Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա կրոնական անհանդուրժողականություն

Հունվար 28,2011 00:00

Հայտարարում է ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասատրյանը:

Հայաստանում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների ոլորտը խոցելի է: Երեկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ոլորտի փորձագետներ, նման կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով, Հայաստանում կրոնական կազմակերպությունների նկատմամբ անհանդուրժողականությունը շարունակվում է նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը, դառնալով միջազգային կազմակերպությունների անդամ, ընդունելով խղճի ազատությունը եւ տարբեր կրոնական կազմակերպությունների նկատմամբ հավասար իրավունքները, ընդունել է մի շարք պարտավորություններ: Նրա համոզմամբ, 1991 թվականին ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը լի է հակասություններով եւ հնացած է: Խոսելով հակասությունների մասին՝ նա մասնավորեցրեց. «Օրենքով սահմանվում է, որ նոր եկեղեցիներ կառուցելը հայ ազգային եկեղեցու մենաշնորհն է: Հայաստանի դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը պարտադիր առարկա է: Այդ դասագրքերում կան քարոզչական նյութեր, որոնցում տեղ գտած պնդումները պարտադրում են մեկ հավատք: Այդ համաձայնագիրը հակասում է ՀՀ սահմանադրության 8-րդ կետին, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Դասագրքերը հակասում են նաեւ մի շարք, այդ թվում՝ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիային»:

Ինչպես նմանատիպ մնացած քննարկումների ժամանակ, երեկվա «կլոր-սեղանին» էլ պարոն Իշխանյանն անդրադարձավ «հոգեորսություն» եւ «աղանդ» հասկացություններին. «Հոգեորսություն» եզրույթը շփոթ առաջացնող եւ ոչ իրավական նորմ է: Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունն է՝ ընդհանրապես փոխել կամ մեղմացնել «Հայաստանում արգելվում է հոգեորսությունը» սահմանումը եւ «հոգեորսության» փոխարեն օգտագործել «ոչ պատշաճ դավանափոխություն» եզրույթը: Աղանդ բառը քրիստոնեական եւ մահմեդական շրջանակներում որպես վիրավորանք եւ պիտակավորում է ընկալվում, իսկ հայ հասարակության մեջ, առաքելական եկեղեցուց բացի, բոլոր կրոնական ուղղություններին աղանդ են համարում: Դրանք կարծրատիպեր են, որոնք ստեղծվել են իշխանության եւ լրատվամիջոցների քարոզչությունից»,- ասաց Ա. Իշխանյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասատրյանի դիտարկմամբ, ՀՀ-ում կրոնական իրավիճակը այնքան մտահոգիչ երանգ չունի, ինչպես ներկայացվում է: Ըստ նրա, կրոնական կազմակերպությունները Հայաստանում հիմնականում խնդիրներ չեն ունենում, այլ պատահում են միայն առանձին դեպքեր: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ասատրյանը, մեկնաբանելով Ա. Իշխանյանի ելույթը, նշեց. «Դա համոզմունք դարձած, ոչ օբյեկտիվ կարծիք է, մեկ-երկու փաստը չի կարելի օրինաչափություն համարել»: Ըստ Ասատրյանի, առաքելական եկեղեցու հետեւորդների՝ այլ կրոնական կազմակերպություններում ներգրավվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարդկանց մի մասը առաքելական եկեղեցու հետ շփում չունի կամ շփման պարագան իրեն չի բավարարում:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սիփան աբեղա Գեւորգյանը կարծում է, որ Հայաստանում չկա կրոնական անհանդուրժողականություն: «Այսօր շատ կրոնական կազմակերպություններ դիմում են հոգեորսության եւ իրենց կողմը տանում առաքելական եկեղեցու զավակներին, հիմնական թիրախ ընդունելով վատառողջ, նյութական ոչ ապահով խավին, երբեմն նաեւ խաբկանքի ենթարկելով մարդկանց, թե ճշմարիտ կրոն են քարոզում: 301 թվականից քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունած Հայ առաքելական եկեղեցին չի խրախուսում այլ կրոններին ու դավանանքներին հետեւող մարդկանց հալածումը կամ անհանդուրժող վերաբերմունքը: Փաստն այլ երանգ է ստանում, երբ բախումներ են տեղի ունենում կրոնական տարբեր պատկանելության մարդկանց միջեւ: «Եհովայի վկաների» երեխան դպրոցում սովորում է առաքելական եկեղեցու հետեւորդ երեխաների հետ, կրոնական այդ կազմակերպությունների հետեւորդները միջոցառումների ժամանակ խուսափում են մնացած երեխաներից եւ չեն մասնակցում հավաքույթներին, Ծննդյան տոների արարողություններին եւ այլն, ինքնաբերաբար երեխաների միջեւ բախում է լինում, բայց դա չի նշանակում, որ մենք անհանդուրժող ենք»,- «Առավոտի» հետ զրույցում շեշտեց հոգեւորականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել