Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Եկան, գովեցին, գնացին

Նոյեմբեր 11,2010 00:00

Երեկ Երիտասարդների միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպեցին «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը, «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանը եւ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը: Գ. Մելքոնյանը հպարտ է, որ հայ երիտասարդությունը ցեղասպանության հարցում եւ արցախյան խնդրում միասնական է՝ անկախ քաղաքական եւ կուսակցական պատկանելությունից: Խոսելով երիտասարդությանն առնչվող խնդիրներից՝ Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ այսօր հայ հասարակության մեջ եւ մասնավորապես երիտասարդների շրջանում իշխում է անտարբերությունը: Ըստ նրա, ավելի լավ է երիտասարդն ունենա քաղաքական կողմնորոշում, քան լինի անտարբեր: Գ. Մելքոնյանն առաջնահերթ համարեց երիտասարդների մեջ քաղաքացիական գիտակցություն եւ պետական մտածելակերպ սերմանելը: ՀՀԿ անդամ Գ. Մելքոնյանը  չհամաձայնեց լրագրողների այն կարծիքին, թե հայ երիտասարդների մեծամասնությունը կուսակցականացված է: «Միասին» երիտասարդական շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն էլ ասուլիսի ողջ ընթացքում գովեց իրենց շարժումը եւ հպարտացավ, որ ունեն երիտասարդ շատ անդամներ, որոնք որեւէ կուսակցության չեն պատկանում: Լրագրողները «Միասինի» ղեկավարին հարցրին՝ որքանո՞վ է ճիշտ «Միասինը» համարել բազմամարդ շարժում, երբ օգտագործվում են պետական լծակները, որպեսզի ուսանողներին դասերից քշեն հրապարակ, կամ ի՞նչն է երիտասարդներին միավորում այդ շարժման մեջ, եթե նրանք տեղյակ չեն, թե ինչ միջոցառման են ներկա լինելու: Հ. Հակոբյանը նեղսրտեց. «Գոնե այն աշխատանքը, որ արվում է, կուզեի, որ գնահատվեր, ոչ թե քար նետվեր այն բոստանը, որը մի փոքր ծաղկում է»: 
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետի կարծիքով, հայ երիտասարդությունն այսօր ավելի շատ մտածում է իր անձնական, սոցիալական հարցերի մասին. «Եթե երիտասարդը չի կարողանում աշխատանք գտնել եւ  իր ընտանիքը պահել, նրան ավելի քիչ կհուզեն ազգային հարցերը: Այսօրվա կրթությունը այնպիսի մասնագետներ չի ապահովում, որ վաղվա սերունդը կարողանա հետագայում պայքար մղել թե՛ աշխատանքում, թե՛ պետության կառուցման գործում»: Գ. Մելքոնյանը, հակառակը, կարծում է, որ սոցիալական խնդիրները չեն բերում անտարբերության: ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանն էլ նշեց, որ պատրաստվում են երիտասարդ գիտնականներին վերաբերող հայեցակարգ մշակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել