Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում վերելակներ են թալանում

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Մինչ քաղաքապետարանը փորձում է հնում թալանված վերելակները նորոգել

Շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում օրը ցերեկով թալանել են Ռաֆայել Մինասյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկի վերելակը: Բնակիչների պատմելով, առավոտյան եւ կեսօրին օգտվել են վերելակից, բայց կեսօրից հետո պարզվել է, որ վերելակը չի աշխատում: Վերելակի խափանման պատճառը իմանալու «ուսումնասիրությունից» է պարզվել, որ վերելակից պահեստամասեր են գողացել: Գողացել են այնպիսի պահեստամասեր, որոնց մեջ պղնձանյութ կամ այլ գունավոր մետաղներ կան: Շենքի բնակիչներն արդեն 3 օր է՝ ինչ ոտքով են բարձրանում բարձր հարկեր եւ խիստ վրդովված են: «էսքան ժամանակ վերելակ չէին թալանել, սա առաջին դեպքն է: Լսել էինք, որ քաղաքի այլ թաղամասերում վերելակներ են թալանում, բայց համոզված էինք, որ մեր վերելակը չեն կարող թալանել, քանի որ դուռը կողպված է բանալիով, բայց դե օրը ցերեկով եկել են անձայն գողացել շարժիչի մեջի սարքը: Մենք պիտի ստիպված շենքի բնակիչներով գումար հավաքենք եւ նոր պահեստամաս առնենք, բայց այս դեպքում արդեն ազդանշանային սարք ենք դնելու, որ գողություն անողին տեղում բռնացնենք»,- ասում է Ռաֆայել Մինասյան 14 շենքի բնակիչներից մեկը:
Կապանում վերելակների թալանը զանգվածային բնույթ է կրում վերջերս: Նման դեպքեր են եղել քաղաքի մի շարք թաղամասերում: Ըստ «Կապանի վերելակային տնտեսություն» ՍՊԸ տնօրեն Հուսիկ Հայրապետյանի՝ 4 վերելակի թալանման մասին հայտարարվել է, բայց թալանված վերելակների թիվն ավելի շատ է՝ մոտ 15-20: «Ես գրավոր զեկուցագրով տեղյակ եմ պահել Կապանի քաղաքապետարանին, ինչպես նաեւ ոստիկանության Կապանի բաժնին: Հիմնականում գողանում են այնպիսի էլեկտրասարքավորումներ, որոնք գունավոր մետաղներ են պարունակում. Հալիձորի 18, Հունան Ավետիսյան 1 շենքի 5-րդ մուտքի վերելակը, Ռաֆայել Մինասյան 11 եւ 15 շենքերի վերելակները եւ այլն»,- ասում է վերելակային տնտեսության տնօրենը: Պատերազմական տարիներից հետո նման դեպքեր Կապանում չեն հիշում: Առանց այն էլ մեծ խնդիր էր նախկինում թալանված վերելակների նորոգումը, գումարների սղության պատճառով դրանցից շատերը մինչեւ այսօր չեն նորոգվել: Այս պահին մարզկենտրոնում կա 156 վերելակ, որից 117-ն է աշխատում, իսկ մնացած 38-ը պատերազմի տարիներից լիովին թալանված են: Կամ պետք է հիմնանորոգվեն, կամ փոխարինվեն նորերով: Այս տարի համայնքային բյուջեից այս նպատակին 10 միլիոն է հատկացվել: Ըստ Հուսիկ Հայրապետյանի՝ այդ գումարով հնարավոր կլինի նախկինում թալանված վերելակներից ընդամենը 4-ը նորոգել: Իսկ անցած տարի քաղաքապետարանը հատկացրել էր 26 միլիոն դրամ, որով բարձրահարկ շենքերում մասնակի նորոգվել է 20 եւ հիմնանորոգվել 4 վերելակ:
Կապանի մի շարք շենքերում կան նաեւ մեծ չափերի (բեռնատար) չաշխատող վերելակներ: Սրանք խորհրդային տարիների արտադրության են, հիմա դրանցից չեն արտադրում եւ դրանց պահեստամասեր ձեռք բերելն արդեն անհնար է դարձել: Այստեղ հարցի լուծման միակ տարբերակը հին ու արտադրությունից դուրս մնացած վերելակները նորով փոխարինելն է, որը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում:
Այսօր Կապանի մոտ 4 տասնյակ թալանված վերելակներին ավելանում են նորերը՝ վերջին օրերին Կապանում տեղի ունեցող գողությունների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել