Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"Կենդանաբանական այգու տնօրենը գտնում է, որ կերակրողը չպետք է առյուծի հետ խաղ աներ, ինչպես շան հետ, գիշատիչը մնում է գիշատիչ:

Օրերս Հրազդանի կենդանաբանական այգում տեղի ունեցած դժբախտ պատահարը առիթ դարձավ, որ այցելենք այդ, այսպես կոչված, այգի ու տեսնենք, թե ինչ խղճուկ ու զզվելի պայմաններում են այնտեղ պահում կենդանիներին, փոքրիկ, ժանգոտված ու քրջոտ վանդակներում ինչպես են խցկել ու պահում հսկայական չափերի արջին, գայլերին, թռչուններին ու, վերջապես, կենդանիների արքա առյուծին, որն այդ քոսոտ վանդակում իրեն ավելի շատ կատու է զգում, քան առյուծ, անգամ շարժվելու, խորը շնչելու հնարավորություն չունի: Արջի վանդակը հազիվ իր բոյին է, եւ եթե կենդանին ուզենա գլուխը թափով բարձրացնել, կխփի վանդակի երկաթե ձողերին:
Հասկանալի է, որ այս դեպքում Հրազդանի բնակիչ Արմեն Ավետիսյանը, որին պատկանում է այդ գազանանոցը, ուզեցել է հրազդանցիների համար նոր բիզնես դնել ու գումար վաստակել՝ այգու այցելության տոմսի արժեքը սահմանելով 200 դրամ: Բայց եթե կենդանիների պաշտպանությամբ զբաղվող որեւէ միջազգային կառույցի ներկայացուցիչ պատահաբար այցելեր այդ գազանանոց՝ պարզապես ամոթանք կտար մեր կառավարությանը՝ կենդանիների նման նվաստացում թույլ տալու համար: Ինչպես պարզեցինք, Արմեն Ավետիսյանի բախտը բերել է, քանի որ դեռ ուժի մեջ չի մտել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով արգելվում է վայրի կենդանիներին պահել եւ օգտագործել նման պայմաններում: Եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն, անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու համար պետք է ունենան լիազոր մարմնի թույլտվությունը, որը, ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից, սահմանելու է տարածքների նվազագույն չափերը: Մեզ հետ զրույցում բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը վստահեցրեց, որ ամեն տեղից վել ելնողը արդեն չի կարող իր համար կենդանաբանական այգի բացել, կենդանիներ բերել, ինչ պայմաններում ասես՝ նրանց պահել. «Այսօր բազմաթիվ նման այգիներ կան, որոնք չեն համապատասխանում ոչ մի չափանիշի, բայց ոչ մեկին մեղադրել չենք կարող»:
Ինչ վերաբերում է Հրազդանում տեղի ունեցած դժբախտ դեպքին, հիշեցնենք, որ առյուծին կերակրելու ժամանակ կենդանին հանկարծակի բռնել էր 21-ամյա Նվեր Սարգսյանի ոտքն ու քրքրելով հոշոտել այն: Նվերը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արնաքամ էր եղել ու մահացել: Դեպքի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ եղան այն մասին, որ կերակրող տղան անփորձ է եղել կամ կենդանին գազազած է եղել իր պայմաններից եւ այլն: Կոնկրետ գազանանոցի տիրոջից՝ Արմեն Ավետիսյանից մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, թե վաղո՞ւց կենդանուն միս չեն տվել, լա՞վ չեն կերակրել կամ հնարավո՞ր է՝ կենդանու պայմաններն են դրդել իր կերակրողին հոշոտել: Պարոն Ավետիսյանը, պատճառաբանելով, որ շատ զբաղված է, անընդհատ հարցաքննությունների մեջ է, հրաժարվեց մեկնաբանություններ տալ:
Նրա փոխարեն «Առավոտի» հետ զրույցում դեպքի մասին իր մասնագիտական կարծիքը հայտնեց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը. «Իհարկե, շատ ցավալի դեպք էր, բայց միանշանակ կերակրողն է սխալ եղել, նա չպետք է ոտքը ներս մտցներ: Տղան ուզեցել է առյուծի հետ շան պես խաղ անել, նման բան չի կարելի անել: Մենք ամեն օր մեր աշխատողին ինստրուկտաժ ենք անում, թեեւ նա շատ փորձառու է: Առյուծն ի՞նչ մեղավոր է, նա վախից է կծում, դա ինքնապաշտպանական ռեակցիա է եւ, վերջին հաշվով, գիշատիչ է: Անգամ շունն է իր հազար տարվա տիրոջը կծում: Օձը, որ օձ է՝ մինչեւ չես տրորում, վտանգ չի զգում, նա չի կարող հարձակվել մարդու վրա ու անիմաստ խայթել: Վանդակի կողքը կենդանուն կերակրելու համար տեղ կա, ինչո՞ւ է ոտքը մտցրել, առյուծն առյուծ է»:
Իսկ Հրազդանի այգու պայմանների հետ կապված՝ Սահակ Աբովյանը տեղեկացրեց, որ միջազգային չափանիշներով առյուծի ազատավանդակը գոնե 50-100 քմ տարածք պետք է ունենա. «Դա նպաստում է նաեւ անվտանգության պահպանմանը, որովհետեւ աշխատողը պետք է կարողանա մտնել ու մաքրել վանդակի ներսը: Ցավոք, Երեւանի մեր կենդանաբանական այգում էլ այդ չափանիշները չեն պահպանվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել