Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ

Նոյեմբեր 30,2010 00:00

\"\"Կիպրոսում ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունները

Վերջին օրը Հայաստանը փայլուն վերջակետ դրեց Լիմասոլի մրցահարթակում ծավալված պայքարին՝ նվաճելով երրորդ չեմպիոնական տիտղոսը, այն էլ ամենահեղինակավոր՝ տղաների գերծանր (+105 կգ) քաշային կարգում: 20 տարեկանների մրցավեճում հանդես եկող Հայկ Հակոբյանը (նկարում) բացահայտ առավելություն դրսեւորեց մրցակիցների նկատմամբ եւ երկամարտի 390 կիլոգրամով հռչակվեց Եվրոպայի այս տարիքային խմբի չեմպիոն: Սակայն սա հայ ծանրորդի միակ մեդալը չէր, որ նա այդ օրը բերեց թիմային հաշվարկին: Հայկը, որպես առանձին վարժությունների հաղթող, եւս երկու անգամ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Նրա ցուցանիշները (պոկումում՝ 180 կգ եւ հրումում՝ 210 կգ) բավականին հեռու էին մոտակա մրցակիցների արդյունքներից, ինչը պարզորոշ երեւաց նաեւ երկամարտում: Բավական է ասել, որ երկրորդ տեղը գրաված լեհ Կրժիշտով Կլիչկիի եւ մեր պատանի դյուցազնի բարձրացրած կիլոգրամների տարբերությունը երկամարտի ընդհանուր գումարում կազմեց ոչ ավելի, ոչ պակաս՝ ամբողջ 36 կիլոգրամ:
Սակայն դրանից առաջ մեր ծանրորդներից 94 կգ քաշային Աղվան Մելիքյանը նույնպես ուրախություն էր պարգեւել հայաստանցի մարզասերներին՝ դառնալով 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն: Այս քաշային կարգում պայքարը չափազանց համառ ու լարված ստացվեց, քանի որ մրցակցում էին հավասարազոր ուժեր ունեցող ծանրորդներ, որոնցից յուրաքանչյուրն իրեն ավելի վստահ էր զգում այս կամ այն վարժությունում: Բավական է ասել, որ պոկում եւ հրում վարժություններում Մելիքյանի 171 կգ եւ 205 կիլոգրամները գնահատվեցին փոքր արծաթե մեդալներով, սակայն երկամարտի նրա 376 կգ-ն բավարարեց միան ընդհանուր բրոնզին, քանի որ նրանից առաջ անցած մրցակիցներից յուրաքանչյուրը Աղվանին զգալիորեն գերազանցեց վարժություններից մեկում:
Այսպիսով, Հայաստանը նվաճած ոսկե մեդալների քանակով  (ինը) ընդհանուր թիմային պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Բայց Եվրոպայի առաջնության պաշտոնական կայքում տեղադրված մեր հավաքականների նվաճած բոլոր մեդալների ընդհանուր թիվը, կարծես, չի համապատասխանում իրականին: Ըստ նրանց, մեր չորս հավաքականները միասին վերցրած ունեն 9 ոսկե, 11 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Մինչդեռ, մեր հաշվելով բրոնզների թիվը պետք է լինի հինգ՝ 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանի հրում վարժությունում 145 կգ-ը, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանի երեք մեդալները (135+165=300) եւ 94 կգ քաշային Աղվան Մելիքյանի երկամարտի 376 կիլոգրամը:
Հայ ծանրորդները Կիպրոսից վերադարձել են երեկ լուսադեմին: Մրցումների մանրամասներին կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել