Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 15,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնվեցերորդ

ՄԵԿԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԵՐԿՈՒ

Եթե հիմնական ժամանակս բուքմեյքերականներում անցկացնելով՝ էսքան շատ եմ գրում, պատկերացրեք՝ ինչքան շատ կգրեի, եթե հիմնական զբաղմունքս վեպ գրելը լիներ. էդ դեպքում, իհարկե, Աբրահամյան Արամն ստիպված կլիներ «Առավոտի» շաբաթօրյա համարների բոլոր տասնվեց էջերն ինձ տրամադրել, բայց, ամեն դեպքում, ես հույսս չեմ կորցնում, որ մի օր Տերյանի էս բուքմեյքերականին եւս հրաժեշտ կտամ, եւ հուսով եմ, որ էդ հրաժեշտը կնախորդի իմ գլխավոր ու հիմնական հրաժեշտին, որովհետեւ բուքմեյքերական էս զբաղմունքս արդեն վտանգավոր է դառնում ոչ միայն էն իմաստով, որ արդեն հիմնական զբաղմունք է դառնում, այլեւ էն իմաստով, որ արդեն հիմնական զբաղմունք դարձող էս միանգամայն նոր տեսակի խաղամոլությունը ոչ միայն խաղացողներիս գրպանների պարունակությանն է սպառնում, այլեւ՝ խաղացողներիս կյանքին, եւ մանավանդ վերջերս կոլեգաներիս մոտ շաքարի կտրուկ բարձրացման ու ինֆարկտի դեպքերն ավելի են շատացել, որովհետեւ, եթե սրանից վեց ու յոթ տարի առաջ մեր գրած խաղադրույքները շաբաթվա մեջ մի քանի անգամ փողի էին վերածվում, հիմա շաբաթ է լինում՝ ընդհանրապես շահում չենք ունենում, որովհետեւ էս վերջին մի քանի տարիների ընթացքում բուքմեյքերական աշխարհի բոսերը վերջնականապես հասկացան, որ եթե մարզական ու հատկապես ֆուտբոլային խաղերն ըստ առողջ տրամաբանության ընթանան ու ավարտվեն, շահողն էս բնագավառի խաղացողներս ենք լինելու եւ ոչ թե՝ իրենք, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլն ու այլ խաղերը հիմնականում պիտի շեղվեն առողջ տրամաբանությունից, եւ վերջին տարիներին հենց էդպես էլ լինում է, որովհետեւ եթե Բրազիլիայի հավաքականը կամ, ասենք, «Բարսելոնան» մշտապես հաղթեն, բուքմեյքերներն ի վիճակի չեն լինի վճարել էդ տրամաբանական խաղերի տրամաբանական արդյունքները գուշակածներիս, եւ վերջին տարիներին բուքմեյքերները նաեւ խաղադրույքների տոկոսադրույքների մեջ են բավական հմտացել, եւ եթե մի քանի տարի առաջ դու գուշակում էիր, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը կհաղթի Էկվադորի հավաքականին, եւ Բրազիլիայի հաղթելու դեպքում որոշակի գումար էիր շահում, էսօր դու պիտի գուշակես թե՝ Բրազիլիայի հավաքականը երեք ու ավելի գոլերի տարբերությա՞մբ կհաղթի Էկվադորի հավաքականին, թե՝ ոչ, եւ երբ գրում ես, որ կհաղթի, չի հաղթում, եւ երբ գրում ես, որ չի հաղթի, թարսի պես հեշտուհանգիստ հաղթում է, եւ հիմնականում էդպես հակառակն է տեղի ունենում, բայց սա բուքմեյքերական բնագավառի հետ կապերս խզելու ցանկության միակ պատճառը չի, եւ պատճառներից մյուսն էլ էն է, որ էստեղի ընկերությունն էլ է հիմնականում սուտ ու կեղծ, եւ էստեղի խաղընկերներիցդ էլ ես շատ շուտ հոգնում ու հիասթափվում, որովհետեւ մարդ արարածներս ամեն ինչից հոգնելու ու հիասթափվելու մշտական հակում ունենք, եւ անգամ ամենաերդվյալ խաղամոլները խաղերից ու խաղընկերներից հոգնել ու հիասթափվել ունեն, եթե, իհարկե, մի գեղեցիկ օր վերջնականապես են համոզվում, որ էդ բոլոր խաղերը տեղով մեկ դժբախտություն ու պատիժ են, եւ չնայած ամենաթունդ խաղամոլները խաղերից զատ այլ կյանք չունեն, այդուհանդերձ, երբեմն իրենց էդ միակ կյանքից էլ են հոգնում ու հիասթափվում, որովհետեւ, էլի եմ ասում, մարդ արարածն ամեն ինչից զատ՝ ամեն ինչից հոգնելու ու հիասթափվելու հակումներ էլ ունի եւ նմանապես մեր էս մինուճար կյանքից հոգնելու ու հիասթափվելու հակումներ ունի, եթե, իհարկե, վերջնականապես է համոզվում, որ իր բաժին կյանքը տեղով մեկ դժբախտություն ու պատիժ է, եւ չնայած ինքս էլ եմ ժամանակ առ ժամանակ իմ էս մինուճար կյանքից հոգնում ու հիասթափվում, այդուհանդերձ, ես էն քչերից եմ, որ ընկերներից, խաղերից ու ամեն ինչից հոգնելով ու հիասթափվելով՝ վերստին մնում եմ էս անհաջող խաղերի, ընկերների ու կյանքի մեջ, որովհետեւ ես էն քչերից եմ՝ ովքեր էդ ամենից փախչելու տեղ ունեն, եւ ինձ համար փախչելու էդ կոնկրետ տեղն էս վեպիս անծայրածիր տարածքն է, որտեղ ինձ շատ էլ լավ եմ զգում, որովհետեւ էս վեպս վաղուց ինձ համար ե՛ւ խաղ է, ե՛ւ ընկեր է, եւ, որ ամենակարեւորն է, կյանք է, եւ, փաստորեն, մշտապես ինձ հնարավորություն է տալիս, որ մարդկանցից, խաղերից ու կյանքից հոգնելով ու հիասթափվելով՝ վերստին մնամ ու լինեմ մարդկանց, խաղերի ու էս մինուճար կյանքի մեջ, եւ, սատանի ականջը խուլ, առայժմ կարծես թե ստացվում է, ու էդ է պատճառը, որ հույս ունեմ մի գեղեցիկ օր էլ դուրս մնալ Տերյանի ու մյուս բոլոր բուքմեյքերական տարածքներից եւ դրանցից դուրս գտնվելով՝ մի քիչ էլ դրսից նայել մեր ժամանակների լավագույն բուքմեյքեր Արթուրին, շախմատի գորիսցի վարպետ Վաչագան Շեկունցին, անուղղելի խաղամոլ եւ նույնքան անուղղելի արձակագիր Շեկոյան Արմենին ու բոլոր նրանց՝ ում դեռեւս կյանքը հանդուրժելով ժպտում ու ժպտալով հանդուրժում է, եւ, սատանի ականջը խուլ, առայժմ կարծես թե ստացվում է, եւ ահա էսպես շարունակվելով ու կրկնվելով՝ պիտի այսուհետ էլ շարունակվեմ ու կրկնվեմ, որովհետեւ կյանքն ինքն է անընդհատ շարունակվելով կրկնվում, եւ իմ էս կրկնվելն էլ է երեւի ցանկալի, որովհետեւ Ալիկի ու Ջավախյանի իմ էդ հորինովի երկխոսությունից հետո նորանոր ընթերցողներ են միացել մեզ, եւ չնայած հոգնողներն ու հիասթափվողներն էլ քիչ չեն, ինձ չհոգնողներն ու չհիասթափողներն են դզում, որովհետեւ նրանք՝ ովքեր դեռեւս էս վեպիցս չեն հոգնել ու չեն հիասթափվել, կյանքից էլ հոգնած ու հիասթափված չեն լինի, բայց, մյուս կողմից էլ, եթե մարդիկ էս վեպիցս ձանձրանալով ու հիասթափվելով՝ յան են տվել, կնշանակի՝ յան տալու ու փախչելու տեղ են գտել, չնայած, այսուհանդերձ, ամենից լավ հասկանում եմ էն մարդկանց՝ ովքեր էն գլխից ու ի սկզբանե են հրաժարվում էս տեսակ անհեթեթ ու անծայրածիր վեպերից, եւ մարդկանց հատկապես էս խմբին հասկանալով ու հարգելով՝ պարտավոր եմ խոստովանել, որ ինքս էլ եմ մարդկանց էդ խմբին պատկանում, որովհետեւ ես էլ սրանց պես՝ բուն կյանքը գերադասում եմ ուրիշների անձնական գրություններն ու նամակները կարդալուց, բայց, այդուհանդերձ, էս վեպս կարդացողներն ինձ համար չափազանց թանկ են, որովհետեւ քանակով շատ քիչ են, եւ էս ուղղությամբ բավական երկար մտածելուց հետո վերջնականապես եմ համոզվել, որ բնության ու իրականության մեջ բարձր գին ունեն հատկապես էն նյութերն ու արարածները, որոնք բնության ու իրականության մեջ չափազանց քիչ են, եւ ոսկին կամ, ասենք, ադամանդը պղնձից կամ, ասենք, պողպատից անհամեմատ թանկ արժեն ոչ թե էն պատճառով, որ ավելի փայլուն են, այլ՝ միայն ու միայն էն պատճառով, որ բնության ու իրականության մեջ պղնձից ու մանավանդ պողպատից անհամեմատ քիչ են, ու նաեւ էդ պատճառով ենք ոսկին ազնիվ մետաղ համարում. այսինքն, ազնիվ մետաղները բնության ու իրականության մեջ էնքան քիչ են՝ ինչքան որ ազնիվ մարդիկ են քիչ, եւ եթե ազնիվ մարդիկ ոչ միշտ են արժեւորվում ու գնահատվում, ազնիվ մետաղները մշտապես բարձր գին ունեն եւ, ի տարբերություն դրամի եւ նույնիսկ տարադրամի, ինֆլյացիայի ենթակա չեն, որովհետեւ դրամի ու տարադրամի քանակությունը մշտապես կարելի է տպելով ավելացնել, մինչդեռ ոսկու եւ մյուս ազնիվ մետաղների քանակությունը մշտապես սահմանափակ է, ու էս ասածս հիմնականում վերաբերում է նորմալ ժամանակներին, որովհետեւ ժողովուրդների ու մարդկության պատմության մեջ նաեւ աննորմալ ժամանակներ են եղել՝ երբ նույնիսկ ոսկին է արժեզրկվել, ընդ որում՝ ոչ թե փողի համեմատ, այլ՝ հացի, եւ չնայած էդ աննորմալ ժամանակներն աչքովս չեմ տեսել, որեւէ հիմք չունեմ՝ չհավատալու մեր պապերի ու տատերի, ինչպես նաեւ՝ մեր ծնողների պատմածներին առ այն՝ ինչպես են սովի ու պատերազմի տարիներին մի բուռ ոսկով մի սեւ բուխանկա առել, եւ դա հասկացողի համար նշանակում է, որ աննորմալ ժամանակներում հացն ավելի քիչ ու ավելի փնտրված է եղել, քան՝ ոսկին. այսինքն, աննորմալ ժամանակներում ոչ միայն ազնիվ մարդիկ են արժեզրկվում, այլեւ՝ ազնիվ մետաղները, եւ հիմնականում՝ հացի համեմատ, որովհետեւ նույնիսկ ամենաաննորմալ ժամանակներում մարդ արարածը խելքը լրիվ չի կորցնում ու շարունակում է հասկանալ, որ ոսկի ունենալու համար նախ եւ առաջ ապրել է հարկավոր, իսկ ապրելու համար ամենաառաջին անհրաժեշտության ապրանքը հացն է, եւ հեչ պատահական չի, որ մարդիկ հաց ասելով՝ ամեն ինչ են հասկանում, եւ երբ Պռոշյանը հացի խնդիր էր ասում, նախ եւ առաջ ոսկու ու փողի խնդիրը նկատի ուներ, եւ երբ մերոնք ասում են՝ որտեղ հաց՝ էնտեղ կաց, ամենեւին էլ ցամաք հացը նկատի չունեն, եւ երբ մերոնք ասում են՝ որտեղ հաց՝ էնտեղ կաց, առաջին հերթին ոսկին ու այլ ճոխությունները նկատի ունեն, որովհետեւ որտեղ հաց՝ էնտեղ կաց մտասեւեռումը մարդկանց միտքը զբաղեցնում է համեմատաբար նորմալ ժամանակներում, մինչդեռ աննորմալ ժամանակներում հայերն ու բոլորը ոչ թե լավ ապրելու խնդիր են ունենում, այլ ընդամենը՝ ապրելու ու գոյատեւելու. այսինքն, որտեղ հաց՝ էնտեղ կաց մտասեւեռումը մարդ արարածն ունենում է ոչ թե աննորմալ կամ նորմալ ժամանակներում, այլ միայն՝ համեմատաբար նորմալ ժամանակներում, եւ հեչ պատահական չի, որ էդ մտասեւեռումը շատ հաճախ հայերիս միտքն է զբաղեցրել, որովհետեւ հայերս ապրել ու ապրում ենք հիմնականում վատ եւ համեմատաբար նորմալ ժամանակներում, եւ հիմնականում էդ է պատճառը, որ մեր ազգային ու քաղաքական գործիչներն ամեն ընտրությունից առաջ ժողովրդին նոր ժամանակներ են խոստանում, ու մենք ամեն ընտրությունից առաջ լավ էլ հավատում ենք էդ նորանոր խոստացողներին, որովհետեւ մեր գործիչներն ու մենք ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, որ մենք ոչ թե նոր ժամանակների կարիքն ունենք, այլ ընդամենը՝ նորմալ ժամանակների. այսինքն, մենք ինքներս ոչ թե նորմալ կյանք ենք ուզում, այլ ընդամենը՝ նոր կյանք, ու էդ է պատճառը, որ ամեն անգամ ստանում ենք էդ նորն ու անճանաչելին, որը հետո դժվարանում ենք կյանք համարել, որովհետեւ էդ նորն ու ստացվածը սովորաբար նորմալ ու մարդկային կյանքի հետ որեւէ ընդհանրություն չի ունենում. այսինքն, մենք ամեն անգամ լավ էլ ստանում ենք մեր իսկ ուզածն ու մեր իսկ գործիչների խոստացածը, եւ ամեն անգամ դժգոհ ու ձեռնունայն ենք մնում եւ ամեն անգամ դժգոհ ու ձեռնունայն մնալով՝ հույսով, հավատով ու համբերությամբ սպասում ենք առավել նոր ժամանակների, եւ դրա պատճառն այն է, որ դարերի ընթացքում մենք ոչ թե սովորական ազգ ենք եղել, այլ իսկապես՝ համաշխարհային ու մշակութային ազգ, եւ դա է պատճառը, որ դարերի ընթացքում ու հիմա էլ ոչ թե սովորական ու մարդկային կյանք ենք ցանկանում ու կամենում, այլ ուրիշներից տարբեր՝ միանգամայն նոր կյանք ու միանգամայն նոր ժամանակ, որովհետեւ համաշխարհային ու մշակութային լինելով՝ գլխավորապես նորն ու արտասովորն ենք կարեւորում ու մեզ արժանի համարում, եւ հիմնականում մեր էս նորարարական նկրտումներն ու հավակնություններն են պատճառը, որ երբեւէ նորմալ ու սովորական ազգերի հետ չենք համեմատվում ու մրցակցում, այլ միայն՝ մեզանից ավելի համաշխարհայինների ու մշակութայինների, եւ համեմատության մեր մշտական առարկան ոչ թե ֆրանսիացիք են կամ, ասենք, անգլիացիք ու գերմանացիք, այլ միայն՝ հրեաները, եւ ուզածդ հայ միայն ու միայն հրեաներին է հայերիցս խելոք համարում, որովհետեւ հրեաներն էլ են մեզ պես համաշխարհային ու մշակութային ազգ եւ դարերով ոչ թե նորմալ ու մարդկային կյանքի են ձգտել, այլ միայն՝ նոր ու արտակարգ կյանքի ու ժամանակների, եւ երբ էդ նորից ու արտակարգից հոգնում, հիասթափվում եւ սովորական ու մարդկային կյանքով ապրելու միանգամայն մարդկային պահանջ ու ցանկություն են ունենում, հայերիս պես իրենց արտակարգ ու արտասովոր հայրենիքը լքում ու այլոց հայրենիքներում են էդ մարդկային ու նորմալ կյանքը փնտրում ու գտնում, եւ եթե այլոց հայրենիքներում էդ մարդկայինն ու նորմալը չեն գտնում, չափազանց կարճ ժամանակամիջոցում էդ մարդկայինն ու նորմալն այլոց հայրենիքներում անձամբ են ստեղծում՝ այլոց ու անձամբ իրենց համար, եւ հայերս միայն ու միայն հրեաներին ենք մեզանից խելոք համարում, որովհետեւ հրեաները հայերից շատ ավելի լավ են ուրիշների համար հայրենիք ու պետություն ստեղծում, քան՝ հայերը. իրենց ձեռքով ստեղծում ու անձամբ էլ վայելում են՝ ընդհուպ էն պահը, երբ բնիկները տեսնելով, որ իրենց տանն ամեն ինչ արդեն ստեղծված է, մանրից սկսում են նեղվել ստեղծողների ներկայությունից, եւ քանի որ հրեաներն ուրիշների համար ավելի լավ են հայրենիք ու պետություն շինում՝ քան հայերը, էդ ստեղծված ու արդեն կայացած երկրներում հրեաներին ավելի են ատում, քան՝ հայերին եւ մյուս օտարներին, որովհետեւ հրեաները, ի տարբերություն հայերի եւ այլ եկվորների, բնիկների համար էդ ամենն ստեղծելով՝ ձեռի հետ նաեւ վայելում են բնիկների համար իրենց էդ ստեղծածը, մինչդեռ հայերն օտարության մեջ աշխատանքից ազատ ժամերին ոչ թե իրենց իսկ ստեղծած կյանքն են վայելում, այլ իրար գլխի հավաքվելով ու կուտակվելով՝ միասնաբար ու կազմակերպված ձեւով կարոտում են իրենց հեռավոր ու կիսակառույց հայրենիքը, եւ էդ մշտական ու հանապազօրյա կարոտն էնքան խորունկ ու էնքան տեւական է, որ ժամանակ ու տրամադրություն չի թողնում ուրիշների համար ստեղծածը վայելելու, եւ քանի որ հայերն օտար ափերում իրենց իսկ ձեռամբ ստեղծածը չեն կարողանում վայելել, օտարության մեջ իրենց իսկ ստեղծած կյանքով համարյա չեն ապրում եւ իրենց մշտապես գաղթականի վիճակում ու կարգավիճակում են զգում եւ իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ չլինի թե՝ իրենց իսկ ստեղծած կյանքն ապրեն ու վայելեն, եւ աշխատանքից ու ուրիշների համար ստեղծելուց ազատ բոլոր ժամերին իրար գլխի կուտակվելով՝ միասնաբար ու միակամ կարոտում են իրենց հեռավոր, կիսակառույց ու վերջնական տեսքի չբերված հայրենիքը, եւ ուրիշների համար ամեն ինչ ստեղծելուց հետո՝ մի պահ հասկանալով, որ իրենց իսկ ստեղծած էդ նորմալ կյանքն ուրիշների համար է, սկսում են մի քիչ էլ իրենց մասին մտածել եւ իրենց մասին մտածելով՝ նախ իրենց գումարներն են ի մի բերում, այնուհետեւ եկեղեցի են կառուցում, եկեղեցուն կից հայկական դպրոց են կազմակերպում ու սկսում են հայեցի հանդեսներ, կնունքներ, հարսանիքներ ու թաղումներ իրականացնել՝ մշտապես վառ պահելով առ կորուսյալ Հայրենիք իրենց սերն ու կարոտը, եւ հայեցի ու հայաշունչ բանաստեղծություններ են մշտապես հնչեցնում, եւ հիմնականում եղերաշունչ բանաստեղծություններ են հնչեցնում՝ հիմնականում Պարույր Սեւակի ու Շիրազի գրածներից, եւ եթե Պարույր Սեւակի ու Շիրազի գրածները քչություն են անում, ժամանակ առ ժամանակ Էմինի ու տիկին Սիլվայի գրածներն էլ են անգիր արտասանում, եւ չնայած մեսրոպեան դասական ուղղագրությունը մշտապես գերադասում են ժամանակակից հայաստանյանից, այդուհանդերձ, բանաստեղծություններից արեւելահայերեններն են նախընտրում՝ հիմնականում Պարույր Սեւակ ու Հովհաննես Շիրազ, ժամանակ առ ժամանակ էլ՝ Կապուտիկյան ու Էմին, եւ հազարից մեկ են Ռուբեն Սեւակի կամ, ասենք, Սիամանթոյի գրվածքներն արտասանում, եւ էս երեւույթի ու էս իրականության բուն պատճառը չեմ կարող բացատրել եւ նույնիսկ հասկանալ չեմ կարող, որովհետեւ իսկապես անբացատրելի ու անհասկանալի է, եւ չեմ էլ փորձում հասկանալ ու մանավանդ բացատրել, որովհետեւ չեմ ուզում նմանվել էն մարդկանց ու գրագետներին, որոնք իրենց ճղելով՝ շարունակ ուզում են իմանալ անիմանալին եւ ճանաչել անճանաչելին, ինչպես նաեւ՝ բացատրել անբացատրելին, ու նաեւ՝ հասկանալ անհասկանալին, որովհետեւ իսկապես անհասկանալի է՝ ինչու են սփյուռքահայերն ավելի շատ Շիրազ ու Պարույր Սեւակ արտասանում, քան՝ Ռուբեն Սեւակ ու Սիամանթո, ինչպես նաեւ՝ Դուրյան ու Մեծարենց ու Թեքեյան, եւ առավել անհասկանալի է՝ ինչու են սփյուռքահայերն ավելի մեծ ու ավելի հզոր Հայաստան փափագում, քան՝ հայաստանաբնակներս, եւ եթե անգամ անհասկանալին հասկանալու եւ անիմանալին իմանալու հավակնություններ ունես, նախ պիտի քեզանից ու քո քթի տակից սկսես. այսինքն, նախ պիտի փորձես ինքդ քեզ ու կողքիններիդ հասկանալ, հետո նոր՝ հեռավորներին, եւ եթե ինքներս մեզանից սկսենք, վերստին Շիրազին պիտի անդրադառնանք, եւ վերստին Շիրազին անդրադառնալով՝ վերստին պիտի հիշեմ ու հիշեցնեմ, որ սփյուռքահայության ու համայն հայության պաշտելի Հովհաննես Շիրազը վաթսունականների, յոթանասունականների ու ութսունականների Երեւանում բոլորիցս վատ էր ապրում, եւ չնայած քսանականներին, երեսունականներին, քառասունականներին ու հիսունականներին նույն Շիրազը շատ ավելի անապահով կյանքով էր ապրել, ես վաթսունականների, յոթանասունականների ու ութսունականների Շիրազի անապահով կյանքը ոչ թե ուրիշների պատմածներից գիտեմ, այլ անձամբ եմ տեսել ու իմացել, եւ չնայած անձամբ տեսածս էդ թվերին Երեւանում բարեկեցիկ ու շքեղ կյանքով ապրողներն առանձնապես շատ չէին, այդուհանդերձ, էդ թվերի Երեւանում Շիրազն ավելի վատ էր ապրում, քան՝ մնացածները, եւ Շիրազը հատկապես Շիրազագետների՛ համեմատ էր վատ ապրում, եւ չնայած էս տպավորությունս մի անգամ էլ եմ հայտնել, հիմա նորից եմ կրկնում՝ ոչ միայն էն պատճառով, որ Ալիկի ու Ջավախյանի դիալոգների շնորհիվ արդեն միանգամայն նոր ընթերցողներ ունեմ, այլեւ էն պատճառով, որ էս կրկնությունս չափազանց կարեւոր եմ համարում՝ թեկուզեւ էն իմաստով, որ երեւակայություններիս զոռ տալով փորձենք պատկերացնել՝ հնարավո՞ր է արդյոք Կոլումբիայում գտնել մի Մարկեսագետ, որը նյութապես ավելի ապահով վիճակում լինի, քան ինքը՝ Մարկեսը, եւ հիմա ձեզ կանխելով ու ձեզնից առաջ ընկնելով՝ պիտի ասեմ, որ էդպիսի բան երեւակայությունս լարելով կարողանում եմ պատկերացնել. այսինքն, երեւակայությունս հնարավորինս լարելով, մեծ դժվարությամբ իհարկե, հաջողացնում եմ պատկերացնել, որ Կոլումբիայում մեծահարուստ մեկը կամ, ասենք, մեծահարուստ մեկի որդին էնքան հմայված լինեն Մարկեսի ստեղծագործությամբ, որ իրենց հիմնական բանուգործը ժամանակավորապես մի կողմ թողնելով՝ սկսեն Մարկեսի ստեղծագործությունների մասին հոդվածներ, ուսումնասիրություններ ու մենագրություններ գրել, բայց երեւակայությունս չի հերիքում երեւակայելու ու պատկերացնելու, որ Կոլումբիայում չունեւոր մեկը կամ չունեւոր մեկի որդին Մարկեսի ստեղծագործությունների մասին հոդվածներ, ուսումնասիրություններ ու մենագրություններ գրելով՝ ֆինանսապես նույն Մարկեսից ավելի ապահով վիճակում հայտնվի, մինչդեռ Շիրազի դեպքում հենց էդպես էր, եւ ուրիշ հայ գրողների դեպքերում էլ է էդպես եղել, եւ դրա հիմնական պատճառները հայ գրողի համեստությունն ու անհավակնոտությունն են, եւ չնայած ժամանակները փոխվել են, հայ գրողի համեստությունը չի փոխվել. ընդհակառակը՝ հայ գրողի համեստությունն ավելի մեծ ու սպառնալի չափերի է հասել, եւ դրա հիմնական պատճառն էն է, որ, ի տարբերություն սովետահայ գրողների, էսօրվա հայ գրողն իր գրածի համար հոնորար չի ստանում եւ անհոնորար ու պետպատվերով ստեղծագործելով՝ հերթական տպագրածը հերթական հուզիչ ընծայականով հասցնում է հայ գրականագետներին՝ առաջին հերթին, իհարկե, ակադեմիկոսներին ու դոկտորներին, որպեսզի էս վերջիններս իրենց վերջնական գնահատականը տան, եւ, ինչպես արդեն կռահում եք, իմ բախտը նախ հոնորարի՛ իմաստով է բերել, հետո նաեւ՝ ակադեմիկոս գրականագետի, ու էդ է պատճառը, որ ես, ի տարբերություն իմ կոլեգաների, համեստությամբ առանձնապես չեմ փայլում, բայց Սարինյանի դեպքին ըմբռնումով անդրադառնալով՝ պիտի նաեւ ասեմ, որ Սարինյանը, անկախ նրանից՝ էս վեպս կարդում է թե չէ, ի տարբերություն այլ գրականագետների՝ հասկացել է, որ չի կարելի գրողների միության տասնհինգերորդ հոբելյանական համագումարին ընդառաջ գնալ՝ առանց էս անծայրածիր վեպիս անդրադառնալու. ընդ որում, հոբելյանականին ընդառաջ գնալով ու ինձանից գրողական մանիֆեստս ակնկալելով՝ իմ փոխարեն ինքն է մանիֆեստս անձամբ ազդարարել՝ էս վեպս անհատականացված էպոս անվանելով, ու էս հանգամանքն էս պահին չի կարող ինձ չոգեւորել ու չոգեշնչել, որովհետեւ հիմա արդեն գիտեմ, որ էսքան գրածս էպոս է, ու հետագա գրելիքս էլ է, փաստորեն, էպոս լինելու, ու էս հանգամանքն ինձ առանձնապես է ինքնավստահություն ներշնչում ու ի գործ մղում, որովհետեւ հիմա արդեն գիտեմ, որ գրող ներկայացուցիչն եմ էն բացառիկ ազգի, որը մեկի փոխարեն երկու էպոս ունի. այսինքն, Սարինյանի ակադեմիական կարծիքից հետո ինքս էլ եմ տրամադրված կարծել, որ էս գրածս ու գրելիքս միանգամայն լուրջ գործ է, եւ եթե սրանից հետո էլ որոշ մարդիկ ու որոշ գրագետներ շարունակեն պնդել թե՝ անլուրջ գործով եմ զբաղված, անմիջապես Սարինյանի գրավոր գնահատականն եմ դեմ անելու:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31