Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարվանից շատ մեդալ կլինի

Նոյեմբեր 12,2010 00:00

Հայաստանի առաջատար ծանրորդների՝ 2010 թվականի պաշտոնական \"\"վերջին մրցումը նոյեմբերի 19-28-ը Լիմասոլում կայանալիք Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների աղջիկների եւ տղաների առաջնությունն է:

Մրցաշրջան 2010-ում թե անհատական եւ թե թիմային արդյունքներով հույսերը լիովին արդարացրած մարզաձեւի մեր ներկայացուցիչներն այսօր ուսումնամարզական հավաքների վերջին օրերն են անցկացնում: Մենք մասնակցելու ենք բոլոր չորս (տղաների եւ աղջիկների) առաջնություններին:

Երեկ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, որը, որպես կանոն, մինչեւ բոլոր հարցերի վերջնական պատասխանը չունենա, աշխատում է տպագիր մամուլի էջերում եւ հեռուստաեթերում չերեւալ, «Առավոտի» հետ ունեցած առանձնազրույցում խոսեց հավաքականների նախապատրաստական փուլի մասին եւ հրապարակեց Լիմասոլ ուղեւորվող ծանրորդների ցուցակը:

Ըստ այդմ, բոլոր չորս հավաքականներն էլ ուսումնամարզական հավաքներն սկսել են սեպտեմբերի վերջին: Ընդ որում, դրանց մասնակցելու նախապես հրավիրված եղել են 28 տղա եւ 7 աղջիկ: Պարոն Խաչատրյանի հավաստմամբ՝ Ծաղկաձորում, Գյումրիում եւ Աբովյանում մարզումներն ընթացել են ամբողջական առավելագույն ծրագրով, ինչն իրականացնելուն մեծապես աջակցել է ՀԱՕԿ-ի նախագահը:

– Հիմա, երբ Կիպրոս մեկնելուն հաշված օրեր են մնացել, թեկնածուների վերջնական զտում կատարվե՞լ է:

– Անշուշտ: Ներկայումս մարզիչներն ընտրել են ամենաարժանավորներին, որոնք էլ հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Սակայն վերջնական կազմերը դեռեւս վերջնական ճշգրտման կարիք ունեն, որը կլինի մոտ օրերս: Հիմա կարող եմ անուններ թվարկել, սակայն կրկնում եմ՝ կարող է մեկ-երկու փոփոխություն լինել:

– Համեցեք:

– Աղջիկներ: 20 տարեկաններ: 58 կգ՝ Ալլա Սամվելյան, 63 կգ՝ Քրիստինե Պետրոսյան:

23 տարեկաններ: 53 կգ՝ Էլեն Գրիգորյան, 69 կգ՝ Մելինե Դալուզյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան: Հնարավոր է, որ այս քաշային կարգում նոր անուն լինի՝ Նաիրա Գրիգորյանը:

Տղաներ: 20 տարեկաններ: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69 կգ՝ Զորիկ Պողոսյան, 105 կգ՝ Արթուր Հակոբյան, +105 կգ՝ Կարո Բարսեղյան եւ Հայկ Հակոբյան: Իսկ 94 կգ քաշային Գագիկ Գրիգորյանի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել:

23 տարեկաններ: 62 կգ՝ Ռուբիկ Մամոյան, 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան եւ Դավիթ Մուրադյան, 77 կգ՝ Աղասի Աղասյան եւ Արայիկ Միրզոյան, 85 կգ՝ Արամ Անդրիկյան, 94 կգ՝ Նորայր Վարդանյան եւ Աղվան Մելիքյան:

– Ինչի՞ համար են մարզիչները երկու հոգու համար երկմտում:

– Նրանք ի զորու կլինե՞ն իրենց քաշային կարգերում մտնել վեցնյակ:

– Նվազագույն հորիզոնական նշեցիք վեցերորդ տեղը: Իսկ մեդալների մասին ի՞նչ կասեք:

– Կոնկրետ խոստումներ չեմ տա: Բայց կարծում եմ, որ անցած տարվա 15 մեդալի ցուցանիշը կգերազանցվի:

– Ովքե՞ր են մարզիչները:

– Արտաշես Ներսիսյանը, Արտակ Ներսիսյանը, Փաշիկ Ալավերդյանը եւ Հոկսեն Միրզոյանը: Հայաստանից հանդես են գալու 19 ծանրորդներ, եւ ամեն մի մրցումային օրը մեզ համար խիստ հագեցած է լինելու: Օր կլինի, որ մրցահարթակ կմտնեն մեր մինչեւ հինգ մարզիկներ: Այնպես որ, մարզիչները Կիպրոսում աշխատելու են միասին:

– Լուսահոգի Աշոտ Մխիթարյանի մահվանից հետո հայտարարվեց, որ նրան ազգային հավաքականում փոխարինողի հարցը լուծվելու է Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո: Նորություն կա՞:

– Մինչեւ 2012 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի ավարտը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվել է Պողոս Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել