Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՋԱՆՔԵՐՆ ԻԶՈՒՐ ՉԷԻՆ

Հունվար 29,2011 00:00

ԵԽԽՎ բյուրոյի երեկվա նիստին մասնակցած Դավիթ Հարությունյանի եւ Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությունները՝ ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովը վերստեղծելու մասին կայացված որոշման շուրջ:

\"\"

ԵԽԽՎ բյուրոյի նիստին երեկ հրավիրվել էր մասնակցելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մեր խնդրանքին՝ ներկայացնել ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի վերաբերյալ քննարկման ընթացքը, արձագանքեց այսպես. «Ցավոք, բյուրոյի նիստում քննարկում գրեթե չի եղել: Դա բխում է ոչ այնքան օբյեկտիվ իրավիճակից, որը ձեւավորվել է Վեհաժողովում: Մասնավորապես՝ ամենապարզ օրինակը նշեմ. այն նամակը, որը մենք հունվարի 25-ին հասցեագրել էինք բյուրոյի անդամներին՝ ուղարկելով Վեհաժողովի քարտուղարություն եւ ԵԽԽՎ նախագահին, չէր հասել բյուրոյի անդամներին՝ հետեւյալ տարօրինակ հիմնավորմամբ, թե քարտուղարությանը թվացել է, որ այդ նամակը հասցեագրված է հենց իրենց, եւ չեն ենթադրել, թե այն պետք է ուղարկվի: Թեեւ անգամ բանավոր պայմանավորվածություն կար, թե մինչեւ որ ժամը հասցնենք, որ իրենք այն թարգմանեն ֆրանսերեն ու տարածեն: Սա մի օրինակ է, թե ինչպես է հիմա, ցավոք, գործում Վեհաժողովը»:
Բյուրոյի նիստում իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, հետո ելույթ է ունեցել Դավիթ Հարությունյանը, որի խոսքը, ինչպես ինքը հայտնեց, կառուցված է եղել այն դրույթների շուրջ, որոնք ներկայացված էին Հայաստանի պատվիրակության հունվարի 25-ի նամակում. «Եվ պնդել եմ, թե քանի որ այդ նամակը չի բաժանվել՝ այն այժմ համարվի իմ ելույթի անբաժանելի մասը»: Դրանից հետո իր դիրքորոշումն է ներկայացրել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Եվ ամփոփիչ խոսք է ասել Մեւլութ Չավուշօղլուն: «Քվեարկություն, որպես այդպիսին, չեղավ, քանի որ քաղաքական 5 խմբերից որեւէ առարկություն չեղավ»,- ասաց պրն Հարությունյանը: Հարցին, թե այսինքն՝ թեեւ հայկական կողմը ներկայացրել էր իր դիրքորոշումն ու հակափաստարկները՝ դրանք լսելի չդարձա՞ն՝ Հայաստանի պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Փաստորեն լսելի չդարձան, ինչը, կարծում եմ, շատ վատ է Վեհաժողովի համար, քանի որ կարող է հայտնվել նույն ծուղակում, որում հայտնվել էր ռուս-վրացական հակամարտության պարագայում: Առաջին անգամ է, որ այս ԵԽԽՎ-ում ռուս եւ վրացի պատվիրակները վերջապես իրենք համաձայնեցին մի միասնական մոտեցման շուրջ, եւ հիմա նոր կսկսվի ավելի հաջողված աշխատանքը, իսկ մինչ այդ միշտ հակադրություն է եղել: Ցավոք, Վեհաժողովը չկարողացավ ընկալել, որ իր դերակատարումը պետք է լինի ոչ թե նոր հակադրության եւ ագրեսիվ թատերաբեմ ստեղծելը, այլ հակառակը՝ իր հնարավորությունների սահմաններում լուծելիք խնդիրներին անդրադառնալը»:
Հունվարի 25-ի նամակում նշված էր, թե Հայաստանի պատվիրակությունն առաջարկել էր լարվածությունը թուլացնելու որոշ միջոցներ, «որոնք մնում են ուժի մեջ: Ցավոք, դրանցից ոչ մեկը չի քննարկվել»: Հարցին, թե հատկապես ի՞նչ էին առաջարկել՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Առաջարկություններից ամենապարզն այն է, որ Վեհաժողովի նիստերում երկու կողմերը միմյանց հասցեին չօգտագործեն ագրեսիվ հռետորաբանություն ու բառապաշար, փոխադարձ մեղադրանքներ եւ այլն: Առաջարկի իմաստն այն է, որ բոլորը հոգնել են այդ ամենից, եւ դա բացարձակապես անհնար է դարձնում հետագա որեւէ աշխատանք: Մենք ասում էինք՝ եթե չեք կարողանում լուծել այս տարրական խնդիրը, որի վերաբերյալ մի անգամ եղել է պայմանավորվածություն, եւ որը խախտվել է ընդամենը 1 ժամ անց, ապա ի՞նչ հավակնություններ կարող է ունենալ հանձնաժողովը, թե կկարողանա բարելավել հարաբերությունները երկու հասարակությունների միջեւ: Մենք առաջարկում էինք՝ սկսեք լուծել այդ նվազագույն խնդիրը, եւ եթե հաջողության հասնեք՝ նոր գնացեք առաջ»:
Հերմինե Նաղդալյանը որպես Տնտեսական հարաբերությունների եւ զարգացման հանձնաժողովի նախագահ՝ այժմ նաեւ ԵԽԽՎ բյուրոյի անդամ է (ի դեպ, սա բացառիկ դեպք է, որ պատվիրակության փոխարինող անդամը դառնա հանձնաժողովի նախագահ: Իսկ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 10 տարիների ընթացքում նա մեր միակ պատվիրակն է, որ երկու հարցով զեկուցող է եղել): Հարցին, թե ինչպե՞ս է բացատրում, որ ԵԽԽՎ բյուրոյի նիստում Հայաստանի դիրքորոշումը ոչ ոք չպաշտպանեց՝ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներից մեկն ընդհանրապես էր բացակայում նիստից, քանի որ Ռուսաստանում կարեւոր իրադարձությունների պատճառով 2-3 օր առաջ մեկնել էր Ստրասբուրգից: Մյուս ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի պատվիրակ Ժան Կլոդ Մինյոնը դահլիճում էր, բայց ըստ երեւույթին՝ տիրող ընդհանուր մթնոլորտն էր պատճառը, որ չխոսեց: Նրա հետ նախապես հանդիպել էին Արմեն Ռուստամյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Ու թվում էր, թե Մինսկի խմբի անդամ երկրի ներկայացուցիչը պիտի հստակ արտահայտվեր հօգուտ այն տեսակետի, որը ազդարարվել է հենց համանախագահողների կողմից»:
Տիրող մթնոլորտի եւ կայացված որոշման համար արդյոք վճռորոշ դարձավ այն, որ այժմ ԵԽԽՎ-ն ղեկավարում է թուրք պատվիրա՞կը, ու նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությո՞ւնն է ստանձնել Թուրքիան՝ մեր հարցադրմանը տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Հնարավոր է, որ Թուրքիայի կրկնակի նախագահությունը ձեւավորեց որոշակի միջավայր, որի պայմաններում մեր գործընկերները նախընտրեցին լռել ու չխորանալ թեմայի մեջ: Համենայնդեպս, նաեւ կար տեղեկատվություն, թե հանձնաժողովը նոր չի ստեղծվում՝ վերստեղծվում է: Եվ բացի այն, որ դրա ապագայի մասին պրն Չավուշօղլուն կարող է ոգեւորված պատկերացումներ ունենալ, կարծես թե ուրիշ մեկը նման ոգեւորություն չի ապրում այս կապակցությամբ»:
Հերմինե Նաղդալյանը նախկինում մասնակցել էր այս հանձնաժողովի նիստերին, երբ այն ղեկավարում էր լորդ Ռասսել-Ջոնսթոնը. «Ե՛վ մենք, ե՛ւ ադրբեջանցիները հիշում ենք, որ այդ հանձնաժողովը մի քանի ապարդյուն փորձեր կատարեց՝ կազմակերպել ինչ-որ քննարկումներ, աշխատանք: Բայց այդ ամենը 1 օրվա կյանք էլ չէր ունենում: Ամեն տեսակ պայմանավորվածությունները, որոնք փորձում էին ձեռք բերել ադրբեջանցիների հետ՝ պատվիրակությունների միջեւ հարաբերությունները բարելավելու եւ վստահության ձեւավորման շուրջ, մնում էին ընդամենն այն սենյակի պատերի մեջ, որտեղ անցնում էր հանձնաժողովի նիստը: Հանդիպումն ավարտվում էր, եւ ընդամենը 1 ժամ անց սկսվում էր նույն հոսքը՝ կեղտոտ բամբասանքների, անհիմն, հնարովի, ստահոդ լուրերի, մեղադրանքների, որոնք ամեն անգամ հերքվում էին, եւ ժխտելու համար ամեն անգամ ծախսվում էին ե՛ւ ջանքեր, ե՛ւ ժամանակ: Բայց նույն տեղատարափը հետո էլ էր շարունակվում: Այժմ նույն իրավիճակում ենք: Այս հանձնաժողովն էլ որեւէ այլ բան, խորապես վստահ ենք, չի կարողանալու անել»:

Հ. Գ. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է դարձել Իսպանիայի պատվիրակ, 38-ամյա Ժորդի Խուգլա ի Կոստան, որին առաջադրել է Լիբերալների եւ դեմոկրատների ալյանս (ALDE) խմբակցությունը: Մեր հարցին, թե արդյոք այս թեկնածության շուրջ եղե՞լ է խորհրդակցություն Հայաստանի պատվիրակության հետ՝ Դավիթ Հարությունյանը տվեց բացասական պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31