Արդեն քանի օր է՝ մայրաքաղաքի փողոցներում չես տեսնի վերջին տարիներին շատ հաճախ հանդիպող թանկարժեք «Bentley» եւ «Maybach» մակնիշի ավտոմեքենաներ: Այն մարդիկ, որոնք մինչեւ վերջերս «թիթիզանում» ու գլուխ էին գովում, որ նման մեքենա են վարում, այս օրերին ստիպված են իրենց «Bentley»-ները եւ «Maybach»-ները թաքցնել: «Առավոտի» տեղեկություններով, այս մակնիշի ավտոմեքենաները անմիջական կապ ունեն օրերս ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված հայկական մաֆիայի աղմկահարույց գործի հետ, որի պարագլուխներից է Հայաստանից ԱՄՆ արտագաղթած «Պզո» մականունով օրենքով գողը: Ըստ որոշ լուրերի, այս հանցավոր խմբի գործունեության, այսպես ասած, բիզնեսի հիմնական ճյուղերից մեկը եղել է վաճառքի նպատակով ամերիկյան ավտոմեքենաների ներկրումը մեր երկիր: Այն օրից ի վեր, ինչ լուրեր են տարածվել, որ հանցագործության մանրամասները բացահայտելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի հատուկ ծառայության մի խումբ, նշյալ մակնիշի ավտոմեքենաների տերերը խուճապի մեջ են: Նրանց տարբեր «կանալներով» զգուշացվել է միառժամանակ ավտոմեքենաները «մեյդան» չհանել: