Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիադայից մինչեւ հայ-վրացական հարաբերություններ

Հունվար 22,2011 00:00

Հայ-վրացական օլիմպիադան մեկնարկեց 2 երկրների հիմներով

Վրաստանում օր օրի վատթարանում է հայկական դպրոցների վիճակը, իսկ ՀՀ ԿԳ նախարարությունը Երեւանում անցկացնում է հայ-վրացական օլիմպիադա: Երեկ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում մեկնարկեց հայ-վրացական առաջին միջպետական դպրոցական օլիմպիադան՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաներից: Օլիմպիադային մասնակցում է 60 աշակերտ՝ Հայաստանից եւ Վրաստանից:
ՀՀ ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանի տեղեկացմամբ, երկու երկրներից օլիմպիադային մասնակցելու համար ընտրվել են յուրաքանչյուր առարկայից 10-ական աշակերտ, Վրաստանի կողմից մասնակիցների թվում կան նաեւ վրացահայեր, իսկ Հայաստանի կողմից օլիմպիադային մասնակցում են ոչ միայն երեւանյան դպրոցների աշակերտներ, այլեւ՝ Գյումրիից, Վանաձորից եւ Գորիսից:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, միջպետական օլիմպիադա անցկացնելու գաղափարը պատկանում է երկու երկրների նախագահներին. «Նրանք ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ հումանիտար համագործակցության ոլորտում՝ երկու երկրների երիտասարդների համար ստեղծելով հնարավորություններ՝ այս տարիքից սկսած ծանոթանալ, աշխատել, ընկերանալ, նաեւ փորձել առողջ մրցապայքարում ճանապարհ հարթել դեպի ճշմարտություն: Ցավոք, մեր տարածաշրջանում պետություններից մեկը փորձում է թելադրել այլ պետություններին սպառազինությունների մրցավազք, սակայն վստահ ենք, որ մեր ապագան միայն գիտելիքի առողջ մրցակցության մեջ է»:
Վրաստանի գիտական դպրոցների զարգացման ալյանսի նախագահ, Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուդա Գոգլիչիձեն նշեց, որ օլիմպիադան միջոց է երկու ազգերի միջեւ բարեկամության խորացման:
Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը նկատում է, որ օլիմպիադայի մասնակիցների մեծ մասն իրենց դպրոցի սաներն են. «Մենք պարբերաբար մասնակցում ենք օլիմպիադաների, օրերս էլ մեր երեխաներից մի քանիսը երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով վերադարձան Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած միջազգային օլիմպիադայից: Նման ակնկալիքներ ունենք նաեւ այս մրցաշարից եւ հույս ունենք, որ օլիմպիադան հայ-վրացական բարեկամության հերթական կետերից մեկն է լինելու»:
Օլիմպիադան կայացավ մեկ փուլով: Առաջադրանքները կազմվել եւ թարգմանվել են հայ եւ վրաց մասնագետների կողմից:
Թե որքանով էին բարդ կամ ոչ մատչելի հանձնարարված խնդիրները, պարզեցինք անձամբ մասնակիցներից: «Ինֆորմատիկա» առարկա հանձնող Ռուբեն Ֆրղոյանն ասաց. «Դժվար են թվում առաջադրանքները, արդեն մոլորվել եմ հարցերից…, բայց երեւի 4 ժամում կկարողանամ լուծել»: Վրաստանից ժամանած Մարի Վերժաշվիլիի խոսքով էլ, սա իր առաջին օլիմպիադան չէ եւ հարցերն էլ բավական մատչելի են. «Կարծում եմ, նույն բարդության աստիճանի կլինեն երկու երկրների ներկայացուցիչների համար կազմված խնդիրները, եւ կազմողները խտրականություն դրած չեն լինի»: Վրացահայ Ալեքսանդր Ազիզյանը տխրում է, որ հայ լինելով ներկայանում է վրացական կողմից, բայց ուրախ է, որ հայ ընկերների հետ գիտելիքների մրցույթ պետք է անցկացվի. «Վստահ եմ, որ ինչպես ես, այնպես էլ հասակակիցներս կկարողանանք այս օլիմպիադան հաղթահարել: Էական չէ, ով մրցանակ կստանա, կարեւորը միասնական խնդիրներին լուծում տալն է»:
Հայ-վրացական միջպետական օլիմպիադան մեկնարկեց առավոտյան ժամը 10-ին՝ երկու երկրների հիմներով, ի դեպ, Հայաստանի հիմնը հնչեց «remix» տարբերակով:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանից փորձեցինք պարզաբանում ստանալ փոխնախարար Կարինե Հարությունյանի մասին վերջերս մամուլում շրջանառվող հրապարակումների մասին: Քանի որ նախարարը շտապում էր, խոսեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նա Կ. Հարությունյանի մասին շրջանառվող լուրերը ցածր մակարդակի լրատվություն որակեց՝ հավելելով. «Այն, թե ԾԻԳ-ի ղեկավար եղած ժամանակ ներկայումս փոխնախարար Կարինե Հարությունյանը գումարներ է յուրացրել, խաշ կերել, գումարը չի փակել եւ նման այլ անհեթեթություններ, չեն համապատասխանում իրականությանը: Իսկ այն կարծիքը, թե Հարությունյանին ԾԻԳ-ի ղեկավարի պաշտոնից հեռացրել են դրա պատճառով, տրամաբանական չէ, որովհետեւ մարդուն գումարներ յուրացնելու պատճառով պաշտոնանկ անելու դեպքում ավելի բարձր պաշտոնի չեն նշանակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31