Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ «առեւտրայնացված» տոն

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Բրիտանացիների միայն 10%-ի համար Սբ Ծննդյան տոնի կրոնական տարրը հատուկ նշանակություն ունի

Ըստ բրիտանական «Children\’s society» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքների՝ մեծահասակ բրիտանացիների միայն 10%-ի համար Սբ Ծննդյան տոնի կրոնական տարրը հատուկ նշանակություն ունի: 25-34 տարեկան բրիտանացիների ընդամենը 45%-ն է վերաբերվում Սբ Ծննդյան տոնին առաջին հերթին որպես կրոնական տոն, իսկ 60 տարեկանից մեծ բրիտանացիների շրջանում այդպիսիների թիվը կազմում է 20%:
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, բրիտանացիների 67%-ը սիրում է Սբ Ծննդյան տոնը, որովհետեւ այն կարող է նշել իր ընտանիքի եւ երեխաների հետ, իսկ պատասխանողների 35%-ը խոստովանել է, որ սիրում է Սբ Ծննդյան տոնին նվերներ տալ եւ ստանալ: Ուսումնասիրությանը մասնակից բրիտանացիների 45%-ը համաձայնել է այն մտքին, որ վերջին շրջանում Սբ Ծննդյան տոնը հանրության շրջանում դարձել է խիստ «առեւտրայնացված» տոն: Քենթրբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ջորջ Քերին Մեծ Բրիտանիայի բոլոր քրիստոնյաներին կոչ է արել «քաղաքական կոռեկտության այս ժամանակներում չամաչել Սբ Ծննդյան տոնից»: Նրա խոսքերով՝ այսօր Մեծ Բրիտանիայում ընթանում է իսկական արշավ ընդդեմ Սբ Ծննդյան տոնի՝ որպես քրիստոնեական տոնի: Թողարկվում են Սբ Ծննդյան շնորհավորական բացիկներ՝ առանց տոնի մասին հիշատակման, դպրոցներում սկսել են արգելվել Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի թեմայով տեսարանները, գրասենյակներում հաճախ արգելվում է տոնածառ դնել եւ զարդարել:
«Արդեն Սբ Ծննդյան տոնը դառնում է մի բան, որից սկսել են ամաչել: Տիրում է մեր երկրի ավանդույթներին եւ պատմությանը բոլորովին խորթ գաղափարախոսություն: Իրո՞ք մենք ցանկանում ենք մոռանալ Սբ Ծննդյան տոնը եւ զրկել այն քրիստոնեական իմաստից: Մի՞թե մենք կանտեսենք դրա նշանակությունը մեզ՝ քրիստոնյաներիս համար»,- հարցնում է լորդ Քերին:
«Christian Concern» կազմակերպությունը Մեծ Բրիտանիայում սկսում է համազգային արշավ՝ «Մի ամաչիր» խորագրով: Դրա ընթացքում կազմակերպությունը մտադիր է միլիոնավոր բրիտանացիների կոչ անել մարմնի վրա կրել խաչ, աշխատանքի գնալիս կրել հատուկ կրծքանշան կամ խորհրդանիշ՝ «Ես իմ կրոնի համար չեմ ամաչում» լոզունգով:
Ըստ qahana.am -ի՝ Սբ Ծննդյան տոնի դեմ պայքար է ընթանում նաեւ ԱՄՆ-ում: Բազմամշակութայնության եւ մարտնչող աշխարհականացման գաղափարախոսությունը, որ չափազանց ազդեցիկ է Արեւմուտքում, ձգտում է լիովին իրեն ենթարկել հասարակական կյանքը: Դրա ճանապարհին խոչընդոտներից են քրիստոնեական տոները, հատկապես դրանցից ամենակարեւորը (արեւմտյան քրիստոնեության համար) եւ ամենասիրելին՝ Սբ Ծննդյան տոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել