Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ներկայացումներ, մինուս երկու դերասան

Հունվար 15,2011 00:00

\"\"Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի մեկնաբանությունները

«Տարեվերջին շատ կարեւոր էր, որ խաղացանկ կրկին վերադարձրինք Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն հիմար է լինում» ներկայացումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանն ու հավելեց, որ թեեւ այս ներկայացումը այնքան էլ մեծ պահանջարկ չունի Երեւանում, սակայն իրենք արդեն հասցրել են մի շարք հեղինակավոր փառատոներից հրավերներ ստանալ: Ֆ. Դավթյանը, խոսելով փառատոների մասին, հայտնեց մեզ նաեւ, որ Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն հիմար է լինում» ներկայացումը միակը չէ, որ հրավերներ է ստացել: Ըստ մեր զրուցակցի,  հավանաբար որեւէ փառատոնի կմասնակցի նաեւ 2010-ին բեմադրված Յ. Պոլյակովի «Համադասարանցիները», ուղղակի հրավերները մի քանիսն են, աշխատանքները՝ կոնկրետացման փուլում:
«Այս պիեսի հեղինակը՝ Պոլյակովը, իր զրույցներից մեկում նշել է, որ «Համադասարանցիները» բեմադրելու մասին շատ թատրոններ են ցանկություն հայտնում, սակայն չունենալով համապատասխան դերասանական անձնակազմ, ստիպված հրաժարվում են այդ մտքից»,- ասաց Ֆ. Դավթյանն ու ընդգծեց, որ իրենց հաջողվել է ոչ միան իրականացնել  պիեսի բեմականացումը, այլեւ հանդիսականին երկու դերասանական կազմով ներկայանալ:  «Համադասարանցիները» դժվարամարս է  նրանով, որ պիեսում առկա է հրապարակախոսություն:
Ի դեպ, Ռուսական դրամատիկական թատրոնը 2010-ին հաջողություն է ունեցել նաեւ «Հանդիպումներ Օդեսայում» թատերական փառատոնի ժամանակ, որտեղ ներկայացել է Ա. Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրված Ռ. Կալինոսկու հանրահայտ «Հրեշը լուսնի վրա» գործով:
Ըստ «Առավոտի» տեղեկությունների, հրաշալի են ներկայացել դերասաններ Աննա Բալանդինան եւ Արման Ղազարյանը, ինչպես նաեւ վերջերս ներկայացման մեջ ներգրավված թատրոնի գեղարվեստական ղեկավարի որդին՝ Ալեքսանդրը:
Ֆ. Դավթյանը նաեւ հավելեց. «Փառատոներին մասնակցությունը թանկ հաճույք է, ինքներդ եք հասկանում, թե որքան գումար է ծախսվում ավիափոխադրումների վրա: Այդ պատճառով առայժմ դժվարանում եմ ասել, թե հստակ ո՞ր փառատոներին մեր թատրոնը ի վիճակի կլինի մասնակցել, բայց այն, որ կմասնակցի՝ փաստ է»:
Թատրոնի տնօրենը զրույցի ընթացքում նշեց նաեւ, որ թատրոնը ֆինանսապես էլ 2010-ին կատարել է նորմատիվ պլանը: Ըստ Ֆ. Դավթյանի, Ամանորին մեծ պահանջարկ են ունեցել թատրոնի դերասանուհի Ի. Հարությունյանի մտահղացմամբ «Գայլը եւ 7 ուլիկներ» մյուզիքլը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա Ամանորի ներկայացումը, նույն ռեժիսորի մատուցմամբ, անհաջող էր եւ առանձնակի պահանջարկ չի ունեցել:  
Թատրոնի տնօրենը հայտնեց, որ իրենց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը արդեն բավական ժամանակ գտնվում է Մոսկվայում: «Նա Օլեգ Տոբակովի հրավերով է այնտեղ, ինչը ինքնըստինքյան բարձրացնում է թատրոնի իմիջը…»,- անկեղծանում է Ֆ. Դավթյանն ու խոսում առաջիկայում սպասվելիք ներկայացումներից:
«Ամանորի կարճատեւ դադարից հետո վերստին կսկսվեն «Մոլագարը» պիեսի աշխատանքները՝ ըստ Գաննա Սլուցկու պիեսի: Ներկայացումը հանդիսականի դատին կհանձնվի ապրիլի սկզբին: Բեմադրության ռեժիսորը Ալեքսանդր Գրիգորյանն է»,- պատմում է Ֆ. Դավթյանն ու «բացում չակերտները», որ թատրոնը երկու պիեսի մասին էլ է մտածում: Ֆ. Դավթյանի խոսքերով, ռուսական թատրոնի խաղացանկում  կհայտնվեն այնպիսի ճանաչված հեղինակներ, ինչպիսիք են Գալդոնին եւ Դովլաթովը: Վերջինի համար արդեն դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը:
Զրուցակիցս փաստեց, որ երիտասարդ ռեժիսորներից մեկին էլ, անունը չցանկացավ բարձրաձայնել, հնարավորություն կտրվի թատրոնի փորձարարական տարածքում ներկայացում իրագործել:
«Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք հունվարից այլեւս հաստիքով թատրոնում չեն աշխատի երկու դերասան՝ Խ. Մելիք-Պետրոսյանն ու Ա. Միրիջանյանը, Ֆ. Դավթյանը պարզաբանեց. «Դերասաններ Խաչ Մելիք-Պետրոսյանի ու Արման Միրիջանյանի հետ թատրոնը կես տարվա պայմանագիր էր կնքել: Ինչպես հայտնի է, մեր թատրոնի խաղացանկը նախապես է կազմվում, ու  նրանց կարիքը այս տարի չունենք:  Այդ պատճառով, առանց աղմուկի, մեր համագործակցությունը ավարտված ենք համարում, եւ հունվարից նրանք մեզ մոտ չեն աշխատում: Նրանք տարվա կտրվածքով զբաղված են եղել ընդամենը մեկ-երկու ներկայացման մեջ՝  զանգվածային տեսարաններում»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31