակցություն բարձրագույն կրթության բնագավառում» թեմայով:
Քննարկամը մասնակցում էին բուհերի ռեկտորներ, բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ բարձրագույն կրթության ոլորտի այլ շահակիցներ:
Ըստ «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի, քննարկումը նպատակ ունի վեր հանել պետական եւ մասնավոր բուհերի գործակցության արդի վիճակը, ինչպես նաեւ նրանց միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ պետական քաղաքանակության համատեքստում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարեւորեց պետական քաղաքականությունը կրթության բնագավառում. «Ոչ պետական բուհերը իրենց կազմակերպաիրավական ձեւով կամ ՍՊԸ-ներ, կամ Ա/Ձ-ներ, կամ արտադրական կոոպերատիվներ, երբեմն էլ հիմնադրամներ են: Սա նշանակում է՝ ունեն ֆինանսատնտեսվարման ավելի մեծ ազատություն եւ տնտեսական գոծունեություն ծավալելու ավելի մեծ հնարավորություն: Պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ տարբերությունները՝ պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ լինեն պայմանավորված միայն իրենց կազմակերպաիրավական ձեւի առանձնահատկություններով: Օրենսդրական նախաձեռնություններից մեկով տեսականորեն ֆիքսվում է նաեւ պետպատվերի տեղադրման հնարավորություն մասնավոր բուհերում»:
Նախարարը խոսեց նաեւ նոր օրենսդրական նախագծի մասին, որը վերջերս ներկայացվել է ԱԺ եւ առաջիկա նիստերում կքննարկվի. դա էլիտար կրթությունն է. «Վերջին երկու տարիների ընթացքում կրթության մատչելիության գերագույն աստիճանի քաղաքականություն ենք տանում: Մի կողմից սա ապահովում է կրթության մասսայականությունը, բայց մյուս կողմից պետք է չխուսափենք եւ հասկանանք, որ աշխարհն այդ ուղղությամբ գնացել է եւ գնալու է: Այնպես որ՝ մասսայականության, զանգվածային բարձրագույն կրթության պարագայում ապահովել նաեւ կրթության որակ: Իսկ որակ ասելով՝ նկատի ունեմ շատերի մոտ շփոթություն առաջացնող՝ բառի բուն իմաստով էլիտար կրթությունը: Այս ճանապարհով գնացել է Ռուսաստանը, երբ իր 1500 բուհերից ընտրել է 25 լավագույններին եւ հավելյալ ֆինանսավորում է տալիս, ինչպես նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Մեր քաղաքականության մեջ այս կոմպոնենտը նույնպես ներմուծվելու է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում՝ նախեւառաջ որպես «պիլոտային» նախագիծ, որով ստեղծվելու է Մրցակցային նորարարության հիմնադրամ: Այսինքն՝ մենք, բացի գոյություն ունեցող ֆինանսական մեխանիզմներից, դրել ենք մրցակցային ֆինանսավորման սկզբունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել