Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ջեռուցման համակարգի եւ աշխատավարձի

Հունվար 28,2011 00:00

Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին իր դռները բացեց Իջեւանի երաժշտական դպրոցը: Տավուշի մարզում կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցեց հիմնանորոգված երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը։ Բացի հիմնանորոգումից, երկհարկանի շենքին ավելացվել է եւս մեկ հարկ։ Ծախսվել է 96 միլիոն դրամ: Աշխատանքները ֆինանսավորել են Համաշխարհային բանկն ու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը։ Վերջինս դպրոցին աջակցել է նաեւ գույքի ձեռքբերման հարցում։ Սակայն նախագծողները մոռացել են ջեռուցման համակարգի մասին: Երաժշտական այս կրթօջախի սաների ծնողները մեզ բողոքել էին, որ երեխաները դասասենյակներում մրսում են: Այցելեցինք երաժշտական դպրոց: Կրթօջախի տնօրեն Սվետլանա Բեգլարյանն ասաց, որ հիմնանորոգման նախագծում կաթսայատուն նախատեսված չի եղել: Իջեւանի քաղաքապետարանի միջոցներով կաթսայատուն է կառուցվել, սակայն գազիֆիկացման փաստաթղթերը դեռեւս պատրաստ չեն, որպեսզի կաթսայատունը գործարկվի: Միջանցքներում ցուրտ էր: Այն սենյակներում, որտեղ պարապմունքներ էին, միացված էին էլեկտրական տաքացուցիչներ: Տնօրենի խոսքով՝ դասասենյակներում 16 աստիճան տաքություն է:

Ոչ այնքան տաք դպրոցի տնօրենը հորդորեց գրել նաեւ 320 սան ունեցող կրթօջախի հաջողությունների մասին, անցյալ տարի հանրապետական փառատոներում երաժշտական դպրոցի սաները հաջողությունների են հասել: Սակայն դպրոցի դասատուները դեռ չեն ստացել անցյալ տարվա դեկտեմբերի աշխատավարձը: Տնօրենի խոսքով՝ առաջիկա օրերին, մինչեւ փետրվար, դպրոցի կաթսայատան գազի հարցը կլուծվի, կաթսայատունը կգործարկվի, դեկտեմբերի աշխատավարձն էլ կստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել