Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՍՏԱՑՎԱԾ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"Հայ մարզասերները գոնե Պեկինի օլիմպիական խաղերից հետո դժվար թե ամենաբարձր կարգի պաշտոնական առաջնություններում եւ միջազգային խոշորագույն մրցաշարերում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի այսքան չստացված մրցելույթներ հիշեն, որքան Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնությունում: Մեր տղաները, որպես կանոն, որտեղ էլ մրցագորգ են մտել, կարողացել են հնչեցնել Հայաստանի օրհներգը կամ դրոշը բարձրացնել:
Ստամբուլում մեր ըմբիշների առջեւ ոչ այնքան մեդալ նվաճելու խնդիր էր դրված, որքան 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճելու: Եվ այդ առաջադրանքը միանգամայն իրականանալի էր, երբ նայում ենք մեր ընտրանու կազմը. օլիմպիական բրոնզե մեդալակիրներ, տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ… Բայց արի ու տես, որ քառամյակի գլխավոր ստուգատեսի՝ օլիմպիական խաղերի մասնակցության առաջին ու, թերեւս, ամենակարեւոր մեկնարկում մեր անվանիները, որոնց հետ էին կապված հիմնական ակնկալիքները, մեկը մյուսի հետեւից ձախողվեցին: Ճիշտ է, երեկ, երբ գրվում էր այս նյութը, դեռ մրցագորգ չէր մտել մեր վերջին հույսը՝ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ նախորդ օրը 84 կգ քաշային Արթուր Շահինյանը հենց մեկնարկային գոտեմարտում պարտվեց: Երկու հաղթանակ տանելուց հետո նրան ընկերակցեց նաեւ Վահան Ջուհարյանը (60 կգ): Իսկ Յուրի Պատրիկեեւը, որքան հիշում ենք, դեռ երբեք չէր հայտնվել «սփոփիչ մրցաշարի» մասնակիցների ցուցակում: Առավել եւս, չենք հիշում, որ նա միեւնույն օրը երկու պարտություն կրի: Թեեւ, հանուն արդարության, պիտի նշենք, որ Յուրան երրորդ շրջանում զիջեց իր ամենաանհարմար մրցակցին՝ աշխարհի արդեն նախկին չեմպիոն կուբացի Նունյեզ Լոպեսին:
Սպորտում պարտություններից ոչ ոք ապահովագրված չէ ու դա բնական երեւույթ է: Պարտություններից, այս անգամ՝ պատվո պատվանդան չբարձրանալուց ողբերգություն չենք սարքում. այդպես էլ է լինում: Պարզապես, ափսոսում ենք, որ մեր վեց ըմբիշներ տեղ չզբաղեցրին օլիմպիական վարկանիշ ապահովող առաջին հնգյակներում ու հիմա հարկադրված են ջանք ու եռանդ չխնայել այսօրվա բաց թողածը լրացնել առաջիկա վարկանիշային մրցաշարերում: Իսկ հավաքականի ընդհանուր մասնակցությունը, թերեւս, կարելի է չստացված գնահատել, քանի որ մեկնումից առաջ մարզիչները պլանավորել էին մինչեւ չորս օլիմպիական ուղեգիր բերել: Միայն Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակը կարող էր պարզերես անել:
Ստամբուլում հանդես էին գալիս նաեւ հունահռոմեական ոճի հայազգի այլ ըմբիշներ, որոնք, սակայն, ներկայացնում էին տարբեր երկրներ: Մասնավորապես, 55 կգ քաշային կարգում 22-րդ տեղը գրաված Էդվարդ Բարսեղյանը ներկայացնում էր Լեհաստանը, Ալբերտ Բաղումյան-Աղասարյանը (32-րդ)՝ Իսպանիան, 66 կգ քաշում հանդես էին գալիս 26-րդ հորիզոնականում հանգրվանած Շարուր Վարդանյանը (Շվեդիա) եւ Արմեն Վարդանյանը (32-րդ տեղ, Ուկրաինա), ինչպես նաեւ Իսրայելի հավաքականի անդամ, 96 կգ քաշային Ռոբերտ Ավանեսյանը (12-րդ տեղ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել