Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ ՆՇԱՆ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 25,2011 00:00

\"\"Մինչ կրթության եւ գիտության նախարարությունը չի շտապում հրապարակել ունեցած տեղեկությունը, Էջմիածնում խոսում են, որ պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ քրգործով անցնող տնօրենը նշանակվելու է մարզպետարանի կրթության վարչության պետ:

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրել է փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին եւ մարտի 1-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրենը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր այս մեղադրանքները: Հրապարակումներից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարը խիստ նկատողություն հայտարարեց տնօրեն Սուսաննա Նազարյանին, Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը քրեական գործ հարուցեց տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ: Բայց Սուսաննա Նազարյանը դեռ տնօրեն է: Տպավորություն ստեղծվեց, որ պատկան կառույցները աչքակապոցի են անում ու ձեւական քայլեր: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս առթիվ հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքից եւ քրեական գործի ավարտից է կախված տնօրենի ճակատագիրը:

Որ տեսչական ստուգման արդյունքներն են որոշելու տնօրենի ճակատագիրը՝ հասկանալի է: Այլ հարց է՝ որքանո՞վ են տեսուչներն անաչառ, եթե նկատի ունենանք Նազարյանի հայտարարությունը, թե՝ ստուգումներից հետո դպրոցի պատիվը բարձրանալու է:

Թեեւ դպրոցի աշակերտների ծնողների հետ հանդիպման ժամանակ Աշոտյանը ասել էր, որ ինքն ավելին գիտի տնօրենի մասին, քան մամուլով ներկայացվում է, թեեւ տեսչական ստուգումները վաղուց են ավարտվել, եզրակացությունն էլ վաղուց պատրաստ է, բայց, չգիտես ինչու՝ նախարարությունը չի շտապում այն հրապարկել: Որ Արմեն Աշոտյանը մամուլի հրապարակումներին ամենաարագ արձագանքող նախարարներից է, դրանում բազմիցս ենք համոզվել ու այս դեպքում նրա դանդաղկոտությունը տարաբնույթ ասեկոսեների պատճառ է դարձել: Էջմիածնում խոսակցություններ են շրջանառվում: Ասում են՝ հանրապետական Սուսաննա Նազարյանը Հանրապետական կուսակցության ներսում հովանավոր ունի, ով Աշոտյանին «չորով» արգելել է նեղացնել դպրոցի տնօրենին ու այսօր նախարարը փորձում է սահմանափակվել տնօրենին տված նկատողությունով, ինչի համար էլ չի շտապում հրապարակել տեսչական ստուգման արդյունքները: Կրթության եւ գիտության նախարարության մամուլի պատասխանատու Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ստուգման արդյունքը կհրապարակվի մարտի 28-ին կամ 29-ին, երբ նախարարը Վրաստանից վերադարձած կլինի:

Իսկ Սուսաննա Նազարյանի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը Էջմիածնից տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի քննչականի բաժնի վարույթ: Տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, գործի ընթացքի վրա հնարավոր ներգործությունը բացառելով է պայմանավորված. Սուսաննա Նազարյանի ամուսինը նախկին ոստիկան է եւ, բնականաբար, կապեր ու շփում ունի գործընկերների հետ: Էջմիածինցիներից ոմանք, սակայն, առանձնապես լավատես չեն: «Սա մի մաս է բեմադրված շոուից, այլապես մինչեւ հիմա հարցաքննված կլինեին գոնե այն երեք ուսուցչուհիները, որոնք աշխատավարձ են ստացել այն ամիսների համար, որոնց ընթացքում բացակայել են հանրապետությունից: Իրավապահներին հայտնի են եւ նրանց անունները, եւ ժամկետները, եւ այլ տվյալներ: Ինչո՞ւ չեն հարցաքննում, ի՞նչ հրահանգի են սպասում»,- ասաց գործին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Էջմիածինցիներին լավատեսության տեղ չի թողում նաեւ այն իրողությունը, որի մասին ահազանգել ենք մեկ ամիս առաջ. քրգործի հարուցումից հետո Սուսաննա Նազարյանը դեռ պաշտոնավարում է եւ հասու է բոլոր փաստաթղթերին: «Եթե այսքանից հետո տնօրենին գոնե ժամանակավոր չեն մեկուսացրել դպրոցից, ուրեմն՝ թափանցիկ ակնարկել են, որ կեղտերը մաքրի: Հետո էլ, երկրի նախագահը ոստիկանի նկատմամբ հավատի ու վստահության կոչ է անում: Եթե հարկային դաշտից դուրս գործող դպրոցի բուֆետի մասին այդքան ասվեց ու գրվեց ու դրանից հետո նույնիսկ հարկային մարմինը չբարեհաճեց դպրոց մտնել, սա ինչի՞ մասին է խոսում: Արդյո՞ք չի նշանակում, որ Սուսանը մենակ չէ իր մեքենայությունների մեջ, արդյո՞ք նա էլ մի գործիք չէ այլոց ձեռքին, արդյո՞ք իրեն բացահայտելուց հետո շատերի անունն էլ ջրի երես դուրս չի գա: Էլի՞ ասեմ: Եթե այս երկրում ամենափոքր մասշտաբի ղեկավարի հարցերն անգամ չեն կարողանում օրենքի սահմաններում լուծել, էլ ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքարի մասին են խոսում, ո՞ւմ աչքերին ենք թոզ փչում: Այսքանից հետո կարելի՞ է հավատալ, որ այս երկրում ինչ-որ բան կփոխվի: Ես չեմ հավատում եւ այս երկրի հետ էլ հույսեր չեմ կապում: Հույսս արտասահմանի հետ է, պատրաստվում ենք ընտանիքով հեռանալ»,- ասաց նախկին ուսուցիչներից մեկը:

Ու մինչ Աշոտյանը կուսակցական շահով է առաջնորդվում ու համառ լուրեր կան, որ տեսչական ստուգման արդյյունքում դպրոցը դրական լույսի տակ կներկայանա ու քրեական գործն էլ կկարճվի, ասենք՝ հանցակազմի բացակայության պատճառով: Էջմիածին քաղաքի 2-րդ դպրոցի անխորտակ ղեկավարը շարունակում է հաշվեհարդարը բոլոր նրանց դեմ, ովքեր իր արածների մասին պատմել են լրագրողներին: «Անունն անպայման մաքրելու է, որ մարզպետարանի կրթության վարչության պետ դառնա»,- թերեւս չուզելով ու ակամա անկեղծացավ տնօրենի մերձավոր շրջապատի ուսուցչուհիներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել