Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ եւ գիրք՝ Մհերի 80-ամյակին

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Երեկ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում կայացավ Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի «Լույս…Մհեր Մկրտչյան» գրքի շնորհանդեսը եւ «Լուսեղեն մի կյանք» տեսաֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակին: Եվ ֆիլմը, եւ գիրքը ստեղծվել են հեղինակների անձնական միջոցներով: «Լուսեղեն մի կյանքը» արդեն ցուցադրվել է արվեստագետի ծննդավայր Գյումրիում:
Մհեր Մկրտչյանին շատերը հիմնականում ճանաչում են թատրոնում եւ կինոյում նրա մարմնավորած դերերով, հեռուստաթատրոնի ներկայացումներով: Հեղինակներն առաջին անգամ այս գրքում փորձ են անում յուրովի ներկայացնել Մհեր Մկրտչյանի բանավոր խոսքն ու նրա ստեղծագործական ուղին: Գրքում բացառիկ պատմություններ կան ու կտորներ՝ Մհերի հիշողություններից. «Արտասահմանում, երբ այցելեցի հայկական մանկապարտեզ, ուշադրությունս անմիջապես գրավեց սեւորակ աչերով մի տղա: Երբ մոտեցա, նա հարցրեց. «Դու անուն ունե՞ս»: Ասացի՝ ես ունեմ, իսկ դու ունե՞ս: «Այո, իմ անունը Տիգրան է, իսկ քո՞նը»: «Իմը Մհեր է»,- պատասխանեցի: «Քոնը խենթ անուն է»,- ասաց եւ հեռացավ»:
Մեկ ուրիշ դրվագ. Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում Մհեր Մկրտչյանի մեծարման երեկոյին նույն թատրոնի դերասան Վազգեն Հակոբյանը պատմել է Մհերի ու Վարդուհի Վարդերեսյանի սիրավեպի մասին: Մի օր ներկայացումից հետո արտիստը խնդրում է միասին գնալ ու երգել Վարդուհու պատուհանների տակ՝ Շերամի «Զով գիշեր է, դուրս եկ…» երգը: Հակառակ սպասածին, պատշգամբ է դուրս գալիս Վ. Վարդերեսյանի մայրը եւ ասում. «Ի՞նչ կուզես դու մեզնե, կորսվե հոսկե…»: Երբ դերասանն ասում է, որ ինքն ու Վ. Վարդերեսյանը սիրում են միմյանց եւ պիտի ամուսնանան, Վարդերեսյանի մայրը զայրանում է. «Իմ Վարդուհիս մեծ դերասանուհի պիտի դառնա, հլա դու քեզի աշե, կերպարանքիդ աշե…»: Մհեր Մկրտչյանն էլ իրեն հատուկ հումորով, ինչպես ներկայացնում է Վազգեն Հակոբյանը, փոխանակ «փիս ազդվելու», ասում է. «Սատանեն կըսե էս կընգա ջիգրու՝ շատ մեծ դերասան դարձի»:
«Լույս…Մհեր Մկրտչյան» վերնագրով գրքում «համուհոտով» շատ բան կա, բոլոր «փակագծերը» չենք բացի, ում հետաքրքիր է, թող կարդա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել