Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳԱՄ ԿՈՆՖԵՏ ՉԵՆՔ ՏԱ

Դեկտեմբեր 09,2010 00:00

Հաջորդ տարվանից համավճարը ներդրվելու է Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, քանի որ փորձնական ներդրումները տվել են սպասված դրական արդյունքները: Այս մասին, ըստ Tert.am-ի, երեկ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը: Նշենք, որ դեռեւս հուլիսի 1-ից համավճարը փորձնական ներդրվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, եւ դրա արդյունքում օրինական դաշտ են բերվել անօրինական վճարումները՝ ամսական 17-19 միլիոն դրամից ավելի գումար է հավաքագրվել: Հիշեցնենք, որ այս համակարգի ներդրմամբ՝ պետպատվերի ցանկում ընդգրկված անհետաձգելի համարվող հիվանդությունների բուժման գումարի մի մասն արդեն սկսելու է վճարել հիվանդը, իսկ մյուս մասը պետությունը վերցնելու է իր վրա: «Եթե նախկինում հիվանդներից ամեն կաբինետում գումար էին պահանջում, հիմա այդպես չի լինի, կգանձվի ֆիքսված գումար, որը մուտք կգործի հիվանդանոցի դրամարկղ: Սա հնարավորություն կտա հիվանդի ու բժշկի միջեւ արժանապատիվ փոխհարաբերություններ ստեղծել, իսկ գայթակղությանը չդիմացող բժիշկները կպատժվեն: Համակարգի ներդրման դեպքում բժշկին մեկ տուփ կոնֆետ անգամ չպետք է տալ, թեկուզ, եթե նա ուզի»,- նշել է պարոն Տեր-Գրիգորյանը: Նրա խոսքերով, այստեղ էլ կան բացառություններ՝ համավճար չի կիրառվի 0-7 տարեկան երեխաների, հաշմանդամների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ծնողազուրկ երեխաների եւ այլ սոցիալական խոցելի խմբերի անդամների համար, նրանք կբուժվեն բոլորովին անվճար. «Այս խմբերի բուժումը պետպատվերով ապահովելու համար հաջորդ տարվա պետբյուջեով առողջապահությանը 3 մլրդ դրամից ավելի գումար կուղղվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել