Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Վարչական դատարանում երեկ դատավորի հարցադրումներից ակնհայտ էր, թե վճիռը չի լինելու ի նպաստ «Ա1+»-ի

Ընդամենը 2 ժամ տեւեց երեկ Վարչական դատարանում դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ ընդդեմ ՀՌԱՀ-ի «Ա1+»-ի հայցի ըստ էության քննությունը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը պահանջում է չեղյալ համարել ՀՌԱՀ այն որոշումը, որով 2010-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց «Արմնյուզ»-ը:
Դատական նիստում ՀՌԱՀ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը մեջբերեց «Ա1+»-ի մրցութային հայտում կեղծ համարվող փաստաթղթերից մեկից՝ Բելիզի «Rogeston Logistics» ՍՊԸ-ի խոստումը, թե 65 հազար դոլարին համարժեք տեխնիկական միջոցների աջակցություն է ցուցաբերելու «Ա1+»-ին: Այն սկսվում է այսպես. «Արձագանքելով ձեր նամակին…»: Եվ հետաքրքրվեց, թե եղե՞լ է արդյոք խնդրանք այդ ընկերությանը՝ գումար ներդնելու վերաբերյալ: «Ա1+»-ի ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանի պատասխանը բացասական էր: ՀՌԱՀ ներկայացուցիչը պարզաբանեց հարցի նպատակը. «Եթե այդպիսի նամակ եղած լիներ՝ ուղղված գոյություն չունեցող ֆիրմային, ապա արդեն իսկ պարզ է, թե հայցվոր կողմն ի սկզբանե տեղյակ է եղել, որ այդպիսի ընկերություն չի եղել»: Ե՛վ «Ա1+»-ի ներկայացուցիչ փաստաբանը, ե՛ւ «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը հայտարարեցին, թե իրենց համար հետագայում է պարզ դարձել, որ չկան նման կազմակերպություններ: Վերջիններս անգամ չեն արձագանքել կատարվածը պարզաբանելու վերաբերյալ «Ա1+»-ի փորձերին:
«Որ մի քիչ շուտ իմանայիք՝ ի՞նչ էր տեղի ունենալու»,- հետաքրքրվեց դատավորը: «Մենք հնարավորություն կունենայինք այլ ֆինանսական միջոցների մասին հավաստագրեր ներկայացնել,- պատասխանեց Ալեքսանդեր Սահակյանը:- Հնարավորություն չի տրվել, որ կատարված սխալը շտկվի»: Իսկ ՀՌԱՀ ներկայացուցիչն այս կապակցությամբ նշեց, թե «Ա1+»-ն իր հայտը ներկայացրել էր փակ ծրարում, ուստի մինչ փաթեթի ներկայացումը իրենք չէին կարող իմանալ, որ այնտեղ կան կեղծ փաստաթղթեր: Նաեւ հիշեցրեց, որ իր բիզնես ծրագրում «Ա1+»-ը գոյություն չունեցող 2 ՍՊԸ-ները ներկայացրել էր իբրեւ «աշխարհահռչակ ընկերություններ», որոնք մասնաճյուղեր ունեն մի շարք երկրներում, եւ հավելեց. «Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր այդպիսի փորձառու լրագրողական կազմ ունեցող ընկերությունը, եթե անգամ ընդունենք այն դիրքորոշումը, թե հանգանակության շրջանակում էին եկել այդ հավաստագրերը եւ իրենք ցանկանում էին օգտագործել այնտեղ նշված գումարները՝ թեկուզ համացանցի միջոցով որեւէ ճշտում չկատարել, թե կա՞ն արդյոք այդ ընկերությունները կամ չկան»:
Դատավարության ընթացքում էլ «Ա1+»-ի ներկայացուցիչը պնդեց, որ ՀՌԱՀ-ը մի դեպքում հարցումներ է կատարել, իսկ մեկ այլ դեպքում անգործություն դրսեւորել ու չի փորձել պարզաբանումներ ստանալ ֆրանսիական «Sos-camping loisirs» ընկերության տնօրեն Աննա Տանելյանի հավաստագրի որոշ անհստակությունների վերաբերյալ. «Մենք՝ տարբեր գործարարներ, կազմակերպություններ եւ բարերարներ, մոբիլիզացրել ենք մեր միջոցները ապագայում «Ա1+» ընկերության մեջ 280 000 եվրոյի ներդրում կատարելու»: ՀՌԱՀ ներկայացուցիչը վերստին ընդգծեց, թե թվարկված չէ՝ ովքեր են այդ տարբեր գործարարները: «Դա ձե՛ր խնդիրը չէ, ի՛մ խնդիրն է»,- արձագանքեց Մեսրոպ Մովսեսյանը:
Եթե Աննա Տանելյանի տրամադրած ու հետո վերահաստատած փաստաթուղթը եւս «ոչ արժանահավատ» չհռչակվեր ՀՌԱՀ-ի կողմից՝ «Ա1+»-ի ներկայացրած միջոցները բավարար կլինեին մրցութային հայտում ներառված ծրագիրն իրականացնելու համար: Այս մասին դատավորը 3-4 անգամ հարց հնչեցրեց, եւ ամեն անգամ Ալեքսանդեր Սահակյանը տվեց դրական պատասխան. «Աննա Տանելյանի այդ նշված միջոցները, ինչպես նաեւ «Մելտեքս» ՍՊԸ-ի միջոցները, հիմնադիր տնօրենի անձնական միջոցները լրիվ բավական էին ծրագիրն իրականացնելու համար»: Արգիշտի Ղազարյանը հետաքրքրվեց. «Եթե դրանք բավարարում էին՝ մյուս երաշխավորությունները ներկայացնելն ինչո՞վ էր պայմանավորված»: Փաստաբանը պատասխանեց. «Շատ լինի՝ քիչ չլինի սկզբունքով են առաջնորդվել»:
Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին, 14.55-ին: Սակայն դատավորի հարցադրումների ուղղվածությունից արդեն ակնհայտ էր նրա կայացնելիք որոշումը: Ճիշտ է, նա նաեւ (ըստ էության պատասխան չստացած) մի քանի հարցեր ուղղեց, թե ինչո՞վ է «Արմնյուզի» ներկայացրած երաշխիքը՝ «Ամերիա» բանկի առեւտրային վարկ տրամադրելու մասին պատրաստակամությունը, ավելի արժանահավատ «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերից, ՀՌԱՀ-ն ունի՞ երաշխիք, թե այն կբավարարի առեւտրային վարկ ստանալու պայմաններին, արդյոք ֆինանսական երաշխիքների ստուգման առումով ցուցաբերվե՞լ է հավասարաչափ մոտեցում: Բայց առավել շատ էին «Ա1+»-ի ներկայացուցչին ուղղված հարցադրումների միջոցով արտահայտվող հաստատումները, թե «ոչ ճիշտ տեղեկությունների հիման վրա են ձեզ մերժել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել