Լրահոս
Օրվա լրահոսը

MISTER X-Ը ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿԻ

Նոյեմբեր 16,2010 00:00

\"\"Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբի հյուրը երգիչ Արթուր Հակոբյանն էր՝ հայտնի Mister  X բեմական անվամբ: Առիթը նոյեմբերի 20-ին «Ա. Խաչատրյան» մեծ համերգասրահում կայանալիք մենահամերգն է, որտեղ երգիչը հանդես կգա առանց դիմակի: «Այնպես եմ հուզվում, կարծես առաջին մենահամերգս լինի, ի դեպ՝ առաջինը եւս կայացել է «Ա. Խաչատրյան» համերգասրահում»,- ասաց երգիչը: «Տոմսերը լիովին սպառված են»,-  կիսաժպիտը դեմքին նշեց երգիչը ու պատմեց, թե ինչ է նախատեսվում համերգի ընթացքում: Ըստ նրա, կհնչեն իր հին ու նոր երգերը՝ շոու-բալետի կատարումների ուղեկցությամբ: Համերգին կոնֆերանսիե չի լինի: Պատճառը ոչ թե հայկական շոու-բիզնեսում ընդունված շաբլոններից դուրս գալն է, այլ երգիչն ուզում է  հանդիսականի հետ հեշտությամբ կապ հաստատել: «Բեմում պատմում եմ այս կամ այն երգի պատմության մասին, երբեմն էլ լռում եմ, փորձում եմ ապրումներս փոխանցել հանդիսականին»,- ասաց Ա. Հակոբյանն ու հավելեց, որ իր երգացանկում, ինչպես միշտ, դասական գործերն են գերիշխում եւ անցյալում հայտնի հիթեր: Հեղինակային երգեր էլ կան:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք կերգի 6/8 չափի մեջ գրված երգեր, Ա. Հակոբյանը տվեց բացասական պատասան. «Եթե երգեմ, ապա ինքս ինձ համար, բայց պետք է շատ լավ տրամադրություն ունենամ»: Խոսելով 6/8 չափի մեջ գրված երաժշտության մասին՝ Ա.Հակոբյանը նշեց Սիլվա Հակոբյանի անունը, ում, ըստ նրա, շատ լավ հաջողվում է կատարել դրանք: Երգիչը առաջիկայում կունենա նաեւ տեսահոլովակներ, թեպետ հնարավորինս շատ տեսահոլովակներ ունենալու ցանկություն առանձնապես չունի. «Շարլ Ազնավուրն էլ տեսահոլովակներ չունի…»: Հնարավոր է` իր մենահամերգն  ունենա DVD տարբերակ: Հայաստանյան մենահամերգից անմիջապես հետո երգիչը կմեկնի  համերգային շրջագայության: Առաջին երկիրը, ուր կայցելի՝ Իրանն է: Առաջարկներ եւ հրավերներ ունի ԱՄՆ-ից, Կանադայից: Երգիչը այսօր չունի պրոդյուսեր եւ բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվում է  ինքը: «Ես եկել եմ այն եզրակացության, որ Երեւանում ամեն նախագծի համար պետք է տարբեր խմբերով աշխատես: Ինչն էլ անում եմ»,- ասում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել