Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻՐՄԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 70 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Մարտ 26,2011 00:00

\"\"Ավելի քան 70 մարդ է զոհվել Բիրմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում: BBC-ի փոխանցմամբ, ստորգետնյա 6,8 բալանոց ցնցումների էպիկենտրոնը եղել է Թաիլանդի եւ Լաոսի սահմանակից Չիանգրայ քաղաքից 110 կմ հեռու գտնվող տարածքում: Ցնցումները զգացվել են նաեւ էպիկենտրոնից 800 կմ հեռավորության վրա՝ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում եւ վիետնամական Հանոյում:
Նախապես հաղորդվել է երկու ստորգետնյա ցնցման մասին, որոնք տեղի են ունեցել գրեթե միաժամանակ, բայց ավելի ուշ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը պարզաբանել է, որ եղել է մեկ, բայց հզոր ցնցում, որը ունեցել է համեմատաբար ոչ մեծ՝ 10 կիլոմետր խորություն:
Բիրմայի պետական ռադիոյի հայտարարությամբ, զոհերի թիվը ամենաքիչը 75-ն է, վիրավորներինը՝ ավելի քան 100-ը: Երկրաշարժի հետեւանքով փլվել է 244 շինություն, վնասվել 14 բուդդայական մենաստան եւ 9 կառավարական շենք: Ճանապարհներին գոյացել են խոշոր ճեղքեր, բրնձի դաշտերը ջրասույզ են եղել: Կառավարական թերթերը հաղորդել են նաեւ Թարլայ քաղաքում 15 տների փլուզման մասին: Մեծ թվով շենքեր, հիվանդանոցներ ու ճանապարհներ լրջորեն վնասվել են, եւ դա դժվարացնում է տուժած շրջաններ մուտք գործելը: Հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ կարող է պահանջվել տարերային աղետի հասցրած վնասները գնահատելու համար:
BBC-ի թղթակցի ասելով, Բիրման տարերային աղետների դեմ պայքարին վատ է նախապատրաստված, վատ են զարգացած կապն ու ենթակառուցվածքները, իսկ երկրի զինվորական իշխանությունները սահմանափակում են տեղեկատվության հոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել