Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիշխանությունը պահպանվում է

Մարտ 17,2011 00:00

\"\"Մոնտե Կարլոյում ընթացող «Amber Chess Tournament» շախմատի ավանդական՝ 20-րդ գերմրցաշարը շարունակվում է: Այստեղ առայժմ կայուն ու վստահ են հանդես գալիս գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, որոնք էլ հավասար միավորներով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Չորրորդ տուրում Արոնյանը հանդիպեց աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Ուկրաինայի լավագույն շախմատիստ, բազմափորձ Վասիլի Իվանչուկի հետ: «Կույր» շախմատում սպիտակներով խաղացող հայաստանցին բավարարվեց կես միավոր վաստակելով: Նույնպիսի արդյունք գրանցվեց Լեւոնի հիմնական մրցակցի՝ Մագնուս Կարլսենի եւ մրցաշարի ամենակրտսեր մասնակից, հոլանդացի Անիշ Գիրիի պայքարում: Այնուհետեւ զույգերը փոխեցին խաղաքարերի գույները եւ մրցեցին «արագ» շախմատում: Այստեղ արդեն թե Արոնյանը, թե Կարլսենն ապացուցեցին իրենց առավելությունը՝ հաղթանակ տոնելով եւ երկուսն էլ ընդհանուր առմամբ 1,5 միավոր վաստակեցին:
Չորս տուրից հետո «կույր» շախմատում առաջատարը Լեւոն Արոնյանն է՝ 3,0 միավորով: Նույնքան միավոր իր անվան դիմաց գրանցել է նաեւ երկրորդ տեղում ընթացող Ալեքսանդր Գրիշչուկը: «Արագ» շախմատում մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Կարլսենը, որը կես քայլ առաջ է 3,0-ական միավոր վաստակած եւ հաջորդաբար իրեն հետապնդող Լեւոն Արոնյանից, Վիշվանաթան Անանդից եւ Վեսելին Տոպալովից: Իսկ գումարայինով մրցաշարում երկիշխանությունը պահպանվում է:
1. Լեւոն Արոնյան, Հայաստան, 6,0 միավոր,
2. Մագնուս Կարլսեն, Նորվեգիա, 6,0,
3. Վիշվանաթան Անանդ, Հնդկաստան, 5,5,
4. Ալեքսանդր Գրիշչուկ, Ռուսաստան, 4,5,
5. Վուղար Հաշիմով, Ադրբեջան, 4,0,
6. Վեսելին Տոպալով, Բուլղարիա, 4,0,
7. Հիկարու Նակամուրա, ԱՄՆ, 4,0,
8. Սերգեյ Կարյակին, Ռուսաստան, 4,0,
9. Բորիս Գելֆանդ, Իսրայել, 3,5,
10. Վլադիմիր Կրամնիկ, Ռուսաստան, 2,5,
11. Անիշ Գիրի, Հոլանդիա, 2,0,
12. Վասիլի Իվանչուկ, Ուկրաինա, 2,0:
Մեկօրյա հանգստից հետո շախմատիստներն այսօր վերսկսում են պայքարը: Հինգերորդ տուրում Արոնյանը սկզբունքային մրցակից ունի՝ ադրբեջանցի Վուղար Հաշիմովը: Մյուս զույգերն են. Իվանչուկ-Կարլսեն, Գիրի-Նակամուրա, Անանդ-Կարյակին, Տոպալով-Գրիշչուկ, Կրամնիկ-Գելֆանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել