Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՆ» ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՄԱՄԲ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ

Սեպտեմբեր 17,2011 00:00

Երեկ առավոտյան «Արմավիա» ընկերության աշխատակիցների մի խումբ բողոքի ակցիա է անցկացրել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի խմբագրության մոտ։ Պատճառը ՉԻ-ում epress.am-ին հղում կատարելով  արտատպված այն տեղեկությունն էր, որտեղ այսպիսի ձեւակերպում է եղել՝ արդյոք «Արմավիան» զե՞նք է մատակարարում Լիբիային: Բողոքի ակցիայի պահին խմբագրատունը փակ է եղել, իսկ ավիաընկերության աշխատակիցները պահանջել են հերքում տպագրել եւ ներողություն խնդրել տարածած ապատեղեկատվության համար:
Ավելի ուշ «Ա1+»-ի «Հետգրություն» (P.S.) հաղորդաշարում հյուրընկալված «Արմավիա» ընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովը հայտարարել է, թե մտադիր է զրպարտության մեղադրանքով դատի տալ այն լրատվամիջոցին, որը լուր է տարածել, թե իր ընկերության ինքնաթիռը Լիբիայից զենք է տեղափոխել Մոլդովա, «Արմավիան» կապ չունի եւ չէր կարող ունենալ Լիբիայից զինամթերքի տեղափոխման հետ կապված լուրերի հետ»:
Ըստ այդ հրապարակումների,  Մոլդովայի ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Դոմինիկը հրաժարվել է բացատրություններ տալ այն մասին, թե ո՞ւր է տեղափոխվելու այն զենքն ու զինամթերքը, որը Լիբիայից ինքնաթիռով ուղարկվել է Քիշնեւ: Մոլդովացի գեներալը, սակայն, ասել է, որ ինքնաթիռը, որի միջոցով զենք եւ զինամթերք է տեղափոխվել, Մոլդովա է ժամանել Բենղազիից, լատվիական մի ընկերության պատվերով, եւ պատկանում է «հայկական ավիաընկերություններից մեկին»։
«Լրագրողներն ինչ-որ բան գրելու ժամանակ ոչ միշտ են մեղսունակ լինում: Կարծում եմ՝ այն լրագրողը, որը նման բան է գրել, գտնվել է անմեղսունակ վիճակում»,- հայտարարել է Բաղդասարովը՝ հավելելով, որ «Արմավիան» չունի ԻԼ-76 մակնիշի ինքնաթիռ եւ, առհասարակ, չի զբաղվում բեռնափոխադրումներով: «Ինչ-որ գեներալ ինչ-որ տեղ ասել է, որ Մերձբալթիկայի ուղղությամբ հայկական օդանավ է մեկնել, թերթերն էլ ենթադրություն են արել, թե դա կարող էր լինել միայն «Արմավիան»,- «Ա1+»-ին ասել է Միքայել Բաղդասարովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել