Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻ ՎԱՐՔԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՏԻԿԱՆԻՆ

Հունվար 22,2011 00:00

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ներկայացվող մեղադրանքների՝ անբարո վարքի առնչությամբ: Վարչապետը կասկածվում է այն բանում, որ սեռական հարաբերություններ է ունեցել անչափահաս մարմնավաճառի հետ: Այս շաբաթ նա պետք է ներկայանա դատախազություն՝ այդ գործով ցուցմունքներ տալու համար:
BBC-ի փոխանցմամբ, Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն ասել է, թե իշխանության ներկայացուցիչները պետք է բարոյական ավելի առողջ նկարագիր ունենան. «Եկեղեցին յուրաքանչյուրին եւ հատկապես նրանց, ովքեր հասարակությունում պատասխանատու դիրք են զբաղեցնում,  կոչ է անում հետամուտ լինել բարոյական ավելի առողջ նորմերին, հետեւել արդարությանն ու օրինականությանը»:
Սուրբ աթոռանիստը հազվադեպ է հանդես գալիս կոնկրետ հարցերի վերաբերյալ նման բաց քննադատական նկատողություններով: Կարդինալն ասել է, թե Վատիկանն ամենայն ուշադրությամբ եւ անհանգստությամբ հետեւում է Բեռլուսկոնիի գործին եւ կիսում է երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի մտահոգությունները, որը Բեռլուսկոնիին կոչ էր արել չխուսափել դատախազների հետ հանդիպումներից եւ նպաստել այդ գործի հետաքննության արագ ավարտին:
Վատիկանը երկար ժամանակ չէր մեկնաբանում Իտալիայում «Ռուբիգեյթ» անունը ստացած սկանդալը: Իտալիայի աջակենտրոն կառավարությունը ծայրաստիճան կարեւորում է կաթոլիկ եկեղեցու աջակցությունը: «Եթե Վատիկանը դավաճանի մեզ, ամեն ինչ վերջացած կլինի»,- դեռ չորեքշաբթի օրը հայտարարել էր վարչապետի մերձավորներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել