Իրական մշակույթից մինչեւ իրային աշխարհ
Մարդկությունը մշտապես բյուրեղացրել է իր գոյությունը երկու տեսակ իրականությունների բախման կիզակետում:
Առաջին իրականությունը ներհոգեկանի այն հսկա առարկայացումն է, որ արձանացել է մշակույթի ձեւով: Մշակութային այդ իրականությունը ներառել է մեր աշխարհընկալման հավաքական կերպը, մեր հավատը առ ներաշխարհային անընդհատ լինելիություն եւ առ այն ամենը, ինչ մեզ ի զորու է վերհանել մեր նյութապաշտական կենսակերպից: Այն արեւմտահայ գրականությունն է, որը մեզանում գրեթե մոռացության է մատնված: Այն Կոմիտասի հանճարի ինքնուրույնության փայլատակումն է, այն ժամանակաշրջանում, երբ երաժշտական աշխարհը իր զարգացման մեջ շեշտադրվում էր գերման ոգու հանճարներ՝ Բեթհովենի, այնուհետեւ Վագների ստվերների ներքո…
Մյուս իրականությունը, որը իր ահռելի ուժով դեմ է առել մեր ներհոգեկանի արձանացմանը, ասել է թե՝ մշակույթի ճանաչման մեջ մեր ինքնաճանաչմանը, այն ամենն է, ինչ գողանում է ինքներս մեզնից մեր ամենակուլ ստամոքսը, որ թելադրված է պատահականության խռպոտ ձայնով, մի խոսքով՝ այն ամենը, ինչ գերազանցապես հակամշակութային է: Դա բակերում մշտապես կքանստած հայ երիտասարդությունն է, որ ոչ թե քանդակագործ Երվանդ Քոչարի նման է պատկերացնում Սասունցի Դավթին, այլ իր պես կքանստած… հենց ձիու վրա: Դա մենք ենք, որ մեր հեռախոսի ականջակալների արանքից այն կողմ չենք համարձակվում ծավալել մեր լսողությունը ու մեր ականջակալների բանտում մեզ զգում ենք օտարված, բայց հարմարավետ ու հանգիստ…
Մարդկության պատմության ամեն փուլում այս երկու իրականությունները մշտապես ներթափանցվել են ու փորձել են պարտադրել յուրաքանչյուրը մեկը մյուսին իր օրենքներն ու կանոնները: Ժամանակի մեջ գլորվելով նրանք հետզհետե կրկնապատկել են իրենց կշռույթի թափը ու այսօր, երբ մեր ազգը ողջ մոլորակի հետ միասին կուտակել է մի հսկայական մշակութային կարելիություն, նա միաժամանակ իր ներկայիս վիճակում անունակ է լինել այդ մշակույթի ժառանգորդն ու այն կատարելագործողը: Ինչ-որ տարօրինակ պայթյուն է տեղի ունեցել, Աստված գիտե, թե որ մի տիեզերքում ու այդ պայթյունի ճառագայթումից մեր մեջ ողջը գոյափոխվել է: Իրականությունները խառնվել են իրար ու մեր ստամոքսների սահմանները ընդլայնվել են: Գոյության այն չափաբաժինը, որը մեր մեջ նախատեսված էր մշակութաարարման եւ սրբագրման համար, զիջեց իր տեղը ստամոքսի կայսրությանը:
Սարսափելի է, երբ տուրք տալով իր անասնականին՝ մարդը ուրանում է իր ներաշխարհային էությունը: Ողբերգական է, երբ անգամ իր ներաշխարհը դառնում է սոսկ նյութականի արտապատկերում: Առաջին դեպքում նա գիտի, որ ինչ- որ բան ուրանում է, երկրորդ դեպքում նա համարձակվում է ինքն իրեն երեւակայել, թե իբր մշակութակիր է եւ որոշ դեպքերում էլ անգամ մշակութաստեղծ: Առաջին դեպքում նա ասում է ինքն իրեն. «Ես փոխանակում եմ իմ հոգեկանը ստամոքսայինի հետ»:
Երկրորդ դեպքում նա միամիտ ու հիմարորեն բացականչում է. «Ես հաղթել եմ ստամոքսին… կեցցե~ Աստված»:
Այսպիսին ենք մենք՝ հայրենիքը գլխավերեւում «պլակատայնորեն» պաշտողներս, «մշակույթ» բառը անդադար ու անբովանդակ վանկարկողներս, Աստծո ու հոգեւորի մասին անվերջ ճչացողներս:
Ձեր ստամոքսի չափսերը շատ ավելի մեծ են, քան դուք կարծում եք…
Ակամայից մտածել կարելի է, որ վաղը մի այդպիսի անիմաստ ճչացող գուցե մի հեռուստասերիալ նկարի, ասենք, «Գարեգին Նժդեհը» վերնագրով, կամ մի հոգեպես անճոռնի որոշի հիփ-հոպ կարդալ Նժդեհի անունով ու կոչի դա մշակույթ: Սա՞ չէ այսօրվա մշակույթ կոչվածը, սա՞ չէ այսօրվա ստամոքսի արքայությունը:
Կամ ո՞վ գիտե, գուցե ինչ-որ մի ուրիշ տիեզերքում ինչ-որ բան պայթի ու ամեն ինչ նորից ընկնի իր տեղը: Թո՜ղ հիփ- հոպ երգողներն ու հեռուստասերիալ նկարողները սպասեն այդ պայթյունին, իսկ այն քչերը, որոնք գիտակցականի վերամբարձ դիրքից կարողություն կունենան նայելու երեւույթների այս խառը տարերքին… նրանց մնում է սեփական ստեղծագործությամբ վերակոչել այնպիսի ուժեր, որոնց մասին չէին էլ երեւակայել մեր ցեղի փառապանծ հանճարները:
Ի զորո՞ւ են, արդյոք, այդ քչերը վառ պահել մեր նախնիների ստեղծագործ կրակը: Առաջին հայացքից թվում է, թե հայացք նետելով դեպի ներկան, կարող ենք միայն հուսահատության հոգոց հանել ու ծանր լռության կրավորականությամբ նայել ապագային: Սակայն այդ քչերը գոյություն ունեն, եւ քանի դեռ դա այդպես է, կյանք կունենա այն ներուժը, որը կենսավորում է մեր նյութական գոյությունը:
Այդ քչերի որոնման ճանապարհին մենք այցելեցինք ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետ: Այնտեղ է, որ հանդիպեցինք երիտասարդների, որոնք, հակառակ տիրող մտայնությանը, հույս կարող են ներշնչել առ նոր մշակութային վերածնունդ: Այսպես, անդրադառնալով մեր ժամանակներում ստամոքսային իրականության գերիշխանությանը, նժդեհագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը մի առիթով նշեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չենք դիտարկում մեր անձը, որպես միջոց ազգի համար: Անձը միջոց է, ցեղը՝ նպատակ. սա է գրում Նժդեհը եւ իր անձով ծառայում որպես դրա վառ օրինակ: Մենք կհասնենք մեր մշակույթի ճանաչմանը այն ժամանակ, երբ դուրս մղենք մեր ներսից եսապաշտին ու վերականգնենք մեր ընդհատված կապը ցեղի ոգու հետ»:
Նույն հարցի մասին առավել հետաքրքիր արտահայտվեց նույն ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Մոսինյանը: «Դուք ասում եք երկու իրականությո՞ւն, – անկեղծորեն զարմացավ նա:- Ախր իրականը հենց միայն մշակույթն է, այն երկրորդը սոսկ իրային աշխարհ է, ոչ թե իրական: Այն ուղղակի պատահականություն է եւ պետք է ենթարկվի վաղվա հայ մարդու ստեղծագործությանը»:
Ի՞նչ կլինի այս ամենի վերջը… կապրենք, կտեսնենք:


















































