Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթանք պատգամավորներին

Նոյեմբեր 09,2010 00:00

«Առավոտի» խմբագրություն դիմած թոշակառուները կառավարությանն առաջարկում են իրենց թոշակների հաշվին բարձրացնել պատգամավորների աշխատավարձերը, քանի որ, ըստ նրանց, իրենց թոշակները չեղածի հաշիվ են:
«Ազգային ժողովի  6 պատգամավորներ օրենքի նախագիծ են մշակել, առաջարկելով կրկնակի բարձրացնել օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ղեկավար անձանց աշխատավարձերը, որպեսզի նրանք «կարկատած շալվարներով» չգնան արտասահման: Այդ մասին իմանալով, մենք՝ կենսաթոշակառուներս, մեծ զարմանք ապրեցինք, չգիտեինք՝ ծիծաղեինք, թե լաց լինեինք: Նրանք այսօր 7-8 անգամ  բարձր աշխատավարձ են ստանում, քան գիտնականը, բժիշկը, ինժեները եւ մյուս մտավորականները: Միաժամանակ, պատգամավորների մեծամասնությունը զբաղվում է բիզնեսով եւ օգտվում բազում լծակներից: Իսկ ամենազավեշտականն այն է, որ այդ հարցը բարձրացնող պատգամավորները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, բայց հանուն իրենց անձնական շահի՝ նրանք շատ արագ համախմբվեցին: Այդ պատգամավորների մշակած օրենքի նախագիծը, մեղմ ասած, համազոր է ցինիզմի, դրանով նրանք անխղճորեն ծաղրում են այն հարյուր հազարավորներին, որոնց աշխատավարձերը եւ կենսաթոշակները չեն գերազանցում 30-40 հազարը:
Դե ինչ, որպեսզի մեր Ազգային ժողովի պատգամավորները, գործադիր եւ դատական մարմինների ղեկավարները արքայավայել շրջագայեն արտասահմաններում եւ բարձրաշխարհիկ կյանքով ապրեն, մենք՝ կենսաթոշակառուներս, առաջարկում ենք նրանց աշխատավարձը կրկնապատկելու-եռապատկելու հեշտ եւ անվտանգ ճանապարհ, այն է՝ նրանց աշխատավարձերը բարձրացնել կենսաթոշակառուների հաշվին՝ իջեցնելով կենսաթոշակների չափը 20-30 տոկոսով, միեւնույն չէ՞ մեռածի համար, թե իր դագաղը ինչ փայտից է պատրաստված: Այդ օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, կարող են ամեն ինչ ծառայեցնել իրենց անձնական շահերին, մոռանալով, որ դրանով տասնապատկում են ժողովրդի զայրույթը եւ ավելի խորացնում ժողովրդի եւ իշխանության միջեւ եղած անջրպետը, չէ՞ որ ժողովրդի համբերությունն էլ սահման ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել