Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումինական փիլիսոփայության հայրը

Նոյեմբեր 05,2010 00:00

Վասիլե Կոնտա -165

Այս տարի լրանում է 19-րդ դարի անվանի դեմքերից մեկի, ռումինացի օրենսգետ, հրապարակախոս, պետական-քաղաքական գործիչ, ուսուցչապետ եւ փիլիսոփա՝ հայազգի Վասիլե Գրիգորեի Կոնտայի ծննդյան 165-ամյակը: Նրա կենսագրությունը մանրամասն նկարագրել է ռումին մտավորական Օգտավ Մինարը՝ իր 1200 էջանոց հատորում: Վ. Կոնտան ծնվել է 1845 թ. նոյեմբերի 15-ին, Բեսարաբիայի Քահուլ, այլ աղբյուրում՝ Գինդըոան գյուղում, ուր եւ անցել է նրա մանկությունը: Հայրը՝ Գրիգոր Կոնտայանը եղել է համեստ կարողության տեր հայ քահանա: Որդուն կրթության տալու նպատակով 1854 թ. ընտանիքով տեղափոխվել են Թըրկուլ-Նեմց գյուղաքաղաքը, ուր 9-ամյա Վասիլեն սկսել է հաճախել նախակրթարան: 1858 թ. դպրոցը 4 տարում ավարտելուց հետո հայրը նրան տանում է Յասի (Յաշ) եւ ընդունում Միհայելենի ակադեմիան: Այստեղ 1860 թ. Վասիլեն ծանոթանում է հռչակավոր դերասան Լուպեսկուի հետ եւ ընդհատելով ուսումը՝ մտնում նրա թատերախմբի մեջ որպես հուշարար: Երկու տարի թատրոնում աշխատելուց հետո որոշում է կրկին նվիրվել գիտությանը: 1862 թ. ընդունվում է Յասիի համալսարանը: Ուսումնառության ավարտին գրում է ավարտաճառ, որում էլ ի հայտ է գալիս Կոնտայի հանճարը:

1869 թ. բարեգործական մի ընկերության հովանավորությամբ Կոնտան մեկնում է Բելգիա եւ ուսանում Անտվերպենի համալսարանի առեւտրական բաժնում: Միաժամանակ հաճախում է Բրյուսելի համալսարանի իրավագիտության բաժինը եւ ստանում իրավագիտության դոկտորի աստիճան: Որոշ ժամանակ ֆրանսերեն է դասավանդում Գենտի համալսարանում: Օտարության մեջ նյութական միջոցների պակասը եւ սկսված ծանր հիվանդությունը ստիպում են նրան վերադառնալ Յասի: Այստեղ որպես իրավաբան ստանձնում է մի քանի դատ անցկացնել, սակայն տեսնելով, որ օրենքը միշտ գործում է աղքատների ու խեղճերի դեմ, լքում է իրավաբանության ասպարեզը: Կոնտան գրում է իր մի շարք երկերը, որոնք լույս են տեսնում ֆրանսերեն: Դրանք են՝ «Ճակատագրապաշտության տեսությունը», «Տեսակների ծագումը», «Տիեզերական տատանումների տեսությունը», «Մատերիալիստական մետաֆիզիկայի ակնարկներ», «Աշխարհի կազմավորման առաջին սկզբունքները». գրել է նաեւ բանաստեղծություններ:

Կոնտայի աշխատությունները, զեկուցումները, հոդվածները, պառլամենտական ճառերը, իրավաբանական ուսումնասիրությունները, կանոնադրությունները եւ նամակները վկայում են հեղինակի բազմակողմանի զարգացածության եւ առաջադիմական հայացքների մասին: 1877 թ. հունիսի 20-ին Բուխարեստում կայացած քվեարկությամբ ամենաշատ ձայները ստանալով՝ Կոնտան կրթական իշխանությունների կողմից նշանակվում է Յասիի համալսարանի քաղաքացիական իրավունքի բաժնի ուսուցչապետ (պրոֆեսոր): 1879-81թթ. նվիրվում է հրապարակախոսությանը եւ մի խուլ պայքար սկսում Ազատական կուսակցության դեմ: 1879թ. Անկախականների կուսակցությունից Մոլդովայի կողմից ընտրվում է Ռումինական պառլամենտի անդամ: Պառլամենտում նրա ճառերը հիացնում են նույնիսկ թագավորին: Նախարարապետ Եիոնել Բրատիանոն, տեսնելով պառլամենտում Կոնտայի տիրապետող ուժը, փորձում է նրան ընդգրկել իր կուսակցության մեջ, առաջարկելով ժողովրդական լուսավորության նախարարի պաշտոնը: Եվ Կոնտան 1880 թ. դառնում է նախարար: 1881 թ. հրաժարվում է նախարարի պաշտոնից եւ ստանձնում Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը, ուր եւս երկար չմնալով՝ մեկնում է Իտալիայի Պիզա քաղաքը: Մի քանի ամիս այնտեղ բուժվելուց հետո վերադառնում է Ռումինիա եւ 1882թ. ապրիլի 21-ին մահանում՝ 37 տարեկան հասակում: Նրա աճյունը ամփոփված է Յասիի «Հավիտենություն» գերեզմանոցում:

Վասիլե Կոնտան իրավամբ համարվում է ռումինական փիլիսոփայության հայրը: Լինելով մատերիալիստ-փիլիսոփա, նա իր եզրակացությունները հիմնում էր բնագիտության տվյալների վրա: Ըստ նրա, բնությունը նախորդում է գիտակցությանը: Ասել է թե՝ մարդու գիտակցությունը երկրորդային է, ածանցված: Առաջադրելով համընդհանուր պատճառականության գաղափարը, այն վերագրել է նաեւ մարդու հոգեկանին, ինչը բնորոշել է որպես մարդու նյարդային համակարգի գործունեության ֆունկցիա: Կոնտան չնայած հանդես էր գալիս գռեհիկ մատերիալիստ Ֆոգտի դեմ, այնուամենայնիվ, չհասցրեց բարձրանալ մինչեւ մտածողության գիտական ըմբռնումը: Ըստ նրա, անվերջ մատերիան հավերժորեն զարգանում է տարածության ու ժամանակի մեջ: Դասակարգելով օրենքները մատերիայի ձեւերի տարբերության հիման վրա՝ նա միաժամանակ ժխտում էր պատահականությունը եւ պնդում, որ բոլոր օրենքները ճակատագրական բնույթ ունեն: Մարդու ճանաչողական ընդունակությունն ու կարողությունը նա համարում էր անսպառ, ինչպես եւ բուն իրականությունը: Նա մարդու զգայությունն ու ընկալումը համարում էր ճանաչողության առաջին, անմիջական աստիճան, իսկ մտածողությունը՝ երկրորդ, միջնորդավորված աստիճան, որն արտացոլումն իրականացնում է զգայության տվյալների մշակմամբ: Լինելով աթեիստ, Կոնտան կրոնի աղբյուրը համարում էր նախնադարյան մարդու չիմացությունն ու վախը բնության երեւույթների հանդեպ: Կոնտան ունեցել է հայ աշակերտներ: Իր աշխատություններում խոսել է Հայաստանի ու հայերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել