Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանում են լավ աշխատել

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"Հոկտեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ հեռարձակողների մարզային 10 մրցույթներից 8-ին մասնակցում է մեկական հայտատու: Սյունիքում՝ «Սոսի» հեռուստաընկերությունը:

Սյունիքի մարզից հանրապետությունում hեռուստաընկերությունների թվայնացման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն Կապանի «Սոսի» հեռուստաընկերությունը: Սյունիքի մարզում այսօր երեք հեռարձակող հեռուստաընկերություն կա. Կապանում՝ «Սոսի», Սիսիանում՝ «Սյունի» եւ Գորիսում՝ «Լաստ»: Եվս մի քանի հեռուստատեսություններ էլ մալուխային հեռարձակմամբ են եթեր դուրս գալիս:
«Սոսի» hեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանի խոսքով, հայտը ներկայացվել է, եւ այժմ սպասում են մրցույթի արդյունքին, որը հայտնի կդառնա մոտ 10 օրից: «Հանձնաժողովը կուսումնասիրի ու կքննարկի ներկայացված ծրագրերը եւ դեկտեմբերի 23-ին կհայտարարի հաղթող հեռուստաընկերությունների անունները: Կոնկրետ մրցույթի նպատակը էս պարագայում սոցփաթեթի մեջ ընդգրկվելն է, որի հեռարձակման ծախսերը հոգալու է պետությունը:
Երկրորդն արդեն մարզային հեռարձակման անցնելն է, որի դեպքում հեռուստաընկերության գործունեությունում տեղ կգտնեն բավականին փոփոխություններ ու նորարարություններ. նախ հաղորդումները կսփռվեն ողջ մարզի տարածքով, կավելանա հեռարձակվող հաղորդումների քանակը, կընդլայնվի աշխատակազմը, տեխնիկական վերազինում կարվի եւ այլն: Իսկ մինչ այդ «Սոսին» կշարունակի իր գործունեությունը»,- ասում է Վահե Սարգսյանը: Հեռուստաընկերությունը ներկայումս հեռարձակվում է մարզի 4 քաղաքներում՝ Կապանում, Քաջարանում, Ագարակում եւ Մեղրիում եւ հարակից գյուղերում, գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ:
«Սոսին» գործում է 2000 թվականից, ձեւավորվել է 1996 թվականին ստեղծված «Ձագեձոր» հեռուստախմբագրության բազայի վրա: Ներկայումս այստեղ խմբագրական, օպերատորական, հաղորդավարական, ինժեներական եւ օժանդակ կառույցներում աշխատում է 21 աշխատակից, սակայն մարզային սփռման անցնելու դեպքում հաստիքները կավելանան:
Մրցույթին չմասնակցած հեռուստաընկերությունները կգործեն մինչեւ 2015 թվականը՝ երբ ավարտված կլինի անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ժամկետը: Հարցին, թե «Սոսին» կհամագործակցի՞ մարզի մյուս հեռուստաընկերությունների հետ, Վահե Սարգսյանը պատասխանեց, որ թեեւ որեւէ պայմանավորվածություն չկա, բայց ոչինչ չի բացառվում: «Անհրաժեշտության դեպքում կհամագործակցենք, որպեսզի էն բարձր ձողը, որ վերցնելու ենք, կարողանանք հաղթահարել, որովհետեւ պարտավորվել ենք եղած հաղորդումները կրկնապատկել եւ ավելի որակյալ ու լայն ծավալով աշխատել: Հայրենական եւ սեփական հաղորդումները պետք է ավելացնենք: Սեփականն այսօրվա դրությամբ 43 տոկոս է, բայց պետք է հետագայում ավելի բարձրացնենք այդ շեմը: Իսկ հայրենականը, որ օրենքով չպետք է քիչ լինի, քան ընդհանուր եթերաժամի 50 տոկոսը, մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում ապահովել դա, իհարկե՝ մեծ պատասխանատվության ու համառ աշխատանքի շնորհիվ: 2011 թվականին պատրաստվում ենք հայրենական արտադրության հաղորդումների ծավալը հասցնել 85 տոկոսի: Մրցույթի պայմանների բոլոր կետերը կարողացանք ապահովել, միակ դժվարությունը պահանջվող բիզնես-ծրագիր ներկայացնելն էր հեռուստատեսության համար, քանի որ դա նորություն էր մեզ համար, բայց կարողացանք այդ բացն էլ լրացնել»,- նշում է «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը:
Մեկ շաբաթ-տասը օրից հայտնի կդառնան մրցույթում հաղթած հեռուստաընկերությունների անունները, որից հետո կսկսվի թվայնացման գործընթացը, իսկ թե Կապանում այդ աշխատանքները երբ կմեկնարկեն՝ դեռ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել