Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն պարտավորություն, այլեւ ապահովություն

Դեկտեմբեր 02,2010 00:00

Ինչո՞ւ հարգված չէ ուսուցիչը

Դպրոցին եւ ուսուցչի հեղինակությանը հավատարիմ մնացած որոշ մանկավարժներ պատասխանատվության բարձր զգացումով են կատարում իրենց գործը, վայելում աշակերտների եւ ծնողների սերն ու հարգանքը։ Զգում ենք ՀՀ կառավարության վերաբերմունքը, որ կա դպրոցի նկատմամբ՝ վերակառուցվում եւ նորոգվում են դպրոցական շենքեր, կահավորվում լաբորատոր սարքավորումներով։ Որպես երկարամյա փորձով մանկավարժ, ես ուզում եմ մտահոգություններս կիսել բոլոր նրանց հետ, ում հուզում է դպրոցի առաջընթացը։ Մեծ փոփոխություններ են կատարվել ընթացիկ գնահատման համակարգում։ Թեստային համակարգը առավելապես բացահայտում է սովորողների մտապահման աստիճանը եւ չի նպաստում նրանց ճանաչողական, կիրառական կարողությունների ու հմտությունների զարգացմանը։ Իսկ որոշ դպրոցական դասագրքերում մատուցվող թեմաներն ուղղակի չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Մեծ մասամբ նյութերն անհետաքրքիր են, բարդ, խճճված մտքերով։ Հաշվի չեն առնված երեխաների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Դրա համար էլ դպրոցականները, չհասկանալով նյութի բովանդակային մասը, ստիպված իրենց կարողությունների չափով անցնում են անգիրին: Կան դասագրքերի հեղինակներ, որոնք կարծես առանձին դասագրքեր գրել են ոչ թե դպրոցի, այլ բարձրագույն ուսումնական հաստատության համար։ 7-րդ եւ 10-րդ դասարանների աշխարհագրության դասագրքերի մասին է խոսքս։
Մեր օրերում շատ է խոսվում նաեւ ուսման որակի եւ դաստիարակչական աշխատանքների թույլ կողմերի մասին։ Մարդիկ, ովքեր կոչված են ապահովելու ուսման եւ դաստիարակության որակը, ավելի շատ խոսում են հետեւանքների մասին, քան պատճառների։ Նորություն չէ, որ դպրոցական աշխատանքի կարեւոր դեմքը ուսուցիչն է։ Մեր օրերում դպրոցն ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների քանի՞ տոկոսն է գերադասում սովորել մանկավարժական համալսարաններում։ Պարզ է՝ չնչին։ Իսկ ինչո՞ւ, որովհետեւ ուսուցիչը աշակերտի համար զննության օբյեկտ է։ Մարդ արարածը գնահատվում է ոչ միայն գիտելիքնեով, վարքուբարքով, այլեւ սոցիալ-տնտեսական պայմաններով, աշխատավարձով։
Հայաստանում, երբ մոտենում է ուսուցչի թոշակի գնալու ժամանակը, նրանք մեծ անհանգստություն են ապրում։ Այսօրվա ուսուցչի թոշակի միջին չափը 25000 -30000 դրամ է: Օրենսդիր եւ գործադիր մարմինների հարգարժան այրեր, հետո ասում եք՝ դպրոցում թույլ են ուսումնադաստիարակչական աշխատանքները։ Այս ֆոնի վրա աշակերտը, բնականաբար, կարող է դասերից անհարգելի բացակայել, ուսուցչի հանձնարարությունը չկատարել եւ հայտնվել բարձր հեղինակություն ունեցող որեւէ համալսարանում։ Ինչ խոսք, նմանների թիվը քիչ է, բայց ֆիզիկա առարկայից բոլորս դպրոցական տարիներին անցել ենք դիֆուզիայի օրենքը, ըստ որի, մի քանի կաթիլ թանաքը փոխում է մեկ դույլ ջրի թե գույնը եւ թե բաղադրությունը։ Ես այն կարծիքին չեմ, որ մեր երկրում ամեն ինչ ընթանում է նման ձեւով։ Ունենք նաեւ լավ աշակերտներ, լավ ծնողներ, լավ ուսուցիչներ, որոնք իրենց արժանապատվությամբ արժանի են ամենաբարձր պատվի։
Այսօր ուսուցչական կոլեկտիվների քանի՞ տոկոսն են կազմում տղամարդ մանկավարժները, կան դպրոցներ, որտեղ ընդամենը 1-2 տղամարդ է աշխատում։ Մի՞թե սա մտածելու ու համապատասխան հետեւություններ անելու տեղիք չի տալիս։ Հարգելիներս, երկրի ապագան սկսվում է դպրոցից:
Հարկավոր է բարձրացնել մանկավարժի հեղինակությունը, տալ նրան ոչ միայն պարտավորություն, այլեւ իրավունք եւ սոցիալ-տնտեսական ապահովություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել