Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը Ռուսաստանի առաջ պայմաններ է դրել

Դեկտեմբեր 09,2010 00:00

Եվրամիությունը Ռուսաստանին չորս խումբ պայմաններ է առաջադրել, որոնք կատարելով՝ ՌԴ-ն կարող է մոտեցնել ԵՄ անդամ երկրների հետ ամբողջությամբ առանց վիզային ռեժիմին անցումը: Newsru-ի փոխանցմամբ, այդ պայմանները թվարկված են Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի նախօրեին Մոսկվային փոխանցված փաստաթղթում: Հիշեցնենք, որ գագաթաժողովը Բրյուսելում մեկնարկել է երեքշաբթի օրը:
Պայմանների առաջին խմբում եվրոպացիները Մոսկվային նախ՝ առաջարկում են աշխատել անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ, նաեւ կիրառել կորսված կամ գողացված անձնագրերի մասին  Ինտերպոլին տեղեկացնելու ԵՄ փորձը:
Պայմանների երկրորդ խումբը վերաբերում է  անլեգալ միգրացիային եւ ռեադմիսիայի հարցերին: Դրանում ասված է սահմանի համատեղ վերահսկողության եւ միգրացիոն պրոցեսների համատեղ կառավարման անհրաժեշտության, նաեւ, 1951թ. Ժնեւի կոնվենցիայի եւ դրան կից նյույորքյան արձանագրության համաձայն, ապաստան տրամադրելու քաղաքականության մասին: Աղբյուրի մատուցմամբ, Եվրոպան ձանձրացրել է ԵՄ-ի հետ «թեկուզ հենց վաղը»  առանց վիզային համաձայնագիր ստորագրելու պատրաստ Ռուսաստանին, այն դեպքում, երբ ԵՄ անդամ Ֆրանսիան ՌԴ-ի հետ առանց վիզայի ռեժիմը համարում է 10-15 տարվա հեռանկարի խնդիր:
ՌԴ-ին առաջադրված պայմանների երրորդ խումբը վերնագրված է որպես՝ «Հասարակական կարգ եւ անվտանգություն»: Ծրագրի այդ հատվածում առաջարկվել է ուժեղացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարը: Հակակոռուպցիոն ավելի վճռական միջոցներ ձեռնարկելու համար Ռուսաստանին խորհուրդ է տրվել համագործակցել եվրոպական իրավապահ եւ դատական մարմինների հետ եւ, լավագույն դեպքում՝ այդ ոլորտում նաեւ համապատասխան համաձայնագրեր կնքել:
Եվ վերջապես, չորրորդ խումբ պայմաններում՝ «Միջազգային հարաբերություններ եւ հիմնարար իրավունք» հատվածում, ՌԴ-ին առաջարկվել է ոչ խտրական քաղաքականություն վարել այցելությունների համատեքստում եւ պայմաններ ստեղծել բնակության երկրի սահմաններում մարդկանց ազատ տեղաշարժի համար: Այսինքն՝ պարզեցնել ներռուսաստանյան գրանցումային կանոնակարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել