Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ» ԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 28,2010 00:00

Կոմպոզիտոր Յուրի Գալստյանի հերթական նախաձեռնությունը

\"\"
Յու. Գալստյանը (աջից), Մ. Հայրապետյանը եւ  Հ. Կարապետյանը:

«Առավոտը» տեղեկացրել էր կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Գալստյանի՝ իր կոլեգաների երկերի քարոզչական գործունեության մասին՝ Մոսկվայում: 2009 թ. դեկտեմբերից  կոմպոզիտորի  այս մտահղացման եւ իրականացման արդյունքում, շուրջ 20 տարվա լռությունից հետո, Ռուսաստանում անցկացվող «Սոբիրայեմ դրուզեյ», «Վսելեննայա զվուկա» միջազգային երաժշտական փառատոներին եւ այլ համերգաշարերին հնչել են 25 հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Ալ. Հարությունյանի, Էդ. Սադոյանի, Գ. Չթչյանի, Դ. Ազարյանի, Գ. Հովունցի, Մ. Վարդազարյանի, Գ. Քեոսայանի կամերային ստեղծագործություններից՝ ոչ միայն տեղի հայ, այլեւ օտարերկրյա երաժիշտների մեկնաբանությամբ: 5 համերգ կայացել է Մոսկվայում, 5-ն էլ այս ամռանը՝ Երեւանում, Գյումրիում եւ Գառնիում: Յու. Գալստյանին օգնության ձեռք են մեկնել Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օ. Գալախովը, միության փողային երաժշտության սեկտորի ղեկավար Ի. Սավինովը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Օ. Ֆիլիպենկոն, ՌԴ պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վ. Չուգրեեւը եւ այլք:
Օրերս «Առավոտի» հետ զրույցում Յու. Գալստյանն ասաց, որ համերգների արձագանքներից ոգեւորված, համագործակցության առաջարկ  է արել ՌԴ կոմպոզիտորների միության նախագահ Ա. Ավդեենկոն: Առաջիկայում՝ 2011-12թթ. ծրագրված է Մոսկվայում անցկացնել հայկական երաժշտության փառատոն: Կոմպոզիտորը հույս հայտնեց, որ բացի «ռուսաստանյան» աջակցությունից, գուցե Հայաստանում էլ գտնվեն հովանավորներ: 
Հավելենք, որ վերջերս Յու. Գալստյանի նախաձեռնությամբ Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում մենահամերգով հանդես եկավ դաշնակահար,  Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտ Միքայել Հայրապետյանը: Հնչեցին Բրամսի, Շոպենի, Պրոկոֆեւի եւ Գ. Քեոսայանի ստեղծագործություններից: Մեզ հետ զրույցում Մ. Հայրապետյանն ասաց, որ կոմպոզիտոր Գալստյանի հետ ծանոթացել է ամռանն անցկացված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ժամանակ, անձամբ ներկա է եղել Մոսկվայում կայացած հայ կոմպոզիտորների երկերից բաղկացած համերգային մի քանի երեկոների: «Գարնանն ու ամռանը կազմակերպված մոսկովյան փառատոների ժամանակ ուրախալին այն էր, որ հայ կոմպոզիտորների երկերը հնչեցին ոչ միայն հայ, այլեւ ռուս, հրեա, չին, բելառուս, ճապոնացի եւ այլ ազգերի երաժիշտների մեկնաբանությամբ: Ինչպես մոսկվաբնակ հայերը, այնպես էլ ռուս հանդիսատեսը հետաքրքրված է հայ արվեստով, մասնավորապես՝ երաժշտությամբ: Կարծում եմ՝ Մոսկվայում 2011-ին անցկացվող հայ երաժշտության փառատոնին կհրավիրվեն նաեւ հայաստանաբնակ անվանի կատարողներ: Կարեւորում եմ Մոսկվայում անցկացված համերգների վայրը՝ Ռախմանինովյան, Մոսկվայի կոնսերվատորիայի, Կոմպոզիտորների տան հեղինակավոր դահլիճները…»,- ասաց Մ. Հայրապետյանը: Համերգից ոգեւորված էր նաեւ Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը. «Տարվա կտրվածքով գրադարանում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Կարծում եմ, որ մեծ համերգասրահներից բացի, թե՛ կատարողը եւ թե՛ ունկնդիրը իրենց լավ են զգում նաեւ փոքր, մտերմիկ դահլիճներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել