Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՖՐՈՒՆԶԻԿԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՍԵՆՍԱՑԻԱ ՄԻ ՓՆՏՐԵՔ»

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Կայացավ «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմի առաջնախաղը

Նոյեմբերի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Կինոաշուն» Ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում կայացավ «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմի առաջնախաղը՝ Հովհաննես Գալստյանի բեմադրությամբ: «Առավոտի» հետ զրույցում Հ. Գալստյանը ասաց, որ հանդիսականի դատին ներկայացված «Մհեր Մկրտչյան-80» ֆիլմն ավելի շատ տեսանյութ է հիշեցնում, քան վավերագրական ֆիլմ:
«Ես բոլորովին ուրիշ Մհեր Մկրտչյան էի պատկերացնում: Պարզապես ինձ հանձնարարել էին անել հուշ-երեկո, ինչն էլ փորձեցի անել ֆիլմի տեսքով, քանի որ հուշ-երեկոներ անել չեմ սիրում: Թող կոպիտ չհնչի, բոլոր հուշ-երեկոները «կծի-պծի» ձեւով են ընթանում, ինչը ինձ դուր չի գալիս: Մեծերի մասին պետք է ավելի լուրջ խոսել»,- ասաց Հ. Գալստյանը:
Ըստ մեր զրուցակցի, «Մհեր Մկրտչյան-80» վավերագրական ֆիլմը նկարվել է ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով, ունի վատ ձայն… Պատճառը, Հ. Գալստյանի խոսքերով՝ սուղ հնարավորություններն էին: «Անչափ շնորհակալ եմ Ազգային կինոկենտրոնին ֆիլմին աջակցելու համար: Արդեն մեկ ամիս է, ինչ Ազգային կինոկենտրոնը հայկական ֆիլմեր է ցուցադրում: Դա հրաշալի գաղափար է: Մեր հայ կինոն նորից շրջվել է դեպի հանդիսատեսը»,- ասաց Հ. Գալստյանը:
Մեր հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Մհեր Մկրտչյանի մասին նկարահանված ռուսական արտադրության վավերագրական ֆիլմերի մասին, Հ. Գալստյանը նշում է. «Պրոֆեսիոնալ են վերլուծել թեման, բայց ամեն ինչ արել են իրենց հաճո տրամաբանությամբ: Եվ ինձ, անկեղծ ասած, չհամոզեցին, քանի որ փորձել էին սենսացիա կորզել …»:
Ռուսական արտադրության անհաջող մատուցման մասին նոր ֆիլմի ցուցադրությունից հետո խոսեց նաեւ Ալբերտ Մկրտչյանը. «Ռուսական արտադրության երկու ֆիլմերն էլ ինձ չեն գոհացրել: Ստիպված եմ եղել զանգել Մոսկվա եւ արտահայտել վրդովմունքս»:
Ինչ վերաբերում է Գալստյանի ֆիլմին, Ա. Մկրտչյանին դուր է եկել. «Նստեցի տեսախցիկի առջեւ ու սկսեցի երկար խոսել… Չէի պատկերացնում, թե ինչ կարող էր ստացվել վերջում: Ասեմ, որ ամեն ինչ իմ սրտով եղավ: Հ. Գալստյանը խոստումնալից ռեժիսոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել